About GSU

ԳՊՀ պատմության համառոտ ակնարկ

Գավառի պետական համալսարանը տարածաշրջանի կարևոր կրթական, գիտական և մշակութային կենտրոններից է։

Կարդալ պատմությունը

Հիմնադրում

Գավառի պետական համալսարանի ստեղծման նախաձեռնողը և հիմնադիր-ռեկտորը փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանն է: ՀՀ Կառավարության 1993 թվականի մայիսի 5-ի թիվ 208 որոշմամբ Գավառում ստեղծվեց պետական համալսարան։

1993 համալսարանի հիմնադրում
8000+ շրջանավարտ
2000 շուրջ ուսանող

Ստեղծման նախադրյալները

1991-1992 թվականներին Հայաստանի Հանրապետությունում տիրող սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում տարածաշրջանի հանրակրթական դպրոցների բազմաթիվ շրջանավարտներ գործնականում հնարավորություն չունեին ուսումը շարունակելու մայրաքաղաքում:

Ուսումնասիրելով հայրենի եզերքում հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտների և գիտական աստիճաններ ունեցող անձանց քանակը, ինչպես նաև մասնագետների պահանջարկը, Հրանտ Խաչատուրի Հակոբյանը դիմեց ՀՀ Կրթության և գիտության նախարարություն՝ Գավառում համալսարան բացելու առաջարկությամբ:

Պետական համալսարանի ստեղծումը

ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Հրանուշ Հրանտի Հակոբյանի նպատակաուղղված ջանքերի շնորհիվ ՀՀ Կառավարության 1993թ. մայիսի 5-ի թիվ 208 որոշմամբ Գավառում՝ նախկին Կամոյում, ստեղծվեց պետական համալսարան:

1993-1994 ուսումնական տարում 139 դիմորդից համալսարան ընդունվեցին 94-ը: Դասախոսական աշխատանքում ներգրավված էին 28 մասնագետ, որոնցից 8-ը դոկտոր, պրոֆեսորներ էին, 9-ը՝ գիտությունների թեկնածու, 3-ը՝ ասպիրանտուրան ավարտածներ:

Սկզբնական մասնագիտությունները

Սկզբում համալսարանը մասնագետներ է պատրաստել «Հայոց լեզու և գրականություն», «Ֆինանսներ և վարկ», «Հաշվապահական հաշվառում, վերահսկողություն և տնտեսական գործունեության վերլուծություն», «Մեքենաշինության տեխնոլոգիա», «Էլեկտրամեխանիկա», «Ագրոքիմիա» մասնագիտությունների գծով:

Հետագա ընդլայնումներ

Հետագա տարիներին մասնագիտությունների ցանկն ընդլայնվեց՝ ներառելով հայոց, անգլերեն և ռուսաց լեզուներ ու գրականություն, իրավագիտություն, պատմություն, տարրական մանկավարժություն, կենսաբանություն, աշխարհագրություն, բնապահպանություն, համակարգչային ճարտարագիտություն, սերվիս, քարտեզագրություն և կադաստրային գործ, դեղագործական քիմիա, տնտեսագիտություն, ֆինանսներ, հաշվապահական հաշվառում և հարկում։

Ուսումնական գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով հրավիրվել են հանրապետության 120 լավագույն մասնագետներ։

Ուսանողներ և ենթակառուցվածքներ

ԳՊՀ-ում ուսանում են շուրջ երկու հազար ուսանող Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից և մայրաքաղաքից: Բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերն իրականացվում են առկա և հեռակա ուսուցման համակարգերում:

Համալսարանն ունի գիտական գրադարան, ընթերցասրահ, ուսումնական լաբորատորիաներ, կահավորված համակարգչային լսարաններ՝ ապահովված համացանցային կապով: Ակտիվորեն գործում են ուսանողական խորհուրդը, ուսանողական գիտական ընկերությունը, իրավաբանական կլինիկան և տարբեր ակումբներ:

Կրթական միջավայր

Համալսարանի ֆակուլտետները տեղաբաշխված են երեք ուսումնական մասնաշենքում, որտեղ ստեղծված են անհրաժեշտ պայմաններ որակյալ կրթական, հետազոտական և դաստիարակչական գործընթաց կազմակերպելու համար:

ԳՊՀ-ն իրականացնում է բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր երկաստիճան կրթական համակարգում՝ բակալավրիատում և մագիստրատուրայում:

Շրջանավարտներ և շարունակական զարգացում

Գավառի պետական համալսարանը կյանք է ճանապարհել մասնագետների 25 սերունդ: ԳՊՀ-ն ավարտել են ավելի քան ութ հազար շրջանավարտներ, որոնցից շատերն աշխատում են պետական մարմիններում, ոչ պետական հիմնարկներում, բանկերում, բուհերում, դպրոցներում և այլ կազմակերպություններում:

ՀՀ կրթության և գիտության նախարարի թիվ 61-Ա/2, 03.02.2016թ. հրամանով Գավառի պետական համալսարանին շնորհվել է բարձրագույն կրթության երրորդ աստիճանում՝ ասպիրանտուրայում, կրթություն կազմակերպելու թույլտվություն:

ԳՊՀ ներկայացման տեսանյութ

Ծանոթացեք Գավառի պետական համալսարանի կրթական միջավայրին, ենթակառուցվածքներին, ուսանողական կյանքին և համալսարանի պատմությանը։