2025 թվականի նոյեմբերի 6-ին Գավառի պետական համալսարանում կայացավ բաց դաս՝ «Ու՞մ են փնտրում գործատուները» թեմայով։
Դասը վարեց «Բիբլոս Բանկ Արմենիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը։ Բանախոսության ընթացքում պարոն Ստեփանյանը ներկայացրեց գործատուների հիմնական պահանջներն ու ակնկալիքները երիտասարդ մասնագետներից, ծառայողական առաջխաղացման և աշխատաշուկայում մրցունակության երաշխիքները, անելիքի պլանավորման կարևոր դերը։ Նա շեշտեց, որ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է համադրել խորքային մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները, զարգացնել հաղորդունակությունը, թիմային աշխատանքի հմտությունները, վերլուծական, քննադատական, ստեղծագործական մտածողությունը և, իհարկե՝ շատ կարևոր է երազել, գնալ ինքնաճանաչման ճանապարհով, խորհել ազատ ու անկաշկանդ և ինքնուրույն որոշումներ կայացնել՝ ունկնդիր լինելով հոգու ձայնին, գործել՝ բնությունից ի վերուստ տրված կոչումից ու նախասիրություններից ելնելով, լինել խելացի, համարձակ ու նախաձեռնող, միաժամանակ՝ բարի ու մարդասեր։
Բաց դասին մասնակցեցին Գավառի պետական համալսարանի ուսանողներ, դասախոսներ։ Բանախոսությանը հաջորդեց հարցուպատասխանի և քննարկման փուլը։ Մասնակիցները հնարավորություն ունեցան ուղղել իրենց հարցերը պարոն Ստեփանյանին և ստանալ ազնիվ ու մտորումների մղող պատասխաններ, անձնական փորձով հաստատված արժեքավոր խորհուրդներ։
Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը և Կառավարման ու ֆինանսների ամբիոնի վարիչ Սամվել Ամիրխանյանը շնորհակալություն հայտնեցին պարոն Ստեփանյանին հետաքրքիր և բովանդակալից բաց դասի համար՝ ընդգծելով նման նախաձեռնությունների կարևորությունը հաջողության պատմությունների ներկայացմամբ ուսանողներին ոգեշնչելու, մասնագիտական կայացման գործում աջակցելու և գործատու-բուհ համագործակցությունն ամրապնդելու տեսանկյուններից։
ՈՒ՞Մ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԸