Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ Գավառի պետական համալսարանում տեղի ունեցավ հանդիպում առաջին կուրսեցիների և նրանց ծնողների հետ։ Ողջույնի խոսքով հանդես եկավ ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը՝ շնորհավորելով առաջին կուրսեցիներին Գավառի պետական համալսարանի ընտանիքը համալրելու կապակցությամբ՝ կարևորելով նրանց կյանքի նոր և պատասխանատու փուլը։ ԳՊՀ պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը, դեկաններ Մարտին Ավագյանն ու Թաթուլ Ասոյանը, ամբիոնի վարիչներ Համլետ Ղաջոյանն ու Սամվել Ամիրխանյանը ներկայացրին համալսարանում ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները, բուհի ընձեռած հնարավորությունները, սոցիալական աջակցության ծրագրերը, միջազգային համագործակցության ուղղությունները, պատասխանեցին հուզող հարցերին։
ԳՊՀ էլեկտրոնային ուսուցման՝ «Learn.gsu.am» համակարգը և էլեկտրոնային գրադարանը ներկայացրեց համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի վարիչ Մարգար Հովհաննիսյանը։ Հանդիպման ավարտին ուսանողներին տրամադրվեցին տեղեկատվական թերթիկներ: