ՇՆՈՐՀԱՎՈ՜Ր  ՀԱՂԹԱՆԱԿԻ  ԵՎ  ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ  ՏՈՆԸ

Պատմական անքննելի օրինաչափությամբ ստացվել է այնպես, որ վճռորոշ հաղթանակները մենք ձեռք ենք բերել մայիս ամսին։ Մայիսին՝ գարնան զարթոնքի հետ միասին մեզ փոխանցվել է հույս, հավատ դեպի սեփական ուժն ու հնարավորությունները՝ հանուն միասնական պայքարի,  սպասված հաղթանակի և նոր ձեռքբերումների։ Հայ ժողովրդի ազգային տոնացույցում մայիսի 9-ը հիշատակվում է որպես եռատոնի հիշարժան օր։ Մայիսի 9-ին հայ ժողովուրդը մեծ շուքով և ոգևորությամբ նշում է 1945 թվականին  Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների, այդ թվում` հայերի հաղթանակի տոնը, Շուշիի ազատագրման և Արցախի Հանրապետության բանակի ստեղծման տարեդարձը:

Հայրենական մեծ պատերազմի տարիներին տարբեր ռազմաճակատներում մարտնչել և ձեռք բերված հաղթանակում իրենց ներդրումն են ունեցել 600 հազար հայորդիներ: Հայ ժողովուրդը Խորհրդային Միությանը տվել է չորս մարշալներ՝ Հովհաննես Բաղրամյան, Համազասպ Բաբաջանյան,  Սերգեյ Խուդյակով, Հովհաննես Իսակով և Խորհրդային Միության 106 հերոսներ։ Հայրենական մեծ պատերազմը միանշանակ մեր հաղթանակն էր, քանի որ առկա էր վտանգ Թուրքիայի կողմից, ով սպասում էր Ստալինգրադի վճռորոշ ճակատամարտի ելքին, որպեսզի իր զորքն առաջ շարժեր  դեպի Խորհրդային  Հայաստան։ Հայ ժողովուրդը մայիսի 9-ին նշում է իր համար կարևոր, ճակատագրական մեկ այլ հաղթանակի օր` Շուշիի ազատագրման օրը, որը բեկումնային դարձավ Արցախյան պատերազմում և մատնանշեց հետագա հաղթանակների ու Հայոց պետականության ամրապնդման ուղին:

Մայիսի 9-ին նշվում է նաև Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում ենք մայիսյան եռատոնի կապակցությամբ և մաղթում, որ Հայրենական պատերազմի և Շուշիի փառահեղ ազատագրման հաղթական ոգին ոգևորի  յուրաքանչյուր հայորդու և նպաստի  մեր հայրենիքի շենացմանը և հզորացմանը, միասնական ուժերով նոր հաղթանակների կերտմանն ու խաղաղության ապահովմանը։

ԳԱՆՁԱԿԻ ԹԻՎ 1 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ՝ ԳՊՀ -ՈՒՄ

Ս․ թ․ մայիսի 8-ին ԳՊՀ բնագիտության լաբորատորիան հյուրընկալեց Գանձակի թիվ 1 միջնակարգ դպրոցի 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտներին՝ քիմիայի և կենսաբանության ուսուցչուհի Լիանա Գաբրիելյանի ուղեկցությամբ։
Աշակերտները ԳՊՀ լաբորատորիայի վարիչ Թերմինե Խաչիկյանի և տիկին Գաբրիելյանի օգնությամբ կատարեցին լաբորատոր փորձեր՝ թթվածնի ստացման ռեակցիան, աղաթթվի և ամոնիումի հիդրոքսիդի փոխազդեցության ռեակցիան, ածխածնի ադսորբցիոն հատկության ստուգումը կալիումի պերմանգանատի լուծույթի օգնությամբ և այլն։ Աշակերտները հետաքրքրությամբ մասնակցեցին մարդու զգայարանների գործունեությանն առնչվող տեսողական խաբկանքի ստեղծման և հավասարակշռության համակարգի խախտման փորձերին։ Այնուհետ հյուրերը հանդիպեցին ԳՊՀ ուսումնագիտական գծով պրոռեկտոր Նելլի Կուտուզյանի հետ, ով վարեց մասնագիտական կողոմնորոշմանը նվիրված դաս՝ ներկայացնելով ԳՊՀ ֆակուլտետները, մասնագիտական կրթական ծրագրերը։
Համալսարանական օրվա ավարտին աշակերտները եղան բուհի՝ Վարշամ Ավետյանի անվան պատմագիտական թանգարանում:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ   ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ  ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՌՑԱՆՑ  ԳԻՏԱԺՈՂՈՎԻ  ՄԱՍԻՆ

