2022/2023 ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՌԿԱ ՈւՍՈւՑՄԱՆ ԸՆԴՈւՆԵԼՈւԹՅԱՆ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԳԻՏՈւԹՅՈւՆՆԵՐԸ ԵՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԵՐԸ

Հարգելի՛ դիմորդներ, ձեզ ենք ներկայացնում Գավառի պետական համալսարանի 2022-2023 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության մագիստրոսի կրթական ծրագրի մասնագիտություններն ու ուսման վարձերը։

https://gsu.am/wp-content/uploads/2022/04/mag.pdf

 

 

 

2022/2023 ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՌԿԱ ՈւՍՈւՑՄԱՆ ԸՆԴՈւՆԵԼՈւԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԳԻՏՈւԹՅՈւՆՆԵՐԸ, ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԵՐԸ

Հարգելի՛ դիմորդներ, ձեզ ենք ներկայացնում Գավառի պետական համալսարանի 2022-2023 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության բակալավրիատի կրթական ծրագրի մասնագիտությունները, ընդունելության քննությունները և ուսման վարձերը։

 

https://gsu.am/wp-content/uploads/2022/04/22-23-%D5%B8%D6%82%D5%BD-%D5%BF%D5%A1%D6%80%D5%BE%D5%A1-%D5%A1%D5%BC%D5%AF%D5%A1-%D5%A2%D5%A1%D5%AF%D5%A1%D5%AC%D5%A1%D5%BE%D6%80%D5%AB-%D5%BE%D5%A1%D6%80%D5%B1%D5%A5%D6%80.pdf

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՎ ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի ֆոնդը համալրվեց Գավառի պետական համալսարանի հրատարակած գիտական հոդվածների ժողովածուների՝ Սուրբ Էջմիածնի Մատենադարանում բացակա համարներով:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանի տնօրենությունը շնորհակալությունն է հայտնում ԳՊՀ ռեկտորատին:
Հավատացած ենք, որ սկիզբ առած համագործակցությունը շարունակական բնույթ կունենա:

ԳՊՀ ԴԱՍԱԽՈՍԸ՝ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՎԵՅՐՈՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Եվրոպական միության «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի «Կառավարման և ֆինանսներ» ամբիոնի դասախոս,  տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Գայանե Խաչատրյանը մեկշաբաթյա դասախոսական աշխատանք կատարեց Պորտուգալիայի Հանրապետության Ավեյրոյի համալսարանում:

ԳՊՀ դասախոսը հանդես եկավ ութժամյա դասախոսություններով, որոնց թեմաներն առնչվում էին ֆինանսական համակարգին, բյուջեին, հարկերին և հարկային քաղաքականության առանձնահատկություններին։

ԳՊՀ դասախոսը ծանոթացել է նաև Ավեյրոյի համալսարանի տնտեսագիտության, կառավարման, արդյունաբերական ճարտարագիտության և զբոսաշրջության ֆակուլտետի ուսումնական գործընթացին, դասավանդման մեթոդներին, գրադարանում առկա մասնագիտական գրականությանը:

Դասախոսական աշխատանքից բացի, Գ․ Խաչատրյանը մասնակցել է նաև   տնտեսագիտության, կառավարման, արդյունաբերական ճարտարագիտության և զբոսաշրջության ֆակուլտետում գիտահետազոտական աշխատանք կատարողների կողմից հաշվետվությունների ներկայացմանը և քննարկմանը։ Ավեյրոյի համալսարանի դասապրոցեսի ընթացքում կիրառվող մեթոդաբանությանը և առանձնահատկություններին ծանոթանալու նպատակով մասնակցել է դասախոսների կողմից անցկացվող դասերին՝ դասալսումների ձևով։

Գայանե Խաչատրյանը  դասախոսական կազմի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է Գավառի պետական համալսարանի ուսումնական գործընթացի առանձնահատկությունները։

Կարևորելով նմանօրինակ ծրագրերը՝ ԳՊՀ դասախոսը նշեց, որ դրանք էապես նպաստում են անձի մասնագիտական և անձնային աճին, օտար լեզվի բարելավմանը և հնարավորություն ստեղծում ծանոթանալու եվրոպական բուհերի ուսումնագիտական գործընթացի առանձնահատկություններին։

 

ԳՊՀ-ՈՒՄ ԱՎԱՐՏՎԵՑ ՏՎՅԱԼԱԳԻՏՈՒԹՅԱՆԸ  ՆՎԻՐՎԱԾ  ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ  ԴԱՍԸՆԹԱՑԸ

Ավարտվեց Գավառի պետական համալսարանի կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթացը՝ նվիրված տվյալագիտությանը։

Ծրագրում ներառված էր ինտերակտիվ դասախոսությունների շարք, որի նպատակն էր զարգացնելու մասնակիցների մասնագիտական գիտելիքները տվյալագիտության, տվյալների ինտելեկտուալ վերլուծության վերաբերյալ։ Դասընթացին մասնակցեցին դասախոսներ, ուսանողներ, շրջանավարտներ, ուսուցիչներ և թեմայով հետաքրքրված մասնագետներ։

Ծրագրի համակարգողն էր Գավառի պետական համալսարանի ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու Վարազդատ Ավետիսյանը:

Դասընթացի մշակման աշխատանքներն իրականացրել են Արփինե Կոզմանյանը /Capgemini Engineering, տվյալագետ, Իտալիա/, Թամարա Բաբայանը /Բենթլիի համալսարան, պրոֆեսոր, ԱՄՆ/, Չինար Մովսիսյանը /Manot, գործադիր տնօրեն, Հայ-Ռուսական համալսարանի դասախոս/։

Դասընթացը վարեց Արփինե Կոզմանյանը, ով իրական աշխատաշուկայի  պատվերների օրինակներով անդրադարձ կատարեց տվյալագիտության ոլորտում նախագիծ իրականացնելու փուլերին, տվյալների հետ աշխատելու, ինտելեկտուալ վերլուծության առանձնահատկություններին, մեթոդներին և միջոցներին։

Փորձագետը կիսվեց իր հարուստ աշխատանքային փորձով, ինչպես նաև խորհուրդներ տվեց մասնակիցներին՝ տվյալագիտության ոլորտում աշխատելու վերաբերյալ։

ԳՊՀ ռեկտորատը շնորհակալություն է հայտնում դասընթացավար Արփինե Կոզմանյանին, ինչպես նաև Թամարա Բաբայանին և Չինար Մովսիսյանին՝ արդյունավետ աշխատանքի համար։

 

 

ՍՊՈՐՏԸ՝ ՀԱՆՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ

«Սպորտի միջազգային օր՝ հանուն զարգացման և խաղաղության» տոնական օրվա առիթով Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում /ՀՖԿՍՊԻ/ տեղի ունեցավ «Սպորտի և առողջ ապրելակերպի արդի միտումները» թեմայով կլոր սեղան–քննարկում՝ Հայաստանի բուհերի ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի ղեկավարների, դասախոսների, ՀՖԿՍՊԻ ռեկտոր Դավիթ Խիթարյանի, պրոռեկտորների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Գավառի պետական համալսարանից քննարկմանը մասնակցեց  Բնագիտության և առողջ ապրելակերպի ամբիոնի դասախոս Վահան Սարգսյանը։

ՀՖԿՍՊԻ սպորտային տուրիզմի և փրկարարական գործի ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Սուրեն Դանիելյանը հանդես եկավ «Սպորտային տուրիզմը կրթության ոլորտում» թեմայով, Սպորտի կառավարման և մարկետինգի ամբիոնի դասախոս Գևորգ Բաղդասարյանի ելույթի թեման էր «Մարկեթինգի դերը ժամանակակից սպորտում», Ֆիզիկական վերականգնման (կինեզիոլոգիա) ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու Վարդան Աբովյանը հանդես եկավ «Ապրելակերպի բժշկություն», իսկ Մարզական լրագրության ամբիոնի դասախոս Վարվառա Հայրապետյանը՝ «Տեղեկատվական հարթակների դերը առողջ ապրելակերպի գաղափարների տարածման և զարգացման գործում» թեմայով։

Բանախոսները պատասխանեցին ներկաների բազմաթիվ հարցերին։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ՄԻՆՀՈ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՈՒՍԱՆԵԼՈՒ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, վարչական և ակադեմիական անձնակազմի հարգելի անդամներ, տեղեկացնում ենք, որ Եվրոպական Միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի և Պորտուգալիայի Մինհո համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ ԳՊՀ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներն հնարավորություն ունեն  2022-2023 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում՝ 5 ամիս ժամկետով ուսանելու, իսկ ակադեմիական և վարչական անձնակազմի անդամները՝ դասավանդելու կամ վերապատրաստվելու Մինհոյի համալսարանում:
Անգլերեն լեզվի B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Ծրագիրը շահառու ուսանողներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:

ԵՄ «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով  ՝ Application Guide ։

Ծրագրի դիմումներն ընդունվում են առցանց Application Form Peers — In (uminho.pt) :

Ուշադրություն՝ դիմումների ընդունման վերջնաժամկետը     2022թ. մայիսի 13 է։ 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին կամ զանգահարել 060-46-12-99 հեռախոսահամարով։

 

ԳԱՎԱՌԻ ԹԻՎ 2-ՐԴ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՕՐԸ

ԳՊՀդպրոցներ համագործակցության ծրագրի շրջանակում ս թ ապրիլի 9-ին համալսարանը հյուրընկալեց Գավառի թիվ 2-րդ միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներին՝ քիմիայի ուսուցչուհի Անժելա Խաչատրյանի ուղեկցությամբ։

Հյուրերը եղան ԳՊՀ ռեկտորատում, Ռուզաննա Հակոբյանի հետ քննարկեցին դեպի հաջողություն և երազանքների իրականացում տանող  ճանապարհները։ Աշակերտները ծանոթացան բուհի՝ Վարշամ Ավետյանի անվան պատմագիտական թանգարանի ցուցանմուշներին:

Համալսարանական օրվա երկրորդ մասը հյուրերն անցկացրին ԳՊՀ բնագիտության լաբորատորիայում՝ իրականացնելով հալոգեններին առնչվող լաբորատոր փորձեր։

Նրանք ԳՊՀ  բնագիտության, կենսաբանության և առողջ ապրելակերպի ամբիոնի դասախոս, քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարինե Ավետիսյանի և դեղագործական քիմիա բաժնի 2-րդ կուրսի ուսանողների հետ իրականացրին տարատեսակ փորձեր՝ «Փարավոնի օձ», «Քիմիական հրաբուխ», «Ոսկե անձրև», «Ծուխ առանց կրակի», օսլայի հայտնաբերումը յոդի միջոցով, քլոր-օրգանական միացությունների հայտնաբերումը բոցի գունափոխման օգնությամբ և այլն։

Աշակերտները մասնակցեցին նաև մարդու զգայարանների գործունեությանն առնչվող տեսողական խաբկանքի ստեղծման և հավասարակշռության համակարգի խախտման փորձերին։

Աշակերտների համալսարանական օրն ուսուցողական էր և հետաքրքիր։

ՄԵԿՆԱՐԿԵՑ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑԸ

Գավառի պետական համալսարանի իրականացրած մասնագիտական վերապատրաստման ծրագրերի շրջանակներում մեկնարկեց գրականության և բանահյուսության արդի հիմնահարցերին նվիրված առցանց դասընթաց՝ նախատեսված դասախոսական կազմի, ուսուցիչների, ուսանողների, բարձր դասարանների աշակերտների և ընդհանրապես գրականության ու բանահյուսության հարցերով հետաքրքրվողների համար։ Դասընթացի համակարգողներն են ԳՊՀ հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաչագան Գրիգորյանը և բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Առաքելյանը։

Առցանց եղանակով դասընթացին միացել էին Գավառի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, Գեղարքունիքի մարզի դպրոցների ուսուցիչներ, բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներ, շրջանավարտներ, գրականության և բանահյուսության հարցերով հետաքրքրվող անձինք։

Համալսարանի անունից մասնակիցներին ողջունեցին Ռուզաննա Հակոբյանը, պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը, բանասիրական ֆակուլտետի դեկան Թաթուլ Ասոյանը։

«Գրականության և բանահյուսության ուսումնասիրության հիմնախնդիրներն արդի փուլում» թեմայի շուրջ բովանդակալից բանախոսությամբ հանդես եկավ ԳՊՀ հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաչագան Գրիգորյանը, ով անդրադարձավ հայ գրականագիտության անցած ուղուն, հայտնի գրականագետներին և նրանց կատարած ուսումնասիրություններին՝ ներկայացնելով համապատասխան մեկնաբանություններ։

ԳՊՀ շրջանավարտ, միաժամանակ՝ ԳՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ագգագրության ինստիտուտի Բանագիտության, բանահյուսության տեսության և պատմության բաժնի գիտաշխատող Լուսինե Ղռեջյանը հետաքրքիր շնորհանդեսի միջոցով, պատկերավոր ներկայացրեց հայ բանագիտական մտքի զարգացման ընթացքը արդի ժամանակներում, մերօրյա անվանի գործիչների՝ հայ բանագիտական ոլորտում կատարած ուսումնասիրությունները, դրանց բնույթն ու ուղղվածությունը, վերջին երկու տասնամյակների հայ բանագիտության և բանահյուսության մատենագիտությունը։

Դասի ընթացքում հնչեցին հարցեր, ծավալվեց քննարկում։

Հավելենք, որ ս թ ապրիլի  14-ին, ժամը՝ 16:00-ին տեղի կունենա հաջորդ հանդիպումը՝ «Հայ ժողովրդական բանահյուսությունը բանագիտական մտքի գնահատմամբ» թեմայով, որը կվարի բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Լուսինե Ղռեջյանը։

Հանդիպմանը կարող եք միանալ հետևյալ հղումով


https://zoom.us/j/3897702958?pwd=WS9UblF1MjJqSSsrVFlNQjdaUG5CQT09

ԳՊՀ   ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ   ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ  ՎՊՀ  ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ  ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

Սույն թվականի ապրիլի 8-ին Գավառի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողները հեռավար մասնակցեցին Վանաձորի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերության կազմակերպած «Նոր հեռանկարներ ուսանողների գիտահետազոտական ներուժի զարգացման համար» խորագրով 11-րդ հանրապետական ուսանողական գիտաժողովին և հանդես եկան զեկուցումներով՝ հետևյալ թեմաներով.

​​​​​​1․ ԳՊՀ ուսանողական գիտական ընկերության նախագահ,  տնտեսագիտություն բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Արփի Միրիբյան և հաշվապահական հաշվառում /ըստ ճյուղերի/ բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Անահիտ Աբրահամյան՝ ‹‹ «AGILE» մեթոդաբանության կիրառումը բուհերում՝ կրթական գործընթացի բարելավման համատեքստում››,  

2․ ԳՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Ալլա Սարգսյան, գիտական ղեկավար՝  ԳՊՀ դասախոս, տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Գայանե Խաչատրյան՝ ‹‹Բազմաբնակավայր համայնքների ֆինանսական ապահովվածության և տնտեսական զարգացման առանձնահատկությունները ՀՀ-ում՝ խոշորացման գործընթացիհամատեքստում››,

3․ ԳՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի ֆինանսներ /ըստ ոլորտի/ բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Ռոզա Աբրահամյան, գիտական ղեկավար՝  Գայանե Խաչատրյան՝ ‹‹Բանկային համակարգի վերլուծությունը և զարգացման միտումները Հայաստանի Հանրապետությունում››,

4․ ԳՊՀ տնտեսագիտություն բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Լիլիա Բադիկյան, գիտական ղեկավար՝  տնտեսագիտական ֆակուլտետի դեկան, տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Սամվել Ամիրխանյան՝ ‹‹Զբաղվածության հիմնախնդիրը ու դրա լուծման ուղիները ՀՀ-ում,

5․ ԳՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի ֆինանսներ /ըստ ոլորտի/ բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Արեգա Հովհաննիսյան, գիտական ղեկավար՝  Գայանե Խաչատրյան՝ ‹‹Աշխատաշուկայի վերլուծությունը և զարգացման միտումները Հայաստանի Հանրապետությունում››,

ԳՊՀ ուսանողները զեկուցումները ներկայացրեցին հետաքրքիր ու բովանդակալից շնորհանդեսների միջոցով, հանդես եկան ուշագրավ եզրակացություններով և առաջարկություններով։

Զեկուցումների վերաբերյալ առաջացած հարցերին ուսանողները տվեցին հիմնավորված պատասխաններ, ներկայացրին լրացուցիչ փաստարկներ ու պարզաբանումներ։

Գիտաժողովին մասնակցեցին Երևանի պետական համալսարանի, Արցախի պետական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական, Հայաստանի ազգային ագրարային, Գորիսի պետական համալսարանների,  Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացու անվան պետական համալսարանների և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները: