ԺԻՐԱՅՐ ՆԻՇԱՆՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ժիրայր Նիշանյանը ծնվել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում, 1936 թ. նոյեմբերի  29-ին: Ավարտել է Թեհրանի Ալբորզի ավագ դպրոցը: Չկարողանալով շարունակել ուսումը` նա երկու տարի շարունակ առավոտյան աշխատել է Աբովյանի տարրական դպրոցում և դասավանդել մաթեմատիկա վեցերորդ դասարանցիներին, իսկ կեսօրից հետո աշխատել որպես հայ վաճառականի գրասենյակային օգնական շուկայում, և խնայել 500 ԱՄՆ դոլարին համարժեք գումար:

Ժիրայր Նիշանյանի մանկության նվիրական երազանքն էր դառնալ քաղաքացիական ճարտարագետ և այն իրագործելու նպատակով նա որոշում է իր կրթությունը շարունակել Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Թեհրանի ամերիկյան գրադարանում ձեռք բերած գիտելիքներով նա ընդունելության համար դիմում է Միացյալ Նահանգների մի քանի համալսարաններ և ընդունվում Վաշինգտոնի Ամերիկյան համալսարան` անգլերեն լեզուն արտասահմանցի ուսանողների համար հատուկ ծրագրով, ինչպես նաև  Վաշինգտոնում Ջորջ Վաշինգտոնի և Լինկոլնում Նեբրասկայի համալսարաններ՝ ինժեների մասնագիտությամբ: Թեև Ժիրայր Նիշանյանի ավագ եղբայրը` Կարո Նիշանյանը, ցանկանում էր, որ նա գնա Եվրոպա և ստանա բժշկի մասնագիտություն, սակայն եղբոր` բուհ ընդունվելու նամակներն ստանալուց հետո, նա ինքնաթիռի տոմս է գնում եղբոր համար և 1958 թ.-ի նոյեմբերի 8-ին Ժիրայր Նիշանյանը Թեհրանից մեկնում է Վաշինգտոն:

Ժամանելուն պես Ժիրայր Նիշանյանն անմիջապես գրանցվում է Ամերիկյան համալսարանում օտարերկրացի ուսանողների համար նախատեսված վեցշաբաթյա անգլերեն լեզվի դասընթացներին, սակայն այն ավարտելուց հետո Վաշինգտոն նահանգի Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի վարձաչափի թանկ լինելու պատճառով, նա  որոշում է տեղափոխվել Լինկոլն և գրանցվում Նեբրասկայի ճարտարագիտական համալսարանում: Քանի որ Ժիրայր Նիշանյանի 500 դոլարը շատ արագ էր սպառվում, ուստի նրա համար կարևոր էր կես դրույքով աշխատանք փնտրելը, որպեսզի կարողանա հոգալ իր ծախսերը: Ցավոք, 1958 թ.-ին Լինկոլնը մի փոքրիկ համալսարանական քաղաք էր` շրջապատված մեծ ագարակներով, և օտարերկրյա ուսանողին աշխատանքային մեծ հնարավորություններ չէր առաջարկում: Այդուհանդերձ,  մեկ կիսամյակ սովորելուց հետո, նա որոշում է վերադառնալ Վաշինգտոն, որտեղ կարող էր աշխատել և շարունակել ուսումը: Այսպիսով, Ժիրայր Նիշանյանը իր վաստակած կրեդիտներով ընդունվում է Հովարդի համալսարանի ճարտարագիտության բաժին, որտեղ կառավարության աջակցությամբ համալսարանում գործում էր ուսման ցածր վարձաչափ: Ուսմանը զուգահեռ նա կես դրույքով աշխատում է որպես մատուցողի օգնական` իր բնակավայրին մոտ գտնվող մի ռեստորանում:

1965թ.-ի հունվարի 22-ին Ժիրայր Նիշանյանին շնորհվում է քաղաքացիական ճարտարագետի բակալավրի աստիճան: Նա առաջընթաց է ունենում իր աշխատանքում և նշանակվում գլխավոր մատուցող Վաշինգտոնում գտնվող «Ինթերնեշնլ» պանդոկ հյուրանոցում:

Քաղաքացիական ճարտարագետի բակալավրի աստիճան ստանալուց հետո` Ժիրայր Նիշանյանը որոշ ժամանակահատված աշխատում է ավտոմայրուղու շինարարության, օդային և տիեզերական արդյունաբերության ոլորտներում, ստանում ինժեների պաշտոն և աշխատանքի անցնում որպես ԱՄՆ կառավարության տրանսպորտի դեպարտամենտի ճանապարհների և կամուրջների նախագծման, ապա կառուցման հետազոտությունների ինժեներ: Ճանապարհների կառուցման հետազոտությունների ինժեներ աշխատելուն զուգահեռ, Ժիրայր Նիշանյանը շարունակում է իր ուսումը և 1969թ.-ի հունիսին  ստանում քաղաքացիական ճարտարագետի մագիստրոսի աստիճան, այնուհետև ասպիրանտուրայում հետազոտություն անցկացնում մետաղների դյուրաբեկության և կարծրության  հատկությունների թեմայով և դառնում Դաշնային ավտոմայրուղու կառավարման հետազոտական ​​գործունեության ծրագրի ղեկավար` կամրջաշինության ոլորտում պողպատի դյուրաբեկության և կարծրության  հատկությունների գծով: Ձեռնարկելով այդ բոլոր պահանջարկ ունեցող աշխատանքները և միևնույն ժամանակ ավելի մեծ հնարավորությունների ձգտելով` նա շարունակում է իր առաջընթացը:

Հետաքրքրված լինելով անշարժ գույքի զարգացմամբ և Դաշնային կառավարության համար աշխատելով լրիվ դրույքաչափով` Ժիրայր Նիշանյանը երեկոյան ժամերին և հանգստյան օրերին նույնպես արտաժամյա ներգրավվում է մասնավոր հատվածի առևտրային և բնակելի շրջանների նախագծման և կառուցման գործընթացներում:

Նախքան համալսարանն ավարտելը, 1969 թ.-ի նոյեմբերին Ժիրայր Նիշանյանը հինգ հազար դոլար է ստանում  իր մայրիկից` Մարիամ Նիշանյանից և իր մտերիմ ընկեր` Արա Պեզեշկյանի հետ համատեղ հիմնում «JAM» ձեռնարկությունը, ինչպես նաև Մերիլենդում, որը գտնվում է Քենսինգթոնում,  ներդրում կատարում անշարժ գույքի՝ մի քանի հին բնակարանի ձեռքբերման նպատակով, որը ենթադրում էր, որ հետագայում առևտրային զարգացման ներուժ կունենա: «JAM» ձեռնարկության հիմնումը նրա առաջին ռիսկային քայլն էր, որը հաջողությամբ է պսակվում և շարունակվում մինչ օրս: Հետագայում «JAM»-ին զուգահեռ նա հիմնում է «NGN», «JERAX» և «JADES» ձեռնարկությունները:      Ժիրայր Նիշանյանը, որպես իր ձեռնարկությունների գլխավոր գործադիր տնօրեն, մշակել և կառուցել է առևտրի կենտրոններ, գրասենյակային շենքեր, առևտրային և բնակելի կառույցներ։         Ժիրայր Նիշանյանը “Jer-Tag” ձեռնարկությունների, “Cycle Homes” ինկորպորացիայի և “Virginia” կորպորացիաների նախագահն ու հիմնադիրն է:

Ժիրայր Նիշանյանը, լինելով կենսաթոշակային տարիքի, ակտիվորեն ներգրավված չէ իր ընկերությունների և կորպորացիաների ամենօրյա ղեկավարման գործընթացում, սակայն իր որդին`Թագվոր Գ. Նիշանյանը որպես իր գործընկեր, կատարում է վարչական պարտականությունները, իսկ իր դուստրը` Ալինե Նիշանյան-Թեմփլինը գույքի կառավարման ոլորտի պատասխանատուն է.

Ժիրայր Նիշանյանի հայրը` Աբրահամ  Նիշանյանը, ծնվել է Թուրքիայի Բուրսա քաղաքում, իսկ մայրը` Մարիամ Նիշանյանը, Ապին Ակուլիսում: Նրանք իրենց ընտանիքի անդամներից միակն էին, որ ողջ են մնացել Հայոց ցեղասպանության տարիներին: Ժիրայր Նիշանյանի հայրը ձեռնարկատեր էր և զբաղվում էր պարսկական գորգերի` ԱՄՆ արտահանման բիզնեսով: Նա հպարտանում էր իր հայկական ծագմամբ և իր ժողովրդի ավանդույթներով: Երբ Ժիրայր Նիշանյանի հայրը մահացավ, նա  ընդամենը երկու տարեկան էր: Ժիրայր Նիշանյանը, լինելով հինգ երեխաներից ամենափոքրը, մայրական խանմքի տակ է մեծացել: Նրա մայրը փոքր ժամանակ հրազենային վնասվածք է ստացել ծնկի հատվածում և հրաշքով ողջ մնացել Հայոց ցեղասպանության տարիներին: Նա հայտնվել է ամերիկացիների կողմից հիմնված Իրանի Համադան քաղաքի որբանոցում: Մարիամ Նիշանյանը շատ բարեպաշտ, իմաստուն և խելամիտ կին էր, ով իր հինգ երեխաներին  միայնակ է մեծացրել:

Ժիրայր Նիշանյանի վրա մեծ տպավորություն է թողել իր ծնողների անցյալը և նրա մոտ խորը զգացմունքներ են առաջացել Հայաստանի` իր նախնիների հայրենիքի նկատմամբ: Նա մշտապես պարտքի զգացում և մեծ ցանկություն է ունեցել` օգնություն տրամադրելու մանկատներում գտնվող երեխաներին և օգտակար լինելու անապահով հայ երիտասարդներին, մասնավորապես,  տաղանդավոր երիտասարդներին, որպեսզի նրանք կարողանան օգտագործել իրենց ներուժը: Իր տեսլականը իրականություն դարձնելու նպատակով` նա 1993 թ.-ի նոյեմբերի 30-ին հիմնում է «Ժիրայր Նիշանյան» հիմնադրամը՝ “Jerair Nishanian Foundation” բարեգործական կազմակերպությունը: Հիմնադրամը ստեղծվել է բացառապես կրոնական, բարեգործական, գիտական, հասարակական, գրական և կրթական ծրագրեր իրականացնելու նպատակներով։          Իր հիմնադրումից ի վեր (1993թ.)` հիմնադրամը  կրթաթոշակներ է տրամադրում Գավառի պետական ​​համալսարանի ուսանողներին։ 2011 թ.-ից սկսած հիմնադրամը  ընդլայնել է իր կրթաթոշակային ծրագիրը ընդգրկելով Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ճարտարագիտության և ճարտարապետության բաժնի, հետագայում նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողներին։

Հիմնադրամի կրթաթոշակային ծրագրի շարունակականությունն ապահովելու նպատակով պարոն Ժիրայր Նիշանյանը 2013 թ․-ի մայիսին 1,000,000.00 ԱՄՆ դոլար նվիրաբերեց Հիմնադրամին։

Հիմնադրամի կրթաթոշակային ծրագիրը Հայաստանում իրականացվում է Նյու Յորքում 1988 –ին հիմնված Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) և Հայաստանի գրասենյակի կողմից: Հիմնադրամը ներկայումս Հայաստանում կրթաթոշակներ է տրամադրում ավելի քան 70 ուսանողների։

Բացի այդ հիմնադրամը մի շարք հայրենանվեր ծրագրեր է իրականացրել Հայաստանում և ԱՄՆ հայ համայնքում։

2011 թվականին, երբ պարոն Ժիրայր Նիշանյանը, նրա կինը՝ տիկին Անահիտ Նիշանյանը և խորհրդի անդամները այցելեցին Գավառի պետական համալսարան, անմոռանալի ու տպավորիչ հանդիպում ունեցան համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ։ Ուսանողների խնդրանքը լսելուց հետո նա տեղում որոշում կայացրեց և լուծում տրվեց համալսարանի համար կարևոր հարցի՝ ԳՊՀ հանրակացարանային մասնաշենքի վերանորոգման վերաբերյալ։

Հիմնադրամը 2015 թ.-ի մայիսին Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջառումների վեց խոշոր նվիրատուներից մեկն է եղել:

Հիմնադրամը նաև ֆինանսավորել է մի քանի առանձնահատուկ նախագծեր, որոնցից են Վաշինգտոնի Սուրբ Մարիամ հայ առաքելական եկեղեցու գլխավոր խորանի նախագծումը ու կառուցումը, Գավառի պետական ​​համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի մասնաշենքի բարենորոգումը։

Հիմնադրամը հովանավորել և ֆինանսավորել է հետևյալ գրքերի թարգմանությունն ու հրատարակումը.

ա) Դոկտոր Թաներ Աքչամի` «Երիտթուրքերի հանցագործությունը մարդկության դեմ. ցեղասպանությունը և էթնիկ զտումները Օսմանյան կայսրությունում» հեղինակային գրքի թարգմանությունը թուրքերենից հայերեն:

բ) Դոկտոր Թաներ Աքչամի հեղինակային գրքի թարգմանությունը արևելահայերեն:

գ) Անուշ Նաղգաշյանի «Ես հայ եմ» մանկական գրքի տպագրությունը:

դ) «Հայերի պատմությունը Օսմանյան կայսրությունում» պատմության դասագրքի հրատարակումը, որի համահեղինակ են հանդիսանում մի շարք հայ գիտնականներ: Այն նախատեսված է Հայաստանի բուհերի ուսանողների համար:

ե) «Երազներ և հրաշքներ» գրքի տպագրությունը և դրա բաժանումը Հայաստանի զինծառայողներին:

զ) «Գրականության ժամանակակից պատմություն» երկրորդ դասագրքի հրատարակումը, որն ամփոփում է թուրքական գրականությունը` ներառելով Հայոց ցեղասպանությանը վերաբերող նյութեր (ներկայումս խմբագրվում է):

է) Թաներ Աքչամի «Հայերի բռնի իսլամացումը» հեղինակային գրքի թարգմանությունը թուրքերենից անգլերեն, ինչպես նաև թուրքերենից հայերեն:

 

Բարձր գնահատելով Ժիրայր Նիշանյանի հայրենանվեր գործունեությունը և իրականացրած բարեգործական ձեռնարկները՝ ՀՀ կառավարությունը և հայ եկեղեցին նրան պարգևատրել է մի շարք պարգևներով։ Ժիրայր Նիշանյանը Հայաստանի նախագահի, Ամենայն Հայոց կաթողիկոսի և տարբեր կազմակերպությունների կողմից պարգևատրվել է մի շարք մեդալներով, երախտագիտության և գնահատանքի հավաստագրերով, որոնք են`

  1. «Երախտագիտության» մեդալ` Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից,
  2. «Սուրբ Ներսես Շնորհալի» մեդալ` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից,
  3. «Գնահատանքի և երախտագիտության» մեդալ` Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության կողմից,
  4. «Ոսկե հուշամեդալ» Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից,
  5. 5. Գավառի պետական համալսարանի պատվավոր բարերարի կոչում,
  6. 6. Գավառի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում,
  7. 7. «Ներսիսյան ճեմարան» գնահատանքի մեդալ:

Հարգանքի տուրք մատուցելով նրան, որպես ներգաղթյալի, որը մեծ աջակցություն է ցուցաբերել Ամերիկային, ներգաղթյալներին և նրանց երեխաներին, ԱՄՆ կառավարությունը վերջինիս շնորհել է «Էլիս այլընդ» պատվո մեդալը։

 

Ժիրայր Նիշանյանը իր կյանքի ընթացքում ունեցել է երեք երեխա և հինգ թոռ: