ԳՊՀ  29-ՐԴ  ԳԻՏԱԺՈՂՈՎԻ  4-ՐԴ  ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ  ՄԱՍԻՆ

Գավառի պետական համալսարանի ամենամյա՝ 29-րդ միջազգային գիտաժողովի 4-րդ բաժանմունքում տեղի ունեցած քննարկումները նվիրված էին տնտեսագիտության արդի հիմնահարցերին։ Բաժանմունքի աշխատանքը ղեկավարեց ԳՊՀ կառավարման և ֆինանսների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Սամվել Ամիրխանյանը «Հանքարդյունաբերող կազմակերպությունների գործունեության կառավարման գնահատումը և բարելավման  ուղիները «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի օրինակով» թեմայով էր պարոն Ամիրխանյանի և  ԳՊՀ տնտեսագիտություն  բաժնի  4-րդ կուրսի ուսանողուհի Արմինե Սաֆոյանի համահեղինակությամբ ներկայացված զեկուցումը։

ԳՊՀ հաշվապահական հաշվառման ամբիոնի վարիչ, տնտեսագիտության  թեկնածու, դոցենտ Հակոբ Ղուլոյանն  անդրադարձավ  տարածաշրջանային  բարձրագույն ուսումնական հաստատությունների դերին և տվյալ տարածաշրջանի «կանաչ» տնտեսության ու կայուն զարգացման վրա ազդեցությանը։   «Կանաչ» տնտեսության ընդհանուր բնութագրի և անցման հիմնախնդիրների  վերաբերյալ բովանդակալից զեկուցում ներկայացրեց ԳՊՀ կառավարման և ֆինանսների ամբիոնի և ՀԱՊՀ դասախոս, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Դավիթ Անդրոյանը։ Հայաստանի Հանրապետությունում «Կանաչ» տնտեսության զարգացման հեռանկարների վերաբերյալ համահեղինակությամբ պատրաստել էին զեկուցում  նաև պարոն Ամիրխանյանը և ԳՊՀ ֆինանսներ (ըստ ոլորտի) բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի  Անահիտ Ասատրյանը։

Հայաստանի Հանրապետությունում  ֆինանսական խարդախությունների հիմնախնդրին էր նվիրված ԳՊՀ հաշվապահական հաշվառման ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ  Կարեն Մամիկոնյանի զեկուցումը։

«Կրիպտոակտիվների կարգավորումը Հայաստանում. ԵՄ և ԱՄՆ փորձի համեմատական վերլուծություն» թեմայով զեկուցումով հանդես եկավ ՀՊՏՀ տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բիզնեսի ամբիոնի ասպիրանտ Լևոն Արքելաթյանը։ Գիտական հոդվածի համահեղինակն է նույն ամբիոնի վարիչ Արմեն Ղազարյանը։

ԳՊՀ կառավարման և ֆինանսների ամբիոնի դասախոս Աստղիկ Հովեյանն անդրադարձավ համայնքային զարգացման հիմնախնդիրների վերլուծությանը և զարգացման հեռանկարների գնահատմանը արժեշղթաների կիրառման մոդելի շրջանակում։

ՀՀ արդյունաբերությանը, դրա զարգացման միտումներին   էր նվիրված ԳՊՀ հաշվապահական հաշվառման ամբիոնի դասախոսներ Վալերի Առաքելյանի և  Սևակ Մարկոսյանի  համահեղինակությամբ պատրաստված զեկուցումը։

«Ամբողջական արդյունքային լուծումների մեջ իրականությանը նայելու հնարավոր տարբերակներից մեկը Գավառ համայնքի/քաղաքի՝ Երևանի հետ համեմատության օրինակով»  թեմայով հանդես եկավ ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ  Արմինե Սչանյանը։

Զեկուցումներն ուղեկցվում էին բովանդակալից քննարկումներով։ Բաժանմունքի աշխատանքներն ամփոփեց Սամվել Ամիրխանյանը՝ նշելով, որ ներկայացված առաջարկություններն օգտակար կլինեն ձեռնարկությունների,   կազմակերպությունների, համայնքների հետագա գործունեությունն ավելի արդյունավետ կազմակերպելու, «կանաչ» տնտեսությանն անցման հիմնախնդիրները գիտականորեն վերլուծելու առումներով,  ինչպես նաև  կօգնեն բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներին՝ գիտահետազոտական աշխատանքներ կատարելիս։

ԲԱՑ ԴԱՍ ԳՊՀ-ՈՒՄ՝ «ԳԱՎԱՌԻ ԲԱՆԱՐՎԵՍՏԻ ՄԵՐՕՐՅԱ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ

Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետում կայացավ գիտագործնական ուղղվածությամբ «Գավառի բանարվեստի մերօրյա դրսևորումները» խորագրով բաց դաս, որը վարեց Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Լուսինե Ղռեջյանը:

Բաց դասին ներկա էին հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ուսանողներ, պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ: Ներկա էին նաև Գավառի Պ. Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները, որոնք հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լուսինե Հովհաննիսյանի ղեկավարմամբ իրականացնում էին նախագծային աշխատանք՝«Բանավոր պատմությունների գանձարան» թեմայով:

Բաց դասի ընթացքում Լուսինե Ղռեջյանը հանգամանորեն ներկայացրեց Գավառի տարածաշրջանի բանահյուսական ժառանգության հարուստ պատմությունը, անդրադարձավ դաշտային բանահավաքչական աշխատանքների մեթոդաբանությանը, բանագիտական նյութերի գրառման և հրատարակման գործընթացներին: Հատուկ անդրադարձ կատարվեց Գավառի տարածաշրջանի բանահյուսության արդի վիճակին և կենսունակությանը ժամանակակից սոցիալ-մշակութային պայմաններում:

Դասն անցավ փոխներգործուն մեթոդներով, ակտիվ հարց ու պատասխանի ձևաչափով: Աշակերտները ներկայացրին նախագծային աշխատանքների շրջանակներում իրենց գրառած բանահյուսական պատառիկներն ու նյութերը: Լուսինե Ղռեջյանը յուրաքանչյուր թեմայի շուրջ տվեց մասնագիտական պարզաբանումներ, ուղղորդեց սովորողներին գիտական ճշգրիտ ձևակերպումների հարցում:

Ամփոփելով բաց դասը՝ տիկին Ղռեջյանը կարևորեց ազգային մշակույթի և բանարվեստի ավանդույթների շարունակականության ապահովմանն ուղղված աշխատանքները և երիտասարդ սերնդի դերը ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման ու  արժևորման հարցում:

 

ԳՊՀ 29-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ 3-ՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ

Գավառի պետական համալսարանի ամենամյա՝ 29-րդ միջազգային գիտաժողովի 3-րդ բաժանմունքի աշխատանքը ղեկավարեց սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, տնտեսագիտության թեկնածու, ԳՊՀ դասախոս Արմեն Սահակյանը։ Պարոն Սահակյանը ներկայացրեց զեկուցում՝ «Արհեստական ​​բանականության դերը Հայ եկեղեցու ծխական համայնքների կյանքում. աստվածաբանական և սոցիոլոգիական վերլուծություն» թեմայով։
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս Լիանա Բալյանը զեկուցեց սոցիալական գործընկերության արդյունավետության գնահատման հիմնահարցերի վերաբերյալ։
Սանկտ Պետերբուրգի պետական ​​տնտեսագիտական ​​համալսարանի դասախոս, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Սերգեյ Բիստրանցևը և ուսանողուհի Վարվառա Բոյչենկոն ներկայացրին հետաքրքիր զեկուցում՝ նվիրված հայկական կինոմատոգրաֆիայի դերին և լսարանի վրա ունեցած ազդեցությանը։ Բելառուսի պետական ​​տնտեսագիտական ​​համալսարանի դասախոս, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Վերոնիկա Գուրկոն և նույն համալսարանի ուսանող Գլեբ Բրյուսովցևը համահեղինակությամբ ներկայացրին զեկուցում առևտրի և հասարակական սննդի հիմնական օբյեկտների հաշվառման մեթոդաբանական առանձնահատկությունների վերաբերյալ։
Բելառուսի պետական ​​տնտեսագիտական ​​համալսարանի համաշխարհային տնտեսության ամբիոնի դասախոս, տնտեսագիտության դոկտոր, դոցենտ Վերա Ժիգինան զեկուցեց տնտեսական ինտեգրացիայի ծրագրերի, զարգացման միտումների և ֆինանսավորման կառուցակարգերի մասին։
Դոնեցկի ազգային տնտեսագիտության և առևտրի համալսարանի շուկայաբանության և առևտրի ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու Լև Սարգիսյանը և նույն համալսարանի ուսանող Միխայիլ Միշինը համատեղությամբ ներկայացրին գիտական զեկուցում՝ «Էկոմարքեթինգի ներդրման առանձնահատկությունները ձեռնարկատիրական գործունեությունում» թեմայով։
Բելառուսի սպառողական կոոպերատիվների առևտրի և տնտեսագիտության համալսարանի ավագ դասախոս Իննա Նովիկովայի և նույն համալսարանի ուսանող Ալեքսանդր Դերգելևի զեկուցումը նվիրված էր փոքր բիզնեսի հաշվետվությունների համար սոցիալական արդյունավետության ցուցիչների (KPI) համակարգի մշակմանը։
Զեկուցումներն ուղեկցվեցին քննարկումներով, մտքերի փոխանակմամբ։
Պարոն Արմեն Սահակյանը ամփոփեց բաժանմունքի աշխատանքը և շնորհակալություն հայտնեց գիտաժողովի մասնակիցներին՝ կարևորելով դասախոսների և երիտասարդ հետազոտողների գիտական գործունեությունը։

ԳՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Գավառի պետական համալսարանում մեկնարկեց բակալավրիատի և մագիստրատուրայի ավարտական կուրսերի ուսանողների ամփոփիչ ատեստավորման գործընթացը։ «Դեղագործական քիմիա», «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտությունների հեռակա բաժնի ուսանողները, «Սերվիս» մասնագիտության բակալավրիատի առկա և հեռակա բաժինների ուսանողները հաջողությամբ պաշտպանեցին ավարտական աշխատանքները։
Նրանք ներկայացրին տեսական և գործնական հիմնախնդիրներ բովանդակող ավարտական աշխատանքներ՝ անդրադառնալով ոլորտային արդիական հարցերին և առաջարկելով որոշակի լուծումներ։ Ուսանողները ցուցաբերեցին մասնագիտական վերլուծության կարողություններ։
Հանձնաժողովի անդամները բարձր գնահատեցին շրջանավարտների պատրաստվածության մակարդակը՝ ընդգծելով աշխատանքների բովանդակային հագեցվածությունն ու տրամաբանական կառուցվածքը, թեմաների կարևորությունն ու ներկայացված առաջարկությունների հիմնավորվածությունը։
Ամփոփիչ ատեստավորման գործընթացը ԳՊՀ-ում շարունակվում է։
Հաջողություն ենք մաղթում 2025-2026 ուսումնական տարվա բոլոր շրջանավարտներին։

ԳՊՀ 29-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ 2-ՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գավառի պետական համալսարանի ամենամյա՝ 29-րդ միջազգային գիտաժողովի 2-րդ մասնագիտական բաժանմունքում ներկայացվեցին զեկուցումներ իրավագիտության և քաղաքագիտության արդի հիմնահարցերի վերաբերյալ։

Գավառի պետական համալսարանի և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի դասախոս, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանը և ԳՊՀ ռեկտոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ Ռուզաննա Հակոբյանը համահեղինակությամբ պատրաստել էին զեկուցում՝ «Պառլամենտի գործառույթների  իրականացման կառուցակարգերը Կառավարության հետ փոխհարաբերությունների համատեքստում» թեմայով։

ԳՊՀ իրավագիտության ամբիոնի պրոֆեսոր, իրավաբանական  գիտությունների թեկնածու, դոցենտ Սամվել Խաչատրյանը  ներկայացրեց զեկուցում  իրավունքի և կանխագուշակության վերաբերյալ։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մեքենասարքավորումների ճարտարագիտության և տեխնիկական անվտանգության ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների թեկնածու Հայկանդուխտ Ղարիբյանը, ռազմագիտության մասնագետ, դոցենտ Համլետ Մաթևոսյանը, Լիսաբոնի համալսարանի դոկտորանտներ Արմեն Չիլինգարյանը և  Լիլիթ Մինասյանը համահեղինակությամբ պատրաստել էին զեկուցում արտակարգ իրավիճակներում  բնակչության պատսպարման իրավական կարգավորման որոշ հարցերի վերաբերյալ։ Զեկուցման հիմնական դրույթները ներկայացրեց Հայկանդուխտ Ղարիբյանը։ Դոնեցկի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքականության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Ելենա Կուզնեցովան ներկայացրեց զեկուցում՝ «Մշակութային-հումանիտար ոլորտը և երիտասարդական դիվանագիտությունը Եվրասիական ինտեգրման շրջանակներում» թեմայով։

ԳՊՀ իրավագիտության ամբիոնի դասախոս, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հայցորդ Անի Ամիրյանի զեկուցումը վերաբերում էր պետական իշխանության բաժանման և հավասարակշռման տեսամեթոդական հիմունքներին, իսկ Հայաստանի եվրոպական համալսարանի հայցորդ  Սերյոժա Դավթյանը ներկայացրեց զեկուցում՝ «Արդար դատաքննության իրավունքի արժեբանական հիմքերը և զարգացման էվոլյուցիան Հայաստանի Հանրապետությունում» թեմայով։ Զեկուցումներն   ուղեկցվեցին բովանդակալից քննարկումներով։ Բաժանմունքի նախագահ Ռուզաննա Հակոբյանը շնորհակալություն հայտնեց ԳՊՀ գիտաժողովի մասնակիցներին և ամփոփեց մասնագիտական բաժանմունքի աշխատանքները։

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Գավառի պետական համալսարանում կայացավ հանդիպում ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Նորին Գերազանցություն Պետր Պիրունչիկի և ՀՀ-ում Ռումինիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Նորին Գերազանցություն Կորնել Իոնեսկուի հետ՝ «Եվրոպական միությունը երիտասարդների համար եկեք խոսենք այն մասին, ինչը միավորում է մեզ» խորագրով։ Հանդիպումը տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կազմակերպած Եվրոպայի օրերի միջոցառումների շրջանակում։

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը՝ անդրադառնալով կրթության և միջազգային համագործակցության կարևորությանը՝ երիտասարդների մասնագիտական կայացման և մրցունակության ապահովման գործում։ Ելույթով հանդես եկան դեսպաններ Պետր Պիրունչիկը և Կորնել Իոնեսկուն։

Բանախոսները ներկայացրին  ուսանողների և  դասախոսների  համար նախատեսված ԵՄ կրթական, գիտահետազոտական ծրագրերը,  ինչպես նաև եվրոպական փորձը երիտասարդական քաղաքականության ոլորտում։

Մասնակիցները հյուրերին ուղղեցին հարցեր միջազգային ակադեմիական շարժունության ծրագրերի, միջբուհական համագործակցության հնարավորությունների մասին։

ԳՊՀ 29-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԱՌԱՋԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ

2026 թ․ մայիսի 2-ին կայացած Գավառի պետական համալսարանի ամենամյա՝ 29-րդ միջազգային գիտաժողովի առաջին բաժանմունքում ներկայացվեցին զեկուցումներ փիլիսոփայական, աստվածաբանական, պատմական, մշակութաբանական գիտությունների տարբեր հիմնախնդիրների վերաբերյալ։

Ծրագրում զեկուցումները նվիրված էին հայոց պատմության հիմնախնդիրներին՝ Հայաստանի առաջին հանրապետության մամուլին, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը, 1945 թ․ Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցին, ինչպես նաև 1915-1920-ականների Նոր Բայազետի գավառում որբախնամ գործունեության կազմակերպման խնդիրներին։

Գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Համլետ Ղաջոյանը (զեկուցման թեման՝ «Վլադիկ Ներսիսյանցի «Ցիվիլիզմի մանիֆեստը» աշխատությունը որպես հասարակության առաջընթացի մոդել»), ամբիոնի դասախոսներ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վալերի Թունյանը (զեկուցման թեման՝ «Հայկական հարցը և եվրոպական տերությունները ռուսական պատմագրությունում»), պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արսեն Հակոբյանը (զեկուցման թեման՝ ««Յուրացում» ջնջման միջոցով. հիշողությունը և տարածքը օկուպացված Ստեփանակերտում»), պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Քանաքարա Հայրապետյանը (զեկուցման թեման՝ «Որբախնամ գործունեության կազմակերպումը Նոր Բայազետի գավառում (1915-1920-ական թթ.»): Դասախոս Քանաքարա Հայրապետյանի հետ համահեղինակությամբ զեկուցումներ ներկայացրին Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Պատմություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհիներ Լենա Խաչատրյանը (զեկուցման թեման՝ «Նադիր Շահի բռնագաղթի քաղաքականությունը Արևելյան Հայաստանում») և Արմինե Ասլանյանը (զեկուցման թեման՝ «1945 թվականին Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրության հարցի շուրջ»):

Գիտաժողովին զեկուցմամբ հանդես եկավ ՀՊՏՀ դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Աննա Ասատրյանը (զեկուցման թեման՝ «ՏԻՄ-երի գործունեության լուսաբանումը Հայաստանի առաջին հանրապետության մամուլի էջերում»): Բաժանմունքի աշխատանքներն ընթացան ակտիվ հարց ու պատասխանի և քննարկումների մթնոլորտում։ Բաժանմունքի աշխատանքի ավարտին մասնակիցներն իրենց գոհունակությունն արտահայտեցին և շնորհակալական խոսք ուղղեցին գիտաժողովի կազմակերպիչներին՝ ԳՊՀ 29-րդ գիտաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու կապակցությամբ:

 

 

ԳՊՀ ԴԱՍԱԽՈՍ ԼՈՒՍԻՆԵ ԲԱԽՏԻԿՅԱՆԸ՝ ԻՍՊԱՆԻԱՅԻ ՄՈՒՐՍԻԱՅԻ ՍՈՒՐԲ ԱՆՏՈՆԻՈՍ ԿԱԹՈԼԻԿ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Եվրոպական միության «Էրազմուս+» միջազգային շարժունության ծրագրի շրջանակներում Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի իրավագիտության ամբիոնի դասախոս Լուսինե Բախտիկյանը մասնակցեց Իսպանիայի Թագավորության Մուրսիա քաղաքի Սուրբ Անտոնիոս կաթոլիկ համալսարանում (UCAM) կազմակերպված 2026 թվականի միջազգային շաբաթին։ «Միջազգային շաբաթ-2026»-ի հիմնական նպատակն էր ներկայացնել եվրոպական կրթական ու գիտական համակարգը, միջազգային համագործակցության ուղղությունները։
Լուսինե Բախտիկյանը մասնակցեց ակադեմիական շարժունությանը նվիրված աշխատաժողովին, բուհերի միջազգայնացման ռազմավարությանը և առաջավոր փորձի փոխանակմանը վերաբերող նիստերին։ Աշխատաժողովների ընթացքում տարբեր երկրների պատվիրակներ ներկայացրին իրենց բուհերի կրթական ծրագրերն ու միջազգային փորձը։ Լուսինե Բախտիկյանը բովանդակալից շնորհանդեսով ներկայացրեց Գավառի պետական համալսարանը, բուհի կրթական ծրագրերը, գիտահետազոտական գործունեությունը, միջազգային համագործակցության հնարավորությունները։ Մասնակիցները եղան նաև Կարթագենի համալսարանական մասնաճյուղում, այցելեցին հռոմեական հնագույն թատրոն, Մուրսիա քաղաքի հնագիտական թանգարան։
Միջազգային շաբաթին մասնակցությունը հնարավորություն է՝ ձեռք բերելու նոր գիտելիքներ, ծանոթանալու եվրոպական կրթական փորձին, ինչպես նաև հաստատելու գործընկերային նոր կապեր, որոնք կարող են հիմք դառնալ հետագա համագործակցության ու համատեղ ծրագրերի իրականացման համար։

ԳՊՀ ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉ ԳԱՅԱՆԵ ՄԻՐԻԲՅԱՆԸ՝ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԿՈՐԴՈԲԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Եվրոպական միության «Էրազմուս+» միջազգային շարժունության ծրագրի շրջանակներում Գավառի պետական համալսարանի օտար լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Գայանե Միրիբյանը մասնակցել է Իսպանիայի Թագավորության Կորդոբայի համալսարանում կայացած «Միջազգային շաբաթ-2026» (International Week-2026) միջոցառմանը։
Միջազգային շաբաթը համագործակցային հարթակ է, որը նպատակ ունի հնարավորություն ընձեռել գործընկեր համալսարանների պրոֆեսորադասախոսական կազմի անդամներին՝ ծանոթանալու Կորդոբայի համալսարանի Կրթական գիտությունների և հոգեբանության ֆակուլտետի (FCEP) ծրագրերին, մասնակցելու դասախոսությունների, աշխատաժողովների, մշակութային միջոցառումներին, ինչպես նաև ամրապնդել ինստիտուցիոնալ գործընկերությունը՝ կրթության և հոգեբանության ոլորտներում գիտելիքի և լավագույն փորձի փոխանակման միջոցով։ Միջազգային շաբաթի շրջանակներում Գայանե Միրիբյանը ներկայացրեց Հայաստանի և Գավառի պատմամշակույթային արժեքները, Գավառի պետական համալսարանի միջազգային համագործակցության ծրագրերը, ինչպես նաև մասնակցեց որակի ապահովման, մշակութային երկխոսության և կրթության միջազգայնացման թեմաներով քննարկումներին ու մշակութային ծրագրերի։
ԵՄ «Էրազմուս+» շարժունության ծրագրերը ԳՊՀ դասախոսների համար կարևոր են ուսումնական գործընթացների ժամանակակից մոտեցումներին ծանոթանալու, լավագույն փորձն ուսումնասիրելու և միջբուհական գործընկերությունն ամրապնդելու համար։

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԳՊՀ-ՈՒՄ՝ «ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՄԱԿ-Ի ԿՈՆՎԵՑԻԱՆ ԵՎ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ

2026 թվականի հոկտեմբերին Հայաստանի Հանրապետությունում կայանալիք COP-17 համաժողովին ընդառաջ Գավառի պետական համալսարանում կյանքի կոչվեց հերթական նախաձեռնությունը․ իրավագիտության ամբիոնի և հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ կայացավ «Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիան և ներպետական իրավական կարգավորումները» խորագրով ուսանողական գիտաժողով՝ նվիրված կենսաբանական բազմազանության պահպանության միջազգային իրավական հիմքերին, հիմնական սկզբունքներին, պետությունների պարտավորություններին և բնապահպանական մարտահրավերներին դիմակայելու միջոցներին։

Գիտաժողովին մասնակցեցին Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցի տնօրեն Աննա Գասպարյանը, դպրոցի ուսուցիչներ և աշակերտներ:

Բացման խոսքով հանդես եկավ ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը։ Կոնվենցիայի նշանակությունը ներկայացրեց իրավագիտության ամբիոնի դասախոս Անի Ամիրյանը։

ԳՊՀ իրավագիտության բաժնի 2-րդ կուրսի ուսանողները ներկայացրին բովանդակալից զեկուցումներ` հետևյալ թեմաներով.

Մարիամ Հարոյան, թեմա՝ «Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի հիմնական դրույթները և իրագործման կառուցակարգերը»,

Աստղիկ Շայրիկյան, թեմա՝ «ՀՀ ջրային օրենսգրքի իրավակարգավորումները»,

Փերի Իրիցյան, թեմա՝ ««Հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքը՝ ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի նորմերի համատեքստում»,

Միլենա Դարբինյան, թեմա՝ «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի կիրառման խնդիրների շուրջ»,

Անուշ Բեգոյան, թեմա՝ ««Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի կիրառման հիմնախնդիրները»,

Նարինե Ավետիսյան, թեմա՝ «ՀՀ անտառային օրենսգրքի կարգավորման առարկայի մասին»,

Վահե Դվոյան, Գոռ Կարապետյան, Արմեն Հակոբյան, թեմա՝ «ՀՀ հողային օրենսգրքի դրույթները և դրանց բարելավման ուղիները»:

Զեկուցումներն ուղեկցվեցին հարց ու պատասխաններով, քննարկումներով, ուսանողների հիմնավորված առաջարկություններով։

Ուսանողական գիտաժողովն ամփոփեցին և կենսաբանական բազմազանության պահպանությունը կարևորեցին ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը, դեկաններ Մարտին Ավագյանն ու Թաթուլ Ասոյանը, ամբիոնների վարիչներ Համլետ Ղաջոյանը և Սամվել Ամիրխանյանը, Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցի տնօրեն Աննա Գասպարյանը և դպրոցի հասարակագիտության ուսուցչուհի Լորետա Մուրադյանը։

Scroll to Top
Գավառի պետական համալսարան