ԳԱՎԱՌԻ  ՊԵՏԱԿԱՆ  ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ

  ԲՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ  ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

 

Գավառի պետական համալսարանի բնագիտության լաբորատորիան հիմնադրվել է 2016 թվականին` Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ:

Լաբորատորիան համալրված է բնագիտության ոլորտի ժամանակակից սարքավորումներով, որոնց զգալի մասն ուսումնական բնույթի են և միտված են  մասնագիտական գիտելիքների արդյունավետ փոխանցմանը,  գործնական կարողությունների ձևավորմանը:

Առկա են աշխարհագրության դիդակտիկ նյութեր, մոդելներ, օդերևութաբանական չափիչ սարքեր և սարքավորումներ, ֆիզիկայի տարբեր բաժիններին առնչվող, լաբորատոր փորձերի համար նախատեսված սարքեր, հավաքածուներ և նյութեր, քիմիայի լաբորատոր-գործնական աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ նյութատեխնիկական ռեսուրսներ, ինչպես նաև կենսաբանության դասընթացի շրջանակներում տարատեսակ փորձարարական, գործնական-լաբորատոր աշխատանքների իրականացման նպատակով կիրառվող սենսորային սարքավորումներ, լուսային մանրադիտակներ և փորձանմուշների հավաքածուներ:

Լաբորատորիայում կազմակերպվող աշխատանքներին ակտիվորեն մասնակցում են ԳՊՀ բնագիտական ֆակուլտետի «Դեղագործական քիմիա», «Կենսաբանություն», «Սերվիս», «Քարտեզագրություն և կադաստրային գործ» և «Համակարգչային ճարտարագիտություն» բաժինների ուսանողները, ինչպես նաև այլ ֆակուլտետների ուսանողներ` բնագիտական ուղղվածությամբ դասընթացների շրջանակներում:

Որոշ սարքեր հաջողությամբ կիրառվում են ուսումնական պրակտիկաների ընթացքում և դաշտային չափագրումների ժամանակ:

Լաբորատորիայում իրականացվում են նաև հետազոտական բնույթի աշխատանքներ, որոնց վերջնարդյունքներն իրենց արտացոլումն են գտնում  ուսանողական գիտական հոդվածներում  և ավարտական աշխատանքներում: Այս տեսանկյունից կարևորվում է ժամանակակից գիտահետազոտական սարքերի ձեռքբերման գործընթացը, ինչը նպաստում է գիտահետազոտական աշխատանքների ոլորտի հետագա ընդարձակմանը: Լաբորատորիան հարստացնելու գործում մեծ է բուհի իրականացրած միջազգային ծրագրերի ներդրումը: Մասնավորապես, Եվրոպական միության ‹‹ERASMUS+ ABIONET›› ծրագրի շրջանակներում բնագիտության լաբորատորիան համալրվել է արդի սարքավորումներով` սպեկտրոֆոտոմետր, կլիմատոստատ, ցենտրիֆուգ, նիտատաչափ, լուսային մանրադիտակ, օդային մանրէազերծիչ և այլն: Նման  սարքերի և սարքավորումների համալիր կիրառումը մեծացնելու է ‹‹Կենսաբանություն›› մագիստրոսական կրթական ծրագրի  գիտահետազոտական բաղադրիչը:

ԳՊՀ բնագիտության լաբորատորիան համագործակցում է ՀՀ Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների հետ` կազմակերպելով լաբորատոր փորձեր և գործնական դասընթացներ միջին և բարձր դասարանների աշակերտների համար: Լաբորատորիա են այցելում տարեկան երեք հարյուրից չորս հարյուր աշակերտներ: Լաբորատոր աշխատանքների արդյունքում աշակերտները կարևորում են բնագիտական առարկաները, ավելի լավ ըմբռնում դպրոցական ծրագրում ներառված թեմաները։ Լաբորատորիայում աշխատանքն օգնում է նրանց հետագա մասնագիտական կողմնորոշմանը:

Scroll to Top
Գավառի պետական համալսարան