Ս․ թ․ հունվարի 17-ին կայացավ «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը։ Նիստին մասնակցում էր ՀՀ Գեղարքունիքի մարզպետ, ԳՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Կարեն Սարգսյանը։ Օրակարգի համաձայն՝ ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը հանդես եկավ հաշվետվությամբ բուհի գործունեության հիմնական ուղղություններով 2024-2025 ուսումնական տարