Դիմորդ

Սիրելի՛ դիմորդներ.
Գավառի պետական համալսարանն իր հաստատուն տեղն ունի Հայաստանի Հանրապետության բուհական համակարգում: Համալսարանում` որպես գերակա նպատակ հռչակված են կրթության որակի ապահովումը, ակադեմիական և վարչական կարգապահության ու պատասխանատվության բարձրացումը:

Համալսարանում լիարժեքորեն գործում է եռաստիճան կրթական համակարգը: Մասնագիտական կրթական ծրագրերն իրականացվում են առկա և հեռակա ուսուցման ձևերով: Ուսումնական գործընթացը թե՛ բակալավրիատում և թե՛ մագիստրատուրայում կազմակերպվում է կրեդիտային չափումներով, կիրառվում են ուսանողների գիտելիքների ընթացիկ, միջանկյալ և ամփոփիչ ստուգման ու բազմագործոն գնահատման կառուցակարգերը: Սկզբունքորեն փոխվել է դասավանդման ձևը, հարստացել բովանդակությունը:
Ավանդական ուսուցումը զուգորդվում է կրթական արդի տեխնոլոգիաների, համագործակցային, անձնակողմնորոշիչ, զարգացնող ուսուցման հետ, որն իրականացվում է բազմաթիվ արդյունավետ մեթոդներով: Կարևորվել են սովորողների ինքնուրույն, անհատական աշխատանքները, ակտիվությունը գործնական, սեմինար աշխատանքների ժամանակ: Ուսանողների հետ տարվում են ամենօրյա բացատրական, ուսուցողական աշխատանքներ, ինչի արդյունքում նրանք ըմբռնում են կրեդիտային սկզբունքներով ուսման առանձնահատկությունները և գիտակցաբար պատասխանատվություն ստանձնում իրենց կրթության ելքային արդյունքների համար: Լուրջ ուշադրություն է դարձվում ուսանողների պրակտիկայի կազմակերպմանը, ավարտական աշխատանքներին, ամփոփիչ ատեստավորման քննություններին: Գավառի պետական համալսարանում աշխատում են իրենց գործի իսկական նվիրյալներ, հանրապետությունում հայտնի դասախոսներ, ովքեր բարձրակարգ մասնագետներ են և զբաղվում են ոչ միայն մանկավարժական գործունեությամբ, այլև գիտահետազոտական աշխատանքներով: