Գավառի պետական համալսարանի բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի ուսանողները՝ Ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի վարիչ Վարազդատ Ավետիսյանի, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի աշխատակիցներ Կարեն Սիրականյանի, Հայրիկ Զարգարյանի և Արթուր Միրիբյանի ուղեկցությամբ, մասնակցեցեցին «ԴիջիԹեք 2025» հոբելյանական՝ 20-րդ միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին։
Ուշագրավ միջոցառումը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիական ձեռնարկությունների միությունը, «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում՝ մասնակից դարձնելով հազարավոր անձանց, ավելի քան 300 ընկերությունների և 100-ից ավելի խոսնակների՝ Հայաստանից և արտերկրից։ «ԴիջիԹեք 2025»-ի կարգախոսն է՝ «Տեխնոլոգիաները միացնում են աշխարհը, որտեղ արևը երբեք մայր չի մտնում», ինչը խորհրդանշում է, որ տեխնոլոգիական համայնքը, անկախ աշխարհագրական սահմաններից, Երկիր մոլորակի վրա գործում է շարունակական ռեժիմով: Միջոցառման եռօրյա օրակարգը ներառում է ինչպես գործարարական մաս, ցուցահանդես, կոնֆերանս, այնպես էլ մշակութային և ժամանցային աննախադեպ ծրագրեր։ Ներկայացվող թեմաները վերաբերում են արհեստական բանականությանը (AI), «Fintech», «ստարտափ» զարգացումներին, նորարար լուծումներին, միջազգային տեխնոլոգիական համագործակցության ուղղություններին:
ԳՊՀ ուսանողները հնարավորություն ունեցան անմիջականորեն ծանոթանալու ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների առաջարկած նորույթներին, «Արմաթ»-ի սաների ճարտարագիտական լուծումներին և միջազգային մրցույթներում հաջողության հասած նախագծերին, ինչպես նաև մասնակցելու մասնագիտական աշխատարաններին։ Վարազդատ Ավետիսյանը, կարևորելով միջոցառումը, նշեց, որ նման ձեռնարկները նպաստում են ուսանողների մասնագիտական կայացմանը, տեխնոլոգիական մտածողության զարգացմանը և նոր գաղափարներով ներշնչմանը։
ԳՊՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ «ԴԻՋԻԹԵՔ 2025» ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ
