ՎՇՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾԻՉ, ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ  ՊԱՏՎԱՎՈՐ ՊՐՈՖԵՍՈՐ, ԳԱՎԱՌԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐՄԵՆ ԱՐՇԱԼՈՒՅՍԻ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ

Գավառի պետական համալսարանի գիտական խորհրդի, համահիմնադիր Հրանուշ Հակոբյանի, ռեկտորատի, վարչական, պրոֆեսորադասախոսական և ուսանողական անձնակազմի անունից խորապես ցավակցում ենք Սիմոնյանների ընտանիքին, բոլոր մերձավորներին՝ բազմավաստակ գիտնական ու մանկավարժ, Գավառի պետական համալսարանի պատվավոր պրոֆեսոր, ԳՊՀ կենսաբանության, էկոլոգիայի և առողջ ապրելակերպի ամբիոնի հիմնադիր վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ, Գավառ քաղաքի պատվավոր քաղաքացի Արմեն Արշալույսի Սիմոնյանի երկրային կյանքի ավարտի կապակցությամբ:

Գավառի պետական համալսարանի հիմնադիր ռեկտոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի հրավերով նա ձեռնամուխ եղավ բուհի բնագիտական ֆակուլտետի կենսաբանության, էկոլոգիայի և առողջ ապրելակերպի ամբիոնի կայացմանը և 26 տարի շարունակ աշխատեց ԳՊՀ-ում ամենայն պատասխանատվությամբ, մեծ սիրով և նվիրումով: Պրոֆեսոր Սիմոնյանը ծնվել է 1932 թվականին, Գավառ քաղաքում` ուսուցչի ընտանիքում: Գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը և 1960 թվականից մինչ 2019 թվականն աշխատել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտում՝ որպես Սաղմնաքիմիայի լաբորատորիայի վարիչ, միաժամանակ Գավառի պետական համալսարանում՝ որպես կենսաբանության, էկոլոգիայի և առողջ ապրելակերպի ամբիոնի վարիչ:

Արմեն Սիմոնյանը, անցնելով ակադեմիկոս Հրաչյա Բունիաթյանի ստեղծած հայկական կենսաքիմիական և Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանում ակադեմիկոս Ս. Սևերինի ու ակադեմիկոս Վ. Սկուլաչյովի կենսաքիմիական ու կենսաէներգետիկական գիտական դպրոցները, Հայաստանում ստեղծել է էվոլյուցիոն կենսաէներգետիկական ուղղությունը և կենսաէներգետիկների իր դպրոցը:

Պրոֆեսորը զեկուցումներով մասնակցել է Եվրոպական կենսաքիմիական ընկերության մի շարք կոնգրեսների աշխատանքներին: Առանձին զեկուցումներով հանդես է եկել Պրահայի, Լայպցիգի, Գյոթեբորգի, Ստոկհոլմի, Բեռլինի համալսարաններում:

Ավելի քան 400 գիտական աշխատանքների (որոնց մի մասը անգլերեն լեզվով) և  մենագրությունների հեղինակ է:

Արգասաբեր է նաև պրոֆեսոր Ա. Սիմոնյանի աշխատանքը մասնագիտական բառարանագրության և հայերեն ժամանակակից կենսաբանական միասնական տերմինաբանություն ստեղծելու բնագավառում:

Արմեն Սիմոնյանը ակադեմիկոս Ա. Գալոյանի հետ համահեղինակությամբ կազմել է «Ռուս-հայերեն կենսաքիմիական բացատրական բառարան» (500 էջ), որն իր տեսակի մեջ միակն է հայերեն լեզվով, և որի բառացանկի մեջ ներառվել են կենսաքիմիայի և մոլեկուլային կենսաբանության մեջ օգտագործվող ավելի քան 5000 տերմիններ ու հասկացություններ, տրվել են դրանց բացատրությունները, և մշակվել է հայերեն միասնական կենսաքիմիական տերմինաբանություն:

Առանձնահատուկ ուշադրության է արժանի Արմեն Սիմոնյանի՝ ԳՊՀ պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Իդա Բատիկյանի հետ համահեղինակությամբ հրատարակած «Ռուս-հայերեն-անգլերեն կենսաբանական բառարանը» (900 էջ)։ Բառարանը ներառում է կենսաբանության տարբեր բնագավառների վերաբերյալ ավելի քան 8000 տերմին։

Պարոն Սիմոնյանի ղեկավարությամբ պաշտպանվել են մեկ տասնյակ թեկնածուական ատենախոսություններ:

Հիմնադրել է Կենսաբանության, էկոլոգիայի և առողջ ապրելակերպի ամբիոնը, հետևողական աշխատանք կատարել երիտասարդ կենսաբան և էկոլոգ մասնագետների պատրաստման գործում` միաժամանակ ամրապնդելով բուհի և ԳԱԱ կենսաքիմիայի ինստիտուտի համագործակցությունը:

Գավառ համայնքի ավագանու որոշմամբ՝ գիտական, հասարակական ակտիվ գործունեության համար պրոֆեսոր Սիմոնյանին շնորհվել է Գավառի պատվավոր քաղաքացու կոչում: Իսկ Գավառի պետական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ համալսարանի մատուցած ծառայությունների, գիտամանկավարժական անուրանալի վաստակի համար Արմեն Սիմոնյանին շնորհվել է Գավառի պետական համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում:

Պրոֆեսորը կենսաքիմիայի ինստիտուտի և Գավառի պետական համալսարանի գիտական խորհուրդների, ինչպես նաև կենսաքիմիկոսների հանրապետական ասոցիացիայի ու նախագահության անդամ է եղել։

Հաշվի առնելով պրոֆեսորի գիտական ծանրակշիռ ներդրումը հանրապետությունում էվոլյուցիոն կենսաէներգետիկայի ուղղության ստեղծման ու զարգացման, գիտական կադրերի պատրաստման, գյուղատնտեսության մեջ գիտական արդյունքների ներդրման գործում, մասնագիտական բառարանագրության մեջ ունեցած հսկայական ավանդը, ինչպես նաև բուհական համակարգում մեծ վաստակը՝ Գավառի պետական համալսարանի գիտական խորհրդի և ՀՀ կրթության և գիտության նախարարի միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով Արմեն Սիմոնյանին շնորհվել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում:

Պրոֆեսոր Սիմոնյանը միշտ կմնա որպես մարդու, գիտնականի և ուսուցչի  վեհ օրինակ։

Գավառի պետական համալսարանի ռեկտորատ

 

 

Scroll to Top
Գավառի պետական համալսարան