Գավառի պետական համալսարանի դասախոսների համար անցկացվեց վերապատրաստման դասընթաց՝ նվիրված կանանց և տղամարդկանց իրավունքների պաշտպանության ազգային և միջազգային իրավական հիմքերին ու կառուցակարգերին, բարձրագույն ուսումնական հաստատությունում գենդերային հավասարության ապահովման հարցերին: Դասընթացը վարեցին ԳՊՀ ռեկտոր, իրավաբանական գիտությունների դոկտոր Ռուզաննա Հակոբյանը և իրավագիտության ամբիոնի դասախոս Անի Ամիրյանը, ովքեր անդրադարձան ՀՀ Սահմանադրության, Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի դրույթներին, «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի կարգավորումներին, ՄԱԿ-ի՝ «Զարգացման իրավունքի մասին հռչակագրի» սկզբունքներին և խնդրո առարկային վերաբերող այլ ակտերի։ Անդրադարձ կատարվեց գենդերազգայուն մանկավարժության մեթոդներին ու առանձնահատկություններին։ Քննարկվեցին ուսանողների համար հավասար կրթական հնարավորությունների ապահովման, յուրաքանչյուր սովորողի նկատմամբ հոգատար վերաբերմունքի դրսևորման, ուսումնառության գործընթացին բոլորի մասնակցության խրախուսման, ինչպես նաև գենդերային կարծրատիպերի հաղթահարմանն առնչվող հարցեր։ Կարևորվեց ուսումնական հաստատությունների դերը գենդերային խտրականության կանխարգելման և հոգեբանորեն ապահով, ներառական կրթական միջավայրի ձևավորման գործում։ Հայաստանի Հանրապետության գենդերային քաղաքականության հիմունքների, օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վերլուծության արդյունքում մասնակիցներն ընդգծեցին, որ հասարակության և պետության զարգացումը հնարավոր է միայն ներդաշնակ սոցիալական համակարգում, որտեղ լիարժեք բացահայտվում և իրացվում է թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց ներուժը։
ԳՊՀ-ում վերապատրաստման դասընթացները շարունակական բնույթ են կրում։
Автор: Nune Miribyan
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «ԲԱԼԹԱԶԱՐ ԶԱՊՐԵՇԻՉ» ԿԻՐԱՌԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՈՒՍԱՆԵԼՈՒ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի հարգելի՛ անդամներ, տեղեկացնում ենք ձեզ, որ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում ԳՊՀ-ի և Խորվաթիայի «Բալթազար Զապրեշիչ» կիրառական գիտությունների համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ Գավառի պետական համալսարանի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները հնարավորություն ունեն 2026-2027 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում 5 ամիս ժամկետով ուսանելու, իսկ պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի անդամները՝ 1 շաբաթ դասավանդելու կամ վերապատրաստվելու «Բալթազար Զապրեշիչ» կիրառական գիտությունների համալսարանում:
Անգլերեն լեզվի B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Ծրագիրը մասնակիցներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:
Մրցույթին մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետը ս․ թ․ դեկտեմբերի 10-ն է։
Ընտրող հանձնաժողովը առաջնահերթության կարգով կդիտարկի ներառականության չափանիշներին համապատասխանող ԳՊՀ ուսանողներին և աշխատակիցներին։
Ծրագրին մասնակցելու համար կարող եք դիմել ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին, գրել էլեկտրոնային փոստին՝ iro@gsu.am, info@gsu.am, infogsu@mail.ru հասցեներով կամ զանգահարել +374-91-867-716, +374-60-461-299 հեռախոսահամարներով։
Մաղթում ենք հաջողություն։
ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԵՆՔ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԳՊՀ ՀԵՌԱԿԱ ԲԱԺՆԻ ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻՆ
Շնորհավորում ենք 2026–2027 ուսումնական տարվա բակալավրիատի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելության քննությունները հաջողությամբ հանձնած և Գավառի պետական համալսարանի բակալավրիատի 1-ին կուրս ընդունված բոլոր դիմորդներին՝ մաղթելով արդյունավետ ուսումնառություն։
Նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ ԳՊՀ հեռակա բաժնի առաջին կուրսեցիներին և նրանց ծնողներին սիրով հրավիրում ենք հանդիպման համալսարանի ռեկտորատի անդամների հետ։
Հանդիպումը տեղի կունենա ս. թ. նոյեմբերի 7-ին, ժամը 11։30-ին, ԳՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում (համալսարանի կենտրոնական մասնաշենք, 2-րդ հարկ)։
Խնդրում ենք հանդիպմանը ներկայանալ հետևյալ փաստաթղթերով․
1. անձը հաստատող փաստաթղթի պատճեն,
2. սոցիալական քարտի պատճեն,
3. ատեստատի լուսապատճեն,
4. արական սեռի դիմորդների դեպքում՝ զինվորական ծառայությանն առնչության վերաբերյալ փաստաթղթի պատճեն կամ զինկոմիսարիատից հաշվառման տեղեկանքի պատճեն,
5. 6 լուսանկար (3 × 4 սմ չափսի)։
Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել ԳՊՀ ընդունող հանձնաժողովին՝ ուսանողների անձնական գործերը կազմելու և ուսումնառության վերաբերյալ պայմանագիր կնքելու նպատակով։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Գավառի պետական համալսարան՝ +374-60-46-12-43, +374-99-02-21-41 հեռախոսահամարներով կամ գրել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեներին՝ info@gsu, infogsu@mail.ru։
ԳՊՀ ռեկտորատ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՐՍԻԱՅԻ ՍԱՆ ԱՆՏՈՆԻՈ ԿԱԹՈԼԻԿ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՈՒՍԱՆԵԼՈՒ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի հարգելի՛ անդամներ, տեղեկացնում ենք ձեզ, որ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում ԳՊՀ-ի և Իսպանիայի Թագավորության Մուրսիայի Սան Անտոնիո կաթոլիկ համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ ԳՊՀ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները հնարավորություն ունեն 2026-2027 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում 5 ամիս ժամկետով ուսանելու, իսկ դասախոսները և վարչական աշխատակիցները՝ 1 շաբաթ դասավանդելու կամ վերապատրաստվելու Մուրսիայի համալսարանում:
Անգլերեն լեզվի B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Ծրագիրը մասնակիցներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:
Մրցույթին մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետը ս․ թ․ նոյեմբերի 20-ն է։ Ընտրող հանձնաժողովը առաջնահերթության կարգով կդիտարկի ներառականության չափանիշներին համապատասխանող ԳՊՀ ուսանողներին և աշխատակիցներին։
Ծրագրին մասնակցելու համար կարող եք դիմել ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին, գրել էլեկտրոնային փոստին՝ iro@gsu.am, info@gsu.am, infogsu@mail.ru հասցեներով կամ զանգահարել +374-91-867-716, +374-60-461-299 հեռախոսահամարներով։
Մաղթում ենք հաջողություն։
ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին
ԵՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԵՄ «ԷՐԱԶՄՈՒՍ+ KPI4HE» ԾՐԱԳՐԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
Այսօր Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ Եվրոպական միության «Էրազմուս+ KPI4HE․ Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի համար գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի ստեղծում» ծրագրի եզրափակիչ համաժողովը։ Ծրագիրն իրականացվել է ԵՊՀ համակարգմամբ, հայաստանյան և եվրոպական 12 գործընկերների՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի, Երևանի, Գավառի, Հայկական պետական մանկավարժական համալսարանների, «Եվրասիա» միջազգային և Հյուսիսային համալսարանների, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի, Կրթական քաղաքականության և կառավարման հայկական կենտրոնի մասնակցությամբ, Գերմանիայի Օլդենբուրգի ու Դրեզդենի տեխնիկական համալսարանների և Իտալիայի Ջենովայի համալսարանի հետ համագործակցությամբ։
«KPI4HE» ծրագրի շրջանակում մշակված ազգային շրջանակի նախագիծը նախատեսում է բուհերի կատարողականի գնահատում հետևյալ հիմնական ուղղություններով՝ որակյալ կադրերի պատրաստում, ազգային և միջազգային ներգրավվածություն, հետազոտություն, զարգացում և նորարարություն, հնարավորությունների հավասարություն, կրթական միջավայր և որակ, ինչպես նաև կառավարում, առաջնորդություն և գործառնական արդյունավետություն։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, նշեց, որ արագ փոփոխվող աշխարհում համալսարանների արդյունավետ կառավարումը պահանջում է հավաստի տվյալների և գործունեության չափելի ցուցանիշների վրա հիմնված որոշումներ։
Նրա խոսքով՝ «KPI4HE ծրագիրը կարևոր հնարավորություն է՝ ստեղծելու Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում կառավարման, ռազմավարական պլանավորման և որակի ապահովման նոր մոտեցումների զարգացման համար»։
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը ծրագրի նշանակությունը դիտարկեց Հայաստան-ԵՄ համագործակցության և եվրոպական չափանիշներին համապատասխան բարձրագույն կրթության համակարգի զարգացման համատեքստում։ Նա նշեց, որ միասնական չափանիշների և գնահատման գործիքների մշակումը նպաստում է ոչ միայն բարձրագույն կրթության կառավարման կատարելագործմանը, այլև հաստատությունների միջև վստահության ամրապնդմանը։
ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Լիլիթ Մկրտչյանը ներկայացրեց բարձրագույն կրթության բարեփոխումների հիմնական ուղղությունները՝ ընդգծելով, որ բուհի գործունեության արդյունավետ գնահատումը պահանջում է հստակ չափելի արդյունքներ և տվյալների վերլուծություն։ Միաժամանակ, նա նշեց, որ տարբեր առաքելություններ և մասնագիտական ուղղվածություններ ունեցող համալսարանների գնահատման գործընթացում անհրաժեշտ է հաշվի առնել դրանց առանձնահատկությունները։
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանն ընդգծեց, որ ծրագրի շրջանակում ձևավորվող մոտեցումները կարող են նպաստել Հայաստանում որակի գնահատման նոր մշակույթի զարգացմանը։
Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակի համակարգող Մարիանա Սարգսյանը ևս կարևորեց ծրագրի բազմակողմ ազդեցությունը՝ կապված ներառականության, թվային վերափոխման և «կանաչ» անցման հետ, ընդգծելով, որ այն միավորում է ինստիտուցիոնալ զարգացումը, ազգային առաջնահերթություններն ու եվրոպական համագործակցությունը։
Համաժողովին մասնակցեցին Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, ուսումնագիտական գծով պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը, ԳՊՀ որակի ապահովման բաժնի վարիչ Քանաքարա Հայրապետյանը, ակադեմիական քաղաքականության բաժնի վարիչ Օլգա Ղազարյանը։ ԳՊՀ-ում «KPI4HE» ծրագրի իրականացման կարևոր արդյունքներն ու էական բարեփոխումները ներկայացրեց արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը։
Համաժողովի մասնակիցները կարևորեցին ծրագրի շրջանակում մշակված մոտեցումների ու գործիքների շարունակական կիրառումը նաև ծրագրի ավարտից հետո, ինչը կնպաստի Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության համակարգի արդյունավետության, մրցունակության և որակի բարձրացմանը։
ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ՇՊՀ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ
Գավառի պետական համալսարանի ուսանողները մասնակցեցին Շիրակի պետական համալսարանի նախաձեռնությամբ կազմակերպված «Կրթության և գիտության արդի հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողովին։
2026 թվականի հոկտեմբերի 30-ին Շիրակի պետական համալսարանում կայացած գիտաժողովը համախմբել էր Հայաստանի և արտերկրի բուհերի ներկայացուցիչների, ուսանողների և երիտասարդ հետազոտողների՝ կրթության և գիտության արդի հիմնախնդիրները քննարկելու, գիտական հետազոտությունների արդյունքները ներկայացնելու և մասնագիտական համագործակցությունն ընդլայնելու նպատակով։ Գիտաժողովին ԳՊՀ ուսանողները և շրջանավարտը առցանց ներկայացրին գիտական զեկուցումներ՝ հետևյալ թեմաներով․
1. Գոհար Ավետիսյան՝ ԳՊՀ «Համակարգչային ճարտարագիտություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի․ «Ժամանակակից համակարգերի նախագծում և արդյունավետության համեմատական վերլուծություն» թեմայով,
2. Անժելա Ավետիսյան՝ ԳՊՀ «Տնտեսագիտություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի․ «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խոչընդոտները և դրանց հաղթահարման ուղիները ՀՀ Գեղարքունիքի մարզում» թեմայով,
3. Սիլվինե Մոմչյան՝ ԳՊՀ «Ֆինանսներ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի․ «Արտահանման քաղաքականությունը ՀՀ-ում և դրա զարգացման ուղիները» թեմայով,
4. Օֆելյա Մանուկյան՝ ԳՊՀ «Ֆինանսներ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի․ «Շրջանաձև տնտեսությունը որպես կանաչ տնտեսության մոդել» թեմայով,
5. Լիաննա Հայրապետյան՝ ԳՊՀ շրջանավարտ․ «Տեսաշարից մեքենաների հայտնաբերում և համարակալում» թեմայով։
ԳՊՀ ուսանողների մասնակցությունը միջազգային գիտաժողովին կարևոր հնարավորություն էր՝ ներկայացնելու իրենց հետազոտական աշխատանքները, մասնակցելու գիտական քննարկումների և զարգացնելու հետազոտական հմտությունները։
ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ «ԺԻՐԱՅՐ ՆԻՇԱՆՅԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ
Գավառի պետական համալսարանի բազմաթիվ ուսանողների հաջողության պատմությունները տարիներ շարունակ հյուսվել են բուհի պատվավոր բարերար, երջանկահիշատակ Ժիրայր Նիշանյանի նյութական և բարոյական աջակցությամբ։ Նրա մարդասիրական գործունեությունն այսօր շարունակում են ընտանիքի անդամները՝ տիկին Անահիտ Նիշանյանը և որդին՝ Թագվոր Նիշանյանը։ Ս. թ. հոկտեմբերի 29-ին ԳՊՀ-ում հյուրընկալվեցին Հայ Օգնության Ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի փոխտնօրեն, գիտական և կրթական ծրագրերի ղեկավար Էդուարդ Կարապետյանը և ծրագրերի համակարգող Մանե Խաչատրյանը։ Նրանց այցի նպատակն էր հանդիպել Ժիրայր Նիշանյանի անվան կրթաշնորհառուների հետ։ Էդուարդ Կարապետյանը ներկայացրեց շահառու ուսանողների նախորդ ուսումնական տարվա առաջադիմության արդյունքները։ «Ժիրայր Նիշանյան հիմնադրամի կրթավճար» ծրագրում ընդգրկված առաջին կուրսի ուսանողներին նա ծանոթացրեց բարերարի կենսագրությանը։ Պարոն Կարապետյանն ընդգծեց ինչպես ուսանողների ակադեմիական առաջադիմության բարձր ցուցանիշների, այնպես էլ տարբեր կամավորական ծրագրերում նրանց ներգրավվածության կարևորությունը։ ԳՊՀ ակադեմիական քաղաքականության բաժնի վարիչ Օլգա Ղազարյանը ռեկտորատի անունից խորին երախտագիտություն հայտնեց Նիշանյանների ընտանիքին՝ ԳՊՀ ուսանողներին ցուցաբերվող մշտական աջակցության համար, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց Հայ Օգնության Ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանին և մասնաճյուղի աշխատակազմին՝ երկարամյա արդյունավետ համագործակցության համար։ Տիկին Ղազարյանը շեշտեց, որ կրթաշնորհային ծրագիրը ոչ միայն ֆինանսական օժանդակություն է ուսանողների ընտանիքներին, այլև ոգևորում է կրթաշնորհառուներին՝ հետևողականորեն առաջ ընթանալ և բարձր ակադեմիական արդյունքներ արձանագրել։ ԳՊՀ ուսանողները նշեցին, որ մեծ պատիվ և պատասխանատվություն է լինել Ժիրայր Նիշանյանի անվան կրթաթոշակառու։
ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ Է ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ ԳՊՀ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ
Հայտարարվում է բաց մրցույթ Գավառի պետական համալսարանի օտար լեզվի և գրականության ամբիոնի վարիչի թափուր պաշտոնի համար: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության մինչև 65 տարեկան, գործունակ քաղաքացիները, որոնք ունեն տվյալ ամբիոնի ուղղվածությանը համապատասխանող գիտական աստիճան և (կամ) գիտական կոչում:
Թեկնածուները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2026թ․նոյեմբերի 25-ը՝ ներառյալ, ժամը՝ 16:00-ն: Թեկնածուների գործերն ընդունող հանձնաժողովի հասցեն է՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Հրանտ Հակոբյան 1, 1201, ԳՊՀ կենտրոնական մասնաշենք, 2-րդ հարկ, 219 սենյակ, հեռախոսահամարներ՝ +374-60-46-04-03, +374-60-46-12-41:
ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑԻՆ «ԷՐԱԶՄՈՒՍՅԱՆ» ՕՐԵՐ
Գավառի պետական համալսարանի ուսանողներն ու դասախոսները Եվրոպական միության «Էրազմուս+» միջազգային ակադեմիական շարժունության ծրագրերի շրջանակում սովորում, դասավանդում և վերապատրաստման դասընթացների են մասնակցում գործընկեր եվրոպական բուհերում։ Ծրագրերին մասնակցած համալսարանականները «էրազմուսյան» օրերի շրջանակում` ս․ թ․ հոկտեմբերի 9-ից 17-ը հանդես եկան բովանդակալից հաշվետվություններով։
ԳՊՀ «Իրավագիտություն» բաժնի 4-րդ կուրսի ուսանող Կարապետ Տոնոյանը և «Սերվիս» բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Նանե Դավթյանը ներկայացրին Հռոմի Սապիենզա համալսարանում իրենց ուսումնառության արդյունքները։ Հաշվետվություններ ներկայացրին «Իրավագիտություն» բաժնի 4-րդ կուրսի ուսանողներ Էդվարդ Գրեյանը և Մկրտիչ Ապկարյանը Իսպանիայի Վալլադոլիդ համալսարանում, իսկ նույն կուրսի ուսանող Երվանդ Ավետիսյանը և «Համակարգչային ճարտարագիտություն» բաժնի ուսանող Մովսես Մարգարյանը՝ Պորտուգալիայի Մինհոյի համալսարանում իրենց ուսումնառության մասին։ Իսպանիայի Կորդոբայի համալսարանում կրթության առանձնահատկություններին անդրադարձավ «Համակարգչային ճարտարագիտություն» բաժնի 4-րդ կուրսի ուսանող Դավիթ Հովակիմյանը, իսկ «Իրավագիտություն» բաժնի 3-րդ կուրսի ուսանող Վահե Դվոյանը կարևորեց Իսպանիայի Ալմերիայի համալսարանում «ճկուն» հմտությունների զարգացմանը միտված ամառային դպրոցին մասնակցությունը։
ԳՊՀ ուսումնագիտական գծով պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը և արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը ներկայացրին Հռոմի Սապիենզայի համալսարանում կատարած իրենց դասախոսական աշխատանքը՝ նշելով առաջավոր փորձի փոխանակման կարևորությունը։
Օտար լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Գայանե Միրիբյանը կիսվեց Իսպանիայի Կորդոբայի համալսարանի միջազգային շաբաթին իր մասնակցության տպավորություններով։ Օտար լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Սոնա Սիմոնյանը ներկայացրեց Պորտուգալիայի Ավեիրոյի համալսարանում իրականացրած դասախոսական աշխատանքը, իսկ Իրավագիտության ամբիոնի դասախոս Դանիել Մոսիկյանը՝ նույն համալսարանում անցկացված միջազգային շաբաթի արդյունքները։ Իրավագիտության ամբիոնի դասախոս Լուսինե Բախտիկյանը ներկայացրեց Իսպանիայի Մուրսիա քաղաքի Սան Անտոնիո կաթոլիկ համալսարանում, իսկ Կենսաբանության, էկոլոգիայի և առողջ ապրելակերպի ամբիոնի դասախոս Լալա Մկրտչյանը՝ Վալյադոլիդի համալսարանում կայացած միջազգային շաբաթներին մասնակցության փորձը։
Ամփոփելով ուսանողների և դասախոսների հաշվետվությունների շարքը՝ ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանն ընդգծեց եվրոպական գործընկեր բուհերի հետ համագործակցության ուղեծրի ընդլայնման անհրաժեշտությունը։
ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԵՄ «ERASMUS+ KPI4HE» ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՋԻԿԱ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ
Գավառի պետական համալսարանում տեղի ունեցավ աշխատաժողով, որի ընթացքում ամփոփվեցին Եվրոպական միության «Erasmus+KPI4HE-Հայաստանում ներառական, թվային ու կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի` գործունեության առանցքային ցուցանիշների (ԳԱՑ) ազգային շրջանակի ստեղծում» ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները, քննարկվեցին արդյունքները և առաջիկա անելիքները։ Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին ծրագրի շրջանակում մշակված՝ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշներին համապատասխան գործունեության առանցքային ցուցանիշները (ԳԱՑ-երը), քննարկվեցին դրանց բովանդակությունը, հաշվարկման մեթոդաբանությունը և բուհի գործունեության գնահատման ու բարելավման գործընթացներում կիրառման հնարավորությունները։ Աշխատաժողովի մասնակիցները նշեցին, որ ծրագիրը համակարգող բուհը՝ Երևանի պետական համալսարանն ապահովեց հայաստանյան մյուս գործընկեր բուհերի, կրթական կառույցների և եվրոպական համալսարանների միջև արդյունավետ համագործակցություն։ Անդրադարձ կատարվեց 2026 թվականի նոյեմբերի 2-ին ԵՊՀ-ում կայանալիք ծրագրի ամփոփիչ համաժողովին ընդառաջ ԳՊՀ-ում ընթացող նախապատրաստական աշխատանքներին, պատասխանատուների կողմից իրականացված աշխատանքների արդյունքների և ձեռքբերումների ներկայացմանը։
Աշխատաժողովը ծառայեց իր նպատակին՝ ամփոփել ծրագրի արդյունքները, հստակեցնել առաջիկա անելիքները և համակարգել ԳՊՀ-ում ընթացող՝ համաժողովի նախապատրաստական աշխատանքները, ապահովելով Գավառի պետական համալսարանի պատշաճ մասնակցությունը ԵՄ «Erasmus+ KPI4HE» ծրագրի արդյունքների ներկայացմանն ու տարածմանը։