ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ՝ ՎԱՐՇԱՄ ԱՎԵՏՅԱՆԻ

ԱՆՎԱՆ ՊԱՏՄԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Գավառի պետական համալսարանը, լինելով Գեղարքունիքի մարզի միակ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունը, գիտակրթական աշխատանքներից զատ, կարևորում է նաև սոցիալ-մշակութային գործունեությունը:

Հազարամյակներ շարունակ հայ ժողովուրդը ստեղծել է հարուստ պատմամշակութային ժառանգություն, որի մասին են վկայում հնագիտական պեղումների արդյունքները: Աշխատանքային գործիքների, զենքերի, խեցեղենի և այլ գտածոների շնորհիվ մենք կարողանում ենք գաղափար կազմել մեր նախնիների կենցաղի ու աշխարհայացքային պատկերացումների մասին:

Նման հնարավորություն է ստեղծվել նաև ԳՊՀ ուսանողների, դասախոսների և հյուրերի համար՝ շնորհիվ համալսարանի ռեկտորատի և հնագետ, ԳՊՀ պրոֆեսոր Վարշամ Ավետյանի համագործակցության արդյունքում բացված հնագիտական ու պատմագիտական թանգարանի, որն ունի հայրենաճանաչողական, ուսուցողական,  ռազմա-հայրենասիրական, դաստիարակչական, հոգևոր-մշակութային նշանակություն:

Թանգարանն իրականացնում է  իմացաբանական, տեղեկատվական, մեթոդաբանական, գիտահետազոտական գործառույթներ:

ԳՊՀ գիտական խորհուրդը, վարչական, պրոֆեսորադասախոսական անձնակազմը և  ուսանողները շատ են կարևորում համալսարանում պատմագիտական և հնագիտական թանգարանի դերը: Այն մի յուրահատուկ կամուրջ է անցյալի ու ներկայի միջև: Թանգարանում գտնվող յուրաքանչյուր ցուցանմուշ ուրույն վկայությունն է իր  ժամանակաշրջանի: Թանգարանում այցելուների աչքի առջև վեր է հառնում պատմությունը, ինչն ինքնին կարևոր է պատմական եղելությունների գիտական ճանաչողության համար:

Թանգարանը խնդիր ունի ներկայացնելու նաև համալ­սա­րանի հիմնադրման  և կայացման պատմությունը, ԳՊՀ հիմնադիր ռեկտոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ Հրանտ Հակոբյանի բեղուն գործունեությունը և գիտական ժառանգությունը: «Բոլոր նախադրյալները կան, որպեսզի նորաստեղծ թանգարանը` իր տեսակի ու ցուցանմուշների առումով, դառնա բացառիկ և օրինակելի թանգարան»,- նշել է թանգարանի հիմնադիր,  ԳՊՀ պրոֆեսոր Վարշամ Ավետյանը:

Թանգարանում առկա են մեկուկես հազարի հասնող հնագիտական, ազ­գագ­րական, դրամագիտական, արվեստագիտական  արժեքավոր նյութեր ու վավե­րագ­­րական փաստաթղթեր: Դրանք շուրջ հինգ տասնամյակների ընթացքում` պե­ղումներով, նվիրատվությամբ, անձնական միջոցներով ձեռք է բերել հա­մալ­սա­րանի դասախոս պարոն Ավետյանը և սիրահոժար նվիրել համալսարանին, ինչի արդյունքում էլ հիմնադրվել է թանգարանը:

Թանգարանում ցուցադրված են եզակի նմուշներ, որոնք իրենցից գիտական մեծ արժեք են ներկայացնում և կարող են պատիվ բերել ցանկացած թանգարանի:  Դրանց շարքին են դաս­վում շուրջ 40-50 միլիոն տարվա հնության ծովային խխունջների խեցիները, որոնք հայտնաբերվել են Եղեգնաձորի քարհանքերի ստորին շերտերից և անհիշելի ժամանակներում մեր  տարածքի ջրածածկ լինելու փաստի լավագույն վկա­յությունն են:

Հավաքածուներում կան մաքուր ցորենի հինգ հազար տարվա հնության նմուշներ:

Մեծ հետաքրքրություն են ներկայացնում բրոնզե աշխատանքային գործիքները, զենքերը, զարդերը, ծիսական նպատակների համար պատրաստված կենդանակերպ և մարդակերպ պատկերազարդերով պաշտամունքային իրերը, բրոնզե գոտիները, ինչպես նաև հին մետաղադրամ­ները, այլ ցուցանմուշներ:

Թանգարանի ստեղծումը բարդ, հետևողական աշխատանք պահանջող, բայց և պատվաբեր գործ է, քանզի թանգարանային նյութերը վաղ անց­յա­­լի խոսուն վկաներն են, մնայուն արժեքներ և կարևոր ժառանգություն` ապագա սերունդներին: Թանգարանի շնորհիվ ոչ միայն հարստանում են ուսանողների գիտելիքները, ամրապնդվում է հայրենասիրական ոգին, այլև մոռացության փոշուց մաքրվում և  պահպանվում են հայ ժողովրդի անցյալում ստեղծած և մեր օրերում թանկարժեք մասունք դարձած գանձերը:

ԳՊՀ ռեկտորատը դիմում է բոլոր ուանողներին և խնդրում հնագիտական արժեք ներկայացնող իրեր ունենալու դեպքում դրանք նվիրել ԳՊՀ թանգարանին:

Աշխատանքային ժամեր՝ 09:00-16:00 (չորեքշաբթի-կիրակի)
Թանգարանի մուտքը և էքսկուրսիան անվճար է

 

Scroll to Top
Գավառի պետական համալսարան