Այսօր կլրանար Գավառի պետական համալսարանի հիմնադիր ռեկտոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ, Գավառի պատվավոր քաղաքացի Հրանտ Խաչատուրի Հակոբյանի ծննդյան 97-րդ տարեդարձը։ Հրանտ Հակոբյանը ծնվել է 1927 թվականի դեկտեմբերի 17-ին Նոր Բայազետի շրջանի (այժմ` Գեղարքունիքի մարզի) Սարուխան գյուղում` արհեստավորի ընտանիքում: 1944 թվականին գերազանց առաջադիմությամբ ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը: 1944-1946 թվականներին աշխատել է գյուղի կոլտնտեսությունում: 1946-1948 թվականներին սովորել և ավարտել է Կամոյի (այժմ` Գավառի) մանկավարժական տեխնիկումը: Այնուհետև կրթությունը շարունակել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում: 1948-ից 1950 թվականներին` երկու տարվա ընթացքում, գերազանցությամբ ավարտել է ինստիտուտը: 1950-1954 թվականներին որպես ուսուցիչ աշխատել է Բասար-գեչարի շրջանի (այժմ` Վարդենիսի), ապա Կամոյի շրջանի Կարմիրգյուղի, Բատիկյանի (այժմ` Գանձակ գյուղի) դպրոցներում, այնուհետև նշանակվել է Գեղարքունիք գյուղի դպրոցի ուսմասվար: Աշխատանքին զուգահեռ` Հրանտ Հակոբյանը 1954 թվականին ընդունվել է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետ և 1956 թվականին գերազանցությամբ, էքստեռն կարգով ավարտել այն: Ունենալով պատմաբանի և բանասերի մասնագիտություն՝ սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան` փիլիսոփայություն մասնագիտությամբ:
1956 թվականին Հրանտ Հակոբյանը նշանակվել է Սարուխանի միջնակարգ դպրոցի տնօրեն և այդ պաշտոնում աշխատել մինչև 1962 թվականը: Նրա կազմակերպական փայլուն տաղանդի, հմուտ մանկավարժական կարողությունների շնորհիվ դպրոցը դարձավ շրջանի առաջատար կրթօջախներից մեկը, և տնօրենի աշխատանքը բազմիցս խրախուսվեց ՀԽՍՀ լուսավորության նախարարության կողմից:
Նա 1962 թվականին նշանակվում է Կամոյի կուսշրջկոմի ագիտացիայի ու պրոպագանդայի բաժնի վարիչ: Երկու տարի անց դարձյալ վերադառնում է կրթության ոլորտ, քանզի մանկավարժությունը Հրանտ Հակոբյանի տարերքն էր: 1964 թվականին աշխատանքի է հրավիրվում Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, որտեղ և աշխատում է մինչև 1985 թվականը` որպես ինստիտուտի փիլիսոփայության ամբիոնի ավագ դասախոս, դոցենտ, ապա ամբիոնի վարիչի տեղակալ:
Հրանտ Հակոբյանը 1973 թվականին պաշտպանում է թեկնածուական ատենախոսություն, 1978 թվականին ստանում դոցենտի կոչում: 1990 թվականին Հակոբյանը պաշտպանում է դոկտորական ատենախոսություն` ստանալով փիլիսոփայական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 1991 թ-ին նրան շնորհվում է պրոֆեսորի կոչում:
1985 թվականին Հրանտ Հակոբյանը ընտրվում է Երևանի պետական համալսարանի աթեիզմի տեսության և պատմության միջբուհական ամբիոնի վարիչ:
Նրա նախաձեռնությամբ և ակտիվ մասնակցությամբ ԵՊՀ գիտական խորհուրդը վերանայում է ուսումնական պլանները, և մայր բուհում սկսում են դասավանդել ոչ թե աթեիզմի տեսություն, այլ «Կրոնների պատմություն և տեսություն» առարկան, ինչն այդ ժամանակի համար բացառիկ խիզախ քայլ էր: Այդ նորարարությունն իր տարածումն է գտնում նաև մյուս բարձրագույն ուսումնական հաստատություններում: Հրանտ Հակոբյանը ակտիվ մասնակցություն է ունենում ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի հիմնադրման գործում, և ֆակուլտետում շուրջ մեկ տասնամյակ ղեկավարում է Կրոնագիտության ամբիոնը:
Որտեղ էլ աշխատել է պրոֆեսոր Հակոբյանը, սերտ կապերով կապված է եղել իր ծննդավայրի հետ, նրա միտքը միշտ զբաղեցրել է Գավառում բարձրագույն ուսումնական հաստատություն ստեղծելու խնդիրը: 1991 թվականին` ԽՍՀՄ փլուզումից հետո, նորանկախ երկրում տիրող սոցիալ-տնտեսական ճգնաժամի պայմաններում խիստ դժվարացել էր հեռավոր շրջաններից մայրաքաղաք հասնելը, Երևանում բնակվելը և բարձրագույն կրթություն ստանալը: Էականորեն պակասել էր նաև Գավառի տարածաշրջանից բուհ ընդունվողների թիվը: Այդ ծանր ժամանակահատվածում հայրենասեր հայորդին նախաձեռնեց Գավառում բուհ ստեղծելու հայրենանվեր գործը, և նրա ջանքերով ու ՀՀ կառավարության 1993 թվականի մայիսի 5-ի որոշմամբ հիմնադրվեց Գավառի պետական համալսարանը, որի հիմնադիր ռեկտոր նշանակվեց պրոֆեսոր Հակոբյանը: Այդ պաշտոնում նա աշխատեց մինչև 2006 թվականը` իր ողջ ուժերը, եռանդը, մանկավարժական, կազմակերպչական փորձն ու գիտելիքները ներդնելով համալսարանի կայացման, ուսումնադաստիարակչական աշխատանքների արդյունավետության բարձրացման և ժամանակակից ուսումնական հաստատություն ձևավորելու գործին: 2006 թվականի մարտին Հրանտ Հակոբյանն ընտրվեց ԳՊՀ խորհրդի նախագահ:
Բազմամյա արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար պրոֆեսոր Հակոբյանն արժանացել է բազմաթիվ պարգևների, պատվոգրերի և մեդալների:
1987 թվականին պարգևատրվել է «ԽՍՀՄ աշխատանքի վետերան» մեդալով, ապա արժանացել ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալի, Երևանի պետական համալսարանի ոսկե մեդալի, մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի անվան ոսկե մեդալի: 2008 թվականին ստացել է Քեմբրիջի միջազգային կենսագրությունների կենտրոնի հուշամեդալը, իսկ 2010 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով ստացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի կոչում: Պարոն Հակոբյանի գիտամանկավարժական բեղուն գործունեության միջազգային հավաստումն է նաև այն, որ նա Քեմբրիջի միջազգային կենսագրությունների կենտրոնի կողմից ճանաչվել է «XXI դարի նշանավոր մտավորականներից» մեկը: Հրանտ Հակոբյանը Գավառի պատվավոր քաղաքացի է: Հեղինակ է մեկ տասնյակ մենագրությունների ու գրքերի, ավելի քան 100 գիտական ու հրապարակախոսական հոդվածների:
Հրանտ Հակոբյանը պայծառ անհատականություն էր, որ 2011 թվականից սկսեց իր երկնային երթը՝ շարունակելով ապրել իր գործերով, ապրել մարդկանց սրտերում և հոգիներում, իր հազարավոր աշակերտների և ուսանողների, բյուր գործընկերների ու ընկերների, իր ժառանգների մեջ:
Հրանտ Խաչատուրի Հակոբյանը հավերժի ճամփորդ է։