Գավառի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է ուսանողական հանրապետական առցանց գիտաժողով։

 Գիտաժողովը տեղի կունենա 2022թ. ապրիլի 30-ին, ժամը` 12:00-ին:

 Հրավիրում ենք մասնակցելու ուսանողների, ասպիրանտների և  երիտասարդ գիտնականների  ՀՀ  բուհերից և գիտա­հետազո­տական ինստիտուտներից:

Գիտաժողովն անցկացվելու է՝ ըստ գիտության հետևյալ բնագավառների.

  • Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ
  • Քիմիական գիտություններ
  • Կենսաբանական գիտություններ
  • Տեխնիկական գիտություններ
  • Էկոլոգիական գիտություններ
  • Գյուղատնտեսական գիտություններ
  • Պատմական գիտություններ
  • Տնտեսական գիտություններ
  • Փիլիսոփայական գիտություններ
  • Բանասիրական գիտություններ
  • Իրավաբանական գիտություններ
  • Մանկավարժական գիտություններ
  • Հոգեբանական գիտություններ
  • Սոցիոլոգիական և քաղաքական գիտություններ
  • Աշխարհագրություն, երկրաբանություն և երկրաբնապահպանություն։

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս թ ապրիլի 20ը  լրացնել մասնակցության հայտը`

https://gsu.am/hy/conference/

Հայտը լրացնելիս պարտադիր է նաև հոդվածի ամփոփագրի կցումը (հայերեն, ռուսերեն և անգլերեն):

Հոդվածի ամբողջական տարբերակը, ինչպես նաև համապատասխան ամբիոնի կամ գիտական ղեկավարի երաշխավորությունն անհրաժեշտ է ուղարկել ԳՊՀ ուսանողական գիտական ընկերության էլեկտրոնային փոստին (հասցեն` sssgsu@mail.ru կամ info@gsu.am)՝ նշելով հեղինակի (համահեղինակների) անուն, ազգանունը, կրթական հաստատության կամ գիտահետազոտական ինստիտուտի ամբողջական անվանումը:

Տպագրության երաշխավորված զեկուցումները տեղ կգտնեն  Գավառի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերւթյան «Գիտական հոդվածների ժողովածու»-ի հերթական համարում:

ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

Գիտական հոդվածների տեխնիկական պահանջներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝

 

https://gsu.am/wp-content/uploads/2022/03/conf03.pdf

 

Չափորոշիչներին չհամապատասխանող զեկուցումները չեն ընդունվելու:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են` հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Զեկուցումների առավելագույն տևողությունը 10 րոպե է:

 

  ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

 

 ԳՊՀ ՈՒԳԸ նախագահ՝ Արփի Միրիբյան

 Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք․ Գավառ, Հրանտ Հակոբյան 1, ԳՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլեկտրոնային փոստի հասցեներ՝  sssgsu@mail.ru, info@gsu.am

Հեռախոսներ՝ 099-023-655, 060-46-12-99

 

  Շնորհակալություն համագործակցության համար։

 

 

 

 

 

 

ՀԱՅ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2022-2023 ՈՒՍՏԱՐՎԱ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

Հայ կրթական հիմնարկությունը /ՀԿՀ/ հայտարարում է կրթաթոշակների մրցույթ` 2022-2023 ուսումանական տարվա համար: Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի չափով` խրախուսելու և աջակցելու բարձր առաջադիմությամբ և միաժամանակ սոցիալապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով՝ https://aef.am/university/

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի առկա վճարովի համակարգում 2021 թ-ի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորել պատրաստվող (դիմելու պահին դեռևս դպրոցում սովորող) և բարձր կուրսերի ուսանողներ, այդ թվում՝  մագիստրոսներ և ասպիրանտներ (միայն առկա ուսուցմամբ սովորող):

Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայ այն ուսանողներին, ում ակադեմիական միջին նիշը առնվազն 15, 7, 3,2 կամ 75 միավոր է։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել ՀԿՀ կրթաթոշակի առցանց հայտը՝

https://apply.aef.am/։

Առցանց հայտադիմումը հասանելի կլինի 2022 թ․-ի մարտի 14-ից մինչև մայիսի 11-ը։

Մանրամասների և հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել aef@aef.am  էլեկտրոնային փոստի հասցեին կամ զանգահարել (+374)11 53 14 85 հեռախոսահամարով։

ԿԱՅԱՑԱՎ ՄԱՅՐԵՆԻԻՆ ՆՎԻՐՎԱԾ  ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍԸ

Ս․ թ․ մարտի 16-ին կայացավ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի և Գավառի պետական համալսարանի կողմից համատեղ կազմակերպված, Մայրենի լեզվի օրվան նվիրված «Մայրենիի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային առցանց համաժողովի երկրորդ մասը։

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեցին ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն, ԳՊՀ պրոֆեսոր Վիկտոր Կատվալյանը, Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, ‹‹Հայկաշխարհ-Armlands.com›› արևմտահայերեն ուսուցողական կայքի հիմնադիր խմբագիր Նայիրի Մկրտիչեանը, ԳԱԱ լեզվի ինստիտուտի հայոց լեզվի պատմության բաժնի վարիչ Գայանե Մխիթարյանը, ԳՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկան Թաթուլ Ասոյանը, հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Վաչագան Գրիգորյանը։

Իր ներածական խոսքում Վիկտոր Կատվալյանն անդրադարձավ «Մշակ» թերթի 150-ամյա գործունեությանը և գլխավոր խմբագիր Գրիգոր Արծրունու՝ մայրենի լեզվի հարցերի վերաբերյալ դիտարկումներին։ Որպես հրավիրյալ բանախոս՝ ուշագրավ ելույթ ունեցավ տիկին Նայիրի Մկրտիչեանը, ապա մասնագիտական թեմաներով զեկուցումներ ներկայացրին  Շուշիի տեխնոլոգիական համալսարանից Լիանա Սանթրյանը, Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնից Լալա Գրքիկյանը, Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի անգլերեն լեզվի և գրականության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհիներ Ստելլա Շահինյանը, Զառա Պետրոսյանը, հայոց լեզվի և գրականության բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Սվետլանա Հովհաննիսյանը:

Գիտաժողովի ավարտին ամփոփիչ խոսքով հանդես եկան Վիկտոր Կատվալյանը, Ռուզաննա Հակոբյանը և Թաթուլ Ասոյանը՝ կարևորելով մայրենի լեզվի հիմնախնդիրներին նվիրված գիտական ուսումնասիրությունների կատարումը և հատկապես ուսանողների ընդգրկվածությունն այդ հարցում։

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ՝ ԳՊՀ-ՈՒՄ

Ս․ թ․ մարտի 19-ին Գավառի պետական համալսարանը հյուրընկալել էր ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներին՝ ֆիզիկայի լաբորանտ, ԳՊՀ  շրջանավարտ Սիրուն Մարկոսյանի ղեկավարությամբ։

Հյուրերին ողջունեցին Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը և բնագիտական ֆակուլտետի դեկան Մարտին Ավագյանը։

Աշակերտները ԳՊՀ բնագիտության լաբորատորիայի վարիչ Թերմինե Խաչիկյանի օգնությամբ իրականացրին որոշ փորձեր․ «Փարավոնի օձ», «Քիմիական հրաբուխ», «Քիմիական պատռվածք», «Ծուխ առանց կրակի», ինչպես նաև գործնական աշխատանքի միջոցով որոշեցին դադարի, սահքի և գլորման շփման ուժերը, ուսումնասիրեցին Մաքսվելի թափանիվի աշխատանքը։

Աշակերտները եղան նաև բուհի՝ Վարշամ Ավետյանի անվան պատմահնագիտական թանգարանում։

ԿԱՅԱՑԱՎ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ  ԱԼՖՐԵԴ ՄԱՐՇԱԼԻ ԾՆՆԴՅԱՆ 180-ԱՄՅԱԿԻՆ

Ս․ թ․ մարտի 18-ին Գավառի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ, դասախոսներ Ռուզաննա Ասատրյանի և Աստղիկ Ավետիսյանի աջակցությամբ տեղի ունեցավ ուսանողական գիտաժողով՝ նվիրված անգլիացի տնտեսագետ Ալֆրեդ Մարշալի ծննդյան 180-ամյակին:

Գիտաժողովին ներկա էին ԳՊՀ պրոֆեսորադասախոսական, վարչական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, ինչպես նաև Գավառի ակադեմիկոս Ա․ Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի ուսանողներ՝ դասախոս, ԳՊՀ շրջանավարտ Վարդան Գարեյանի ղեկավարությամբ։

Ուսանողները նախ ներկայացրին անվանի տնտեսագետի կյանքը, գործունեությունը, տնտեսագիտության մեջ ունեցած ներդրումը:

Գիտաժողովի ընթացքում բակալավրիատի և մագիստրատուրայի տարբեր կուրսերի ուսանողներ հետաքրքիր ու բովանդակալից շնորհանդեսների միջոցով հանդես եկան վերլուծական զեկուցումներով, որոնք վերաբերում էին համայնքների խոշորացմանը, գործարար միջավայրին, արտաքին առևտրին, հանքարդյունաբերությանը, արդի պայմաններում ՀՀ-ում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման, ներդրումների և արտահանումների հիմնահարցերին։

Զեկուցումների հիմնական դրույթների վերաբերյալ հարցադրումներին ուսանողները  պատասխանեցին  լրացուցիչ պարզաբանումներով։

Գիտաժողովն ամփոփեցին տնտեսագիտական ֆակուլտետի դեկան Սամվել Ամիրխանյանը, փոխդեկան Մարիամ Հերգնյանը, հաշվապահական հաշվառման ամբիոնի վարիչ Հակոբ Ղուլոյանը, դասախոսներ Վալերի Առաքելյանը, Աստղիկ Հովեյանը։ Վերջիններս փաստեցին, որ այն ծառայել է իր նպատակին՝ նպաստելով ուսանողների հետազոտական կարողությունների և վերլուծական մտքի զարգացմանը։

Գիտաժողովը եզրափակեց ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, ով կարևորեց ուսանողների հետազոտական աշխատանքները, շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին և մաղթեց հետագա հաջողություններ։

ԳՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ  ‹‹ԱՆԵԾՔ-ՕՐՀՆԱՆՔԻՆ›› ՆՎԻՐՎԱԾ ԲԱՑ ԴԱՍ 

Գավառի պետական համալսարանում տեղի ունեցավ  «Անեծք-օրհնանքի դրսևորումները ժողովրդական երգ-խաղիկներում, հայրեններում և անտունիներում» թեմայով բաց դաս, որը վարում էին բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Լուսինե Ղռեջյանը, հայոց լեզվի և գրականության բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Դադոյանը։

Բաց դասին մասնակցում էին բանասիրական ֆակուլտետի դեկան Թաթուլ Ասոյանը, փոխդեկան Ռուզաննա Սարգսյանը, օտար լեզվի և գրականության ամբիոնի ակադեմիական խորհրդատու Նարինե Նալբանդյանը, Հայոց լեզվի և գրականության բաժնի բակալավրիատի և մագիստրատուրայի, «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» բաժնի  ուսանողներ։

Առցանց եղանակով բաց դասին միացել էին Գավառի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտները և հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, ԳՊՀ շրջանավարտ Հայկանուշ Հակոբյանը։

Բաց դասի նպատակն էր ներկայացնել հայ բանահյուսական հինավուրց ժանրերի՝ ժողովրդական երգերի և անեծքների բազմաբնույթ առնչությունները։

Դասի սկզբում  ներածական խոսքով հանդես եկավ Լուսինե Ղռեջյանը՝ ներկայացնելով անեծք-օրհնանքների, երդումների ժողովրդական ըմբռնումները, անդրադարձավ ժողովրդական երգերի տիպաբանական խմբերին՝ հայրեններին, անտունիներին և խաղիկներին, այնուհետ խոսքը փոխանցվեց մագիստրոս Լիլիթ Դադոյանին, ով շնորհանդեսի միջոցով ներկայացրեց այդ ժանրերի դրսևորումներն ու փոխառնչությունները։ Լիլիթ Դադոյանն անդրադարձավ նաև իր մագիստրոսական թեզին՝ «Ժողովրդական խոսքի բանաձևային կառույցները հայկական ժողովրդական երգերում» թեմայով։

Խնդրո առարկան հետաքրքրեց ներկաներին, հնչեցին հարցեր, և ծավալվեց ակտիվ քննարկում։

Բաց դասն ամփոփեց ԳՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկան Թաթուլ Ասոյանը։

 

 

ԳՊՀ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ՝  ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշենի և Ծովագյուղի միջնակարգ դպրոցներ այցելեցին ԳՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի դեկան Սամվել Ամիրխանյանը, որակի ապահովման բաժնի աշխատակիցներ Մարիամ Նախրատյանը և Նոնա Մուրադյանը, արտաքին կապերի և լրատվության բաժնի մասնագետ Նունե Միրիբյանը, հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի պատմության բաժնի ուսանողուհի Աննա Իսպիրյանը։

ԳՊՀ ներկայացուցիչները հանդիպեցին դպրոցների ղեկավարների, ուսուցիչների և բարձր դասարանների աշակերտների հետ։

Հանդիպումների նպատակն էր ուսումնասիրել աշակերտների կրթական կարիքները, աջակցել նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում։

Հանդիպումների ընթացքում համալսարանականները ներկայացրին բուհում իրականացվող մասնագիտական կրթական ծրագրերը, կրթաթոշակային հիմնադրամներից օգտվելու հնարավորությունները, ԳՊՀ-ի անդամակցած Եվրոպական Միության «Erasmus+» միջազգային ծրագրերը, ինչպես նաև պատասխանեցին աշակերտներին հուզող հարցերին։

 

ՀԱՅՐԱՎԱՆՔԻ  ԵՎ  ԾՈՎԱԶԱՐԴԻ  ՄԻՋՆԱԿԱՐԳ  ԴՊՐՈՑՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ`   ԳՊՀ-ՈՒՄ

Գավառի պետական համալսարանի և ՀՀ Գեղարքունիքի մարզի դպրոցների համագործակցության ծրագրի շրջանակներում համալսարան էին այցելել Հայրավանքի և Ծովազարդի միջնակարգ դպրոցների աշակերտներն ու  ուսուցիչները։ Այցելության նպատակը ԳՊՀ բնագիտության լաբորատորիայում գործնական դասի անցկացումն էր։

Հյուրերին ողջունեց ԳՊՀ բնագիտական ֆակուլտետի դեկան Մարտին Ավագյանը, ով հանգամանալից ներկայացրեց ֆակուլտետում գործող մասնագիտություններն ու աշխատաշուկայում դրանց պահանջարկը։

ԳՊՀ լաբորատորիայում առկա նիտրատաչափի օգնությամբ աշակերտները չափեցին տարբեր մրգերում և բանջարեղեններում նիտրատների պարունակությունը: Ստացված տվյալները նրանք համեմատեցին սահմանված նորմերի հետ և կատարեցին համապատասխան վերլուծություններ:

Աշակերտները կատարեցին «Փարավոնի օձ», «Քիմիական հրաբուխ», «Ոսկե անձրև», «Քիմիական պատռվածք», «Ծուխ առանց կրակի» փորձերը։ Նրանք հետաքրքրությամբ մասնակցեցին մարդու զգայարանների գործունեությանն առնչվող տեսողական խաբկանքի ստեղծման և հավասարակշռության համակարգի խախտման փորձերին։

Լաբորատորիայի վարիչ Թերմինե Խաչիկյանի օգնությամբ աշակերտները իրականացրին նաև բուսական հյուսվածքից ԴՆԹ-ի անջատման փորձը։

Նրանց համար հետաքրքիր էր նաև Մաքսվելի թափանիվի և էլեկտրածին մեքենայի աշխատանքը։ Լաբորատոր փորձերից հետո աշակերտներն այցելեցին բուհի Վարշամ Ավետյանի անվան պատմահնագիտական թանգարան։

Աշակերտները եղան ԳՊՀ ռեկտորատում և օգտակար խորհուրդներ ստացան տիկին  Ռուզաննա Հակոբյանից։