Գավառի պետական համալսարանի ամենամյա՝ 28-րդ գիտաժողովի 5-րդ բաժանմունքում քննարկվեցին մանկավարժահոգեբանական տարբեր հիմնահարցեր։
ԳՊՀ դասախոս Արմինե Դավթյանը ներկայացրեց աուտիզմի տեսակները և դրանց շտկման նեյրոհոգեբանական մոտեցումները՝ կարևորելով ինտեգրատիվ միջամտությունները։
ԳՊՀ և ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարինե Պապիկյանը վերլուծեց վիտագեն տեխնոլոգիաների կիրառման նպատակահարմարությունը հանրակրթական դպրոցում՝ ներկայացնելով գործնական մոդելներ։
ԳՊՀ դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Քանաքարա Հայրապետյանը և ԳՊՀ պատմության բաժնի ուսանող Լուսինե Կյուրեղյանը համահեղինակությամբ ներկայացրին զեկուցում՝ պատմության դասավանդման գործընթացում հայրենասիրական դաստիարակության մասին։ Իսկ Արմինե Ասլանյանը տիկին Հայրապետյանի հետ միասին անդրադարձավ պատմական նկարների դերի մեկնաբանությանը՝ պատմության դասավանդման ժամանակ։
ԵՊՀ և ԳՊՀ դասախոս Մերի Ազիզյանը ներկայացրեց հետաքրքիր զեկուցում՝ գունային ընկալման մշակութային առանձնահատկությունների հոգեբանական նշանակության մասին։
Իսկ Գավառի ակադեմիկոս Թամամշևի անվան գյուղատնտեսական քոլեջի դասախոս Վարդան Գարեյանը ներկայացրեց արդի կրթական համակարգի հիմնախնդիրները և զարգացման հեռանկարները։
Երևանի թիվ 181 հիմնական դպրոցի ուսուցիչ Մարիետա Ադամյանն անդրադարձավ հայ ազգային երգի նշանակությանը անձի հոգևոր-մշակութային կրթության մեջ։
Զեկուցումներն ուղեկցվեցին բովանդակալից քննարկումներով։