Flat Preloader Icon

 «ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ  ԱՐԺԵՇՂԹԱՆ»՝  ՔՆՆԱՐԿՄԱՆ  ԱՌԱՐԿԱ  

Գավառի պետական համալսարանում կայացավ սեմինար-քննարկում՝ նվիրված  «Զբոսաշրջության արժեշղթա»-յին, որը վարեց ոլորտի մասնագետ, ‹‹Armenian adventures›› զբոսաշրջային ընկերության փոխտնօրեն Արեգ Սինանյանը։

Բանախոսը ներկայացրեց զբոսաշրջության արժեշղթայի հիմնական բաղադրիչները, ոլորտի զարգացման արդի միտումները և նորարարական մոտեցումները, անդրադարձավ զբոսաշրջային փաթեթների մշակման, մարքեթինգային ռազմավարությունների, վաճառքի և սպասարկման գործընթացների, ֆինանսների շարժի, զբոսաշրջային բիզնեսի ռիսկերի և օգուտների մասին, ինչպես նաև կարևորեց հաճախորդների կարիքների  բացահայտման և վաճառքի հմտությունները։

Սեմինարի մասնակիցներն ակտիվորեն մասնակցեցին քննարկմանը։

Ավարտին բանախոսը ներկայացրեց «Armenian adventures»-ի հաջողության հիմնական գրավականները՝ շեշտադրելով նորարարությունը, հաճախորդի նկատմամբ հոգատարությունը և մատուցվող ծառայությունների փաթեթի շարունակական համալրումը:

 

 

‹‹ԲԱՐԵՎ, ՄԵ՛ՆՔ ԵՆՔ››․ ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ ԵՆ ԳՊՀ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԸ

Գավառի պետական համալսարանում կայացավ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի առաջին կուրսեցիների բեմելը՝ «Բարև, մե՛նք ենք» խորագիրը կրող միջոցառմամբ։ Ցերեկույթը վարում էին նույն ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհիներ Լաուրա Մանուկյանը և Քրիստինե Բատիկյանը, որոնք ներկայացրին  միջոցառման խորհուրդը՝ համալսարանական ընտանիք նոր ուսանողներ ընդունելու գեղեցիկ ավանդույթը: «Իրավագիտություն», «Պատմություն», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Անգլերեն լեզու և գրականություն», «Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտությունների առաջին կուրսերի ուսանողները ներկայացրին իրենց նախասիրություններն ու ձեռքբերումները, անդրադարձան ընտրած մասնագիտության կարևորությանն ու առանձնահատկություններին՝ կիսվելով նաև բուհի մասին իրենց տպավորություններով:

Ուսանողներին ջերմորեն շնորհավորեցին և հաջողություններ մաղթեցին ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան Թաթուլ Ասոյանը, հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ Համլետ Ղաջոյանը, կառավարման և ֆինանսների ամբիոնի վարիչ Սամվել Ամիրխանյանը:

Միջոցառումն ուղեկցվեց բովանդակալից սահիկաշարով, հետաքրքիր  բեմականացմամբ, երաժշտական և պարային գեղեցիկ կատարումներով: Համալսարանականներին ողջունեց Գավառի նորաստեղծ «Ռեստարտ Պրոջեքթ» երաժշտական համույթը, որի անդամներն են ծնունդով Արցախից, Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի շրջանավարտ Լիաննա Շահոյանը, Գավառի արվեստի դպրոցի դաշնամուրի բաժնի շրջանավարտ Սիրենա Շահինյանը և Նորատուսի թիվ 1 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Աննա Սողոյանը:

ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի առաջին կուրսեցիները միասնաբար ասացին․ «Բարև, մե՛նք ենք, և մենք կարևորում են կրթությունը որպես հաջողության ճանապարհ»։

 

 

ՈՐԱԿՅԱԼ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ

       Սիրելի՛ ուսանողներ, ջերմորեն շնորհավորում ենք ձեզ՝ Ուսանողների միջազգային օրվա առթիվ։ Բարձրագույն կրթություն ստանալը ձեր կարևոր սահմանադրական իրավունքն է, որի արդյունավետ իրականացումը վճռորոշ նշանակություն ունի յուրաքանչյուրիդ համար։
       Ուսանողական տարիներին անձը ձեռք է բերում մասնագիտական գիտելիքներ և կարողություններ, բացահայտում ու զարգացնում իր ներուժը, զինվում արժեքային ճիշտ կողմնորոշումներով։ Ուստի, դուք պետք է գիտակցաբար ստանձնեք ձեր ուսման պատասխանատվությունը և անվարան ընթանաք տեսական ու գործնական խորը գիտելիքներ, օգտակար սոցիալական փորձ, անհրաժեշտ հմտություններ կուտակելու ճշմարիտ ուղիով։
     Եղեք նպատակասլաց ու աշխատասեր, հիշեք, որ որակյալ կրթությունը դեպի հաջողություն տանող ճանապարհ է, զարգացման ու առաջընթացի երաշխիք։
Գավառի պետական համալսարանի ռեկտորատ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․  ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԳՊՀ  ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ  ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք, որ ս թ նոյեմբերի 20-ին, ժամը՝ 13։00-ին, համալսարանի կենտրոնական մասնաշենքի  Հրաչյա Աճառյանի անվան լսարանում տեղի կունենա «Զբոսաշրջության արժեշղթան» խորագրով սեմինար-քննարկում, որը կվարի ոլորտի մասնագետ, ‹‹Armenian adventures›› զբոսաշրջային ընկերության փոխտնօրեն Արեգ Սինանյանը։

Միաժամանակ, հրավիրում ենք ս․ թ․ նոյեմբերի 21-ին, ժամը՝  13։00-ին, Հրաչյա Աճառյանի անվան լսարանում հանդիպելու ‹‹AMERIA›› բանկի ներկայացուցիչների հետ և ծանոթանալու բանկի կողմից ուսանողների համար հայտարարված մրցույթի պայմաններին։  Սիրով սպասում ենք ձեզ։

 

             ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին

ԿԱՅԱՑԱՎ  ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ՝  ՆՎԻՐՎԱԾ  ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆՆ  ՈՒ ՆԵՐԱՌԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ  ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ  ԿՐԹՈՒԹՅԱՆ  ՈԼՈՐՏՈՒՄ

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում տեղի ունեցավ «Խթանելով հավասարությունն ու ներառականությունը բարձրագույն կրթության ոլորտում» խորագրով միջազգային աշխատաժողով:

Աշխատաժողովի նպատակն էր բարձրացնել բարձրագույն կրթության մեջ հավասարության և ներառականության կարևորության մասին իրազեկվածությունը և բացահայտել Հայաստանի Հանրապետությունում և Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում /ԵԲԿՏ/ առկա մարտահրավերները, ներկայացնել արդյունավետ փորձը, ինչը կնպաստի  բարձրագույն կրթության ոլորտում հավասարության և ներառականության ապահովմանը, բռնի տեղահանված անձանց աջակցության ցուցաբերմանը:

Գավառի պետական համալսարանից աշխատաժողովին մասնակցեց արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը։

Աշխատաժողովի խոսնակներն էին՝ ԵՄ փորձագետներ «Կրթության զարգացման ինստիտուտի» (Խորվաթիա) գործադիր տնօրեն Նինոսլավ Շչուկանեց Շմիդտը և նույն ինստիտուտի բարձրագույն կրթության քաղաքականության փորձագետ Թոմաս Ֆարնելը։

Խոսնակները հանդես եկան զեկուցումներով՝ հետևյալ թեմաներով․

1․ ‹‹Հավասարություն, ներառականություն, բազմազանություն և բարձրագույն կրթության սոցիալական չափանիշ՝ հիմնական տերմինները և քաղաքականությունները ԵԲԿՏ համատեքստում››,

2․ ‹‹Հավասարության և ներառականության մարտահրավերները ԵԲԿՏ-ում և անհավասարության հանգեցնող հիմնական գործոնները››,

3․ ‹‹Ինչպե՞ս բարձրագույն կրթության ոլորտում ընդունել քաղաքական որոշումներ հավասարության և ներառականության վերաբերյալ. մեթոդաբանության ներկայացում››,

4․ ‹‹Խորվաթիայի բարձրագույն կրթության անցած ուղին դեպի հավասարություն և ներառականություն››,

5․ ‹‹Աջակցություն քաղաքականությանը. ԵԲԿՏ շրջանակների և գործիքների ներկայացում՝ բուհերում արդարությանը և ներառականությանը աջակցելու համար, և ինչպես Հայաստանը կարող է օգտագործել դրանք››,

6․ ‹‹Հավասարության և ներառականության համար ազգային գործողություններին միտված նախագիծ. ծրագրի մշակում Խորվաթիայի օրինակով››,

7․ ‹‹Եվրոպական միտումներ, քաղաքականություններ և պրակտիկաներ՝ ԵՄ փորձագետներ տեղահանված անձանց աջակցության համար››,

8․ ‹‹Եվրոպական միտումներ, քաղաքականություններ և պրակտիկաներ՝ բարձրագույն կրթության մեջ արդյունավետություն ապահովելու համար››,

9․ ‹‹Համայնքի ներգրավվածությունը՝ հանուն հավասարության և ներառականության››։

Զեկուցումներին հաջորդում էին խմբային քննարկումները։

Աշխատաժողովի ընթացքում տեղի ունեցան նաև պանելային քննարկումներ,  ներկայացվեց ՀՀ բուհերի փորձը, քննարկվեցին  համագործակցությանն ուղված մի շարք առաջարկներ։

 

 

 

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՆԴԻՐ ԼՈՒԾՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՐՎԵՍՏԸ․ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՄԿԾ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԱՋՈՂՎԱԾ ՓՈՐՁԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Նոյեմբերի 6-ին ՈԱԱԿ նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՄԿԾ բարելավման հաջողված փորձի ներկայացման հերթական աշխատաժողովը, որին  մասնակցեցին ավելի քան 70  մասնագետներ Հայաստանի տարբեր բուհերից։   
Կարևորելով ՄԿԾ-ների բարելավման գործընթացը և հաջողված փորձի վերհանումն ու տարածումը՝ ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը նշեց․ «Այսօր ուսանողն այլևս չի ուզում միայն փաստեր սովորել։ Նա ուզում է միանգամից և սովորել, և վերլուծել, և տեսնել իր առաջընթացը»։  Պարոն Թոփչյանը շեշտեց, որ ուսանողը սովորում է հանձնարարությունների միջոցով, և վերջնարդյունահենք մոտեցումը ենթադրում է խնդիրներ լուծելու կարողության ձևավորում։ «Այսօրվա դասախոսը պետք է լինի խնդիր լուծող և ուսանողներին  սովորեցնի խնդիր լուծել»,- ասաց նա։
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեց ՄԿԾ-ի բարելավման երկու փորձ։
Գավառի պետական համալսարանի որակի ապահովման բաժնի վարիչ Քանաքարա Հայրապետյանը և Ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի վարիչ Վարազդատ Ավետիսյանը ներկայացրին բակալավրի մասնագիտական կրթական ծրագրերի բարելավման և արդիականացման կառուցակարգերը՝ «Համակարգչային ճարտարագիտություն» մասնագիտության օրինակով։
Նշվեց, որ ՏՏ ոլորտն արագընթաց է զարգանում, բուհի համար մարտահրավեր է աշխատաշուկայի արագ փոփոխվող կարիքներին արձագանքելը։ Ուստի հենց այս ՄԿԾ-ի օրինակով է բուհը փորձարկել ՄԿԾ-ների բարելավման և արդիականացման  իր մշակած կառուցակարգերը։
Հաջորդիվ ներկայացվեցին ՄԿԾ բովանդակության արդիականացման գործոնները և բարելավման ուղղությունները, որոնք կիրառել են բարելավման գործընթացում․ 

  •  դասախոսական կազմի համալրում,  
  • դասավանդման և ուսումնառության նոր մեթոդների կիրառում, 
  •  ուսանողների գնահատման նոր չափանիշների ներդրում, 
  • բենչմարքինգ, որի շրջանակներում ուսումնասիրել են միջազգային փորձը,  
  • հետազոտական աշխատանքներ, գիտական նորարարություններ, 
  • շահառուների կարծիքների ուսումնասիրություն և դրա հիման վրա նոր առարկաների ներդրում կամ եղածների բարելավում, 
  • նախագծահենք և աշխատանքի վրա հենված ուսուցում, այդ թվում գործատուի մոտ փորձնակության ծրագրի իրականացում,
  • համակարգչային լաբորատորիաների արդիականացում, 
  • նոր կրթական և տեղեկատվական տեխնոլոգիաների ինտեգրում ուսուցման գործընթացում։ 

Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի «Պատմություն» կրթական ծրագրի ղեկավար Նաթելլա Գրիգորյանը ներկայացրեց մոդուլային կառուցվածքով «Պատմություն» կրթական ծրագրի ներդրման փորձը։
Նշվեց, որ հայաստանյան բոլոր բուհերի պատմության ՄԿԾ-ներն ուսումնասիրել են, ապա նորովի մոտեցմամբ իրենց ծրագիրն են մշակել, որի արդյունքում   որոշ դասընթացներ, որոնք ընդհանուր վերջնարդյունքներ են ունեցել,  միավորվել են։ Բացի այդ, ապահովվում է դասավանդման ժամանակագրական մոտեցում, ինչը հնարավորություն է տալիս ուսանողին միևնույն ժամանակ ուսումնասիրել Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած պատմական զարգացումները, համեմատական վերլուծություն և համադրություններ անել։ Շեշտվեց, որ իրենց ուսումնասիրությունները վկայում են՝ համաժամանակյա ուսուցումն ուսանողին հնարավորություն է տալիս ավելի լավ պատկերացնել աշխարհը և պատմական զարգացումները։
Յուրաքանչյուր ներկայացումից հետո մասնակիցները հնարավորություն ունեցան ուղղել իրենց հարցերը և քննարկել ներկայացված փորձերը։   
Նշենք՝ ՄԿԾ բարելավման հաջողված փորձի ներկայացմանը նվիրված աշխատաժողովները պարբերական են։ Բոլոր այն մասնագետները կամ ուսումնական հաստատություները, որոնք  ունեն բարելավված կրթական ծրագրերի փորձառություն, կարող են դիմել ՈԱԱԿ-ին (նամակ գրելով info@anqa.am էլ․ փոստին)՝ հաջորդ միջոցառումների ընթացքում իրենց փորձը ներկայացնելու համար։

 

Տեղեկատվության աղբյուրը՝ ՈԱԱԿ-ի կայք , https://www.anqa.am/

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԱՋՈՂՎԱԾ ՓՈՐՁԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ՝  ՈԱԱԿ-Ի  ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎՈՒՄ  

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) նախաձեռնությամբ ս․ թ․ նոյեմբերի 6-ին տեղի ունեցավ մասնագիտական կրթական ծրագրերի (ՄԿԾ) բարելավման լավագույն փորձի ներկայացմանը նվիրված հերթական առցանց աշխատաժողովը։

Աշխատաժողովի 70-ից ավելի մասնակիցներին ներկայացվեցին Գավառի պետական համալսարանի  բակալավրի ՄԿԾ-ների բարելավման և արդիականացման կառուցակարգերը՝ «Համակարգչային ճարտարագիտություն» մասնագիտության օրինակով։ ԳՊՀ հաջողված փորձը ներկայացրին բուհի որակի ապահովման բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Քանաքարա Հայրապետյանը, ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու Վարազդատ Ավետիսյանը։

ԳՊՀ մասնագիտական կրթական ծրագրերի մշտադիտարկման  և բարելավման ընդհանուր սկզբունքները ներկայացրեց ուսումնագիտական գծով պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը՝ անդրադառնալով նաև համալսարանի ուսանողակենտրոն ուսուցման և արդյունավետ ուսումնառության գործընթացներին, որակի ապահովման ներբուհական համակարգին։

Քանաքարա Հայրապետյանը կրթական ծրագրի շարունակական բարելավման  գործընթացներում կարևորեց բոլոր շահառուների ներգրավվածությունը, նրանց կարծիքների և առաջարկությունների հավաքագրման ընթացակարգերը, որակի ապահովման ներքին շրջափուլը։

Վարազդատ Ավետիսյանը «Համակարգչային ճարտարագիտություն» կրթական ծրագրի օրինակով ներկայացրեց բուհում վերջնարդյունքահեն և աշխատանքահեն կրթության կազմակերպման փորձը, նախագծահեն ուսուցման և գնահատման մեթոդները, դասախոսների կողմից կիրառվող արդի տեխնոլոգիաները, արհեստական բանականությանը,  նորարարական զարգացումներին վերաբերող և ԳՊՀ-ում ներդրված  առարկաները, կատարված բովանդակային և կառուցվածքային փոփոխությունները՝ պայմանավորված գիտության և պրակտիկայի նվաճումներով, աշխատաշուկայի պահանջներով, բազմագրագետ մասնագետի պատրաստման հրամայականով։

«Պատմություն» մասնագիտության բակալավրի ՄԿԾ-ի բարելավման փորձը ներկայացրեց ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի «Պատմություն» կրթական ծրագրի ղեկավար Նաթելլա Գրիգորյանը։

Աշխատաժողովի արդյունքներն ամփոփեց ՈԱԱԿ-ի տնօրեն Ռուբեն Թոփչյանը՝ կարևորելով կրթության որակի բարձր մշակույթի արմատավորմանը միտված  հանդիպումների և քննարկումների կազմակերպումը, բուհերի դրական փորձի ուսումնասիրումն ու տարածումը, խրախուսելով նոր նախաձեռնությունները։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ  ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ  ՃԱՆԱՉՄԱՆ  ՀԱՐՑԵՐԸ՝  ՔՆՆԱՐԿՄԱՆ  ԱՌԱՐԿԱ

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «Ազգային մեխանիզմների բարելավումը փախստականների որակավորումների ճանաչման համար NATREC-RQ» Եվրոպայի խորհրդի դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ աշխատաժողովը։

Մասնակիցներին ողջունեցին ՀՀ ԿԳՄՍՆ ծրագրերի իրականացման վարչության ներկայացուցիչ Արսինե Աղաջանյանը, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Լիանա Ամիրբեկյանը և Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի տնօրեն Գայանե Հարությունյանը։

Գավառի պետական համալսարանից աշխատաժողովին մասնակցեց արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը։

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը ներկայացրեց Հայաստանում փախստականների հետ կապված որոշ վիճակագրական տվյալներ: Այնուհետև Եվրոպայի խորհրդի փորձագետ, Նորվեգիայի ներկայացուցիչ Մարինա Մալգինան ներկայացրեց փախստականների որակավորման եվրոպական անձնագիրը որպես փախստականների՝ դեպի բարձրագույն կրթություն հասանելիության ապահովման գրավական։ Նա նաև անդրադարձավ որակավորումների փոխճանաչմանը՝ այն համարելով փախստականների որակավորման եվրոպական անձնագրի շրջանակի կարևոր բաղադրիչ։

Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչ Նազանի Գևորգյանն ամփոփ ներկայացրեց օտարերկրյա որակավորումների գնահատման գործնական ուղեցույցը, իսկ ծրագրի գործընկերներ Երևանի պետական համալսարանի և Ճարտարապետության և շինարարության հայաստանի ազգային համալսարանի ներկայացուցիչները վերլուծեցին ծրագրի իրականացման արդյունքում բուհերի կուտակած փորձը։

Շնորհանդեսների ներկայացմանը հաջորդեցին հարցերն ու պատասխանները։

 

 

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Այսօր Գավառի պետական համալսարանում կայացավ ԳՊՀ ուսանողական խորհրդի նախագահի ընտրություն։ ԳՊՀ ուսանողական խորհրդի նախագահի թեկնածուներն էին «Հայոց լեզու և գրականություն» բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Լաուրա Մանուկյանն ու «Սերվիս» բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Նելլի Գրիգորյանը։

Նրանք  ներկայացրին իրենց նախընտրական ծրագրերը, որից հետո պատասխանեցին ուսանողների հարցերին։ Սահմանված կարգով անցկացվեց փակ, գաղտնի քվեարկություն, որի արդյունքում ԳՊՀ ուսանողական խորհրդի նախագահ ընտրվեց Լաուրա Մանուկյանը։

Շնորհավորում ենք ուսանողական խորհրդի նորընտիր նախագահ Լաուրա Մանուկյանին և մաղթում արդյունավետ աշխատանք։

Միաժամանակ, շնորհակալություն ենք հայտնում ԳՊՀ ուսանողական խորհրդի նախորդ նախագահին՝ Անահիտ Պողոսյանին, ակտիվ գործունեության համար։

 

ԳՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԴԱՍ

ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը 2024թ.-ի նոյեմբերի 4-10-ը իրականացնում է Մեդիագրագիտության շաբաթ՝ «Մեդիագրագիտությունը արհեստական բանականության դարաշրջանում» խորագրով։

«ՀՀ մարզաբնակ ուսանողների մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության կարողությունների զարգացում ԱՊՀ երիտասարդների հետ համագործակցությամբ» ծրագրի շրջանակում ս․ թ․ նոյեմբերի 6-ին Գավառի պետական համալսարանում անցկացվեց մեդիագրագիտությանը նվիրված դաս, որը վարեցին ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Իրավագիտություն» բաժնի 1-ին կուրսի ուսանողուհի Միլենա Դարբինյանն ու Լանջաղբյուր գյուղի Վ. Ադամյանի անվան միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Աննա Մնացականյանը, ովքեր վերապատրաստվել էին վերոնշյալ ծրագրի շրջանակներում։

Դասի ընթացքում անդրադարձ եղավ մեդիայի զարգացման պատմությանը, մեդիայի տեսակներին, մեդիագրագիտության կարևորության, սոցիալական ցանցերի, կիբեռանվտանգության հարցերին, թվային հաղորդակցության էթիկայի
կանոններին։

Դասին մասնակցեցին ԳՊՀ ուսանողներ,  պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի ներկայացուցիչներ, Լանջաղբյուրի միջնակարգ դպրոցի աշակերտներ։

Scroll to Top
Գավառի պետական համալսարան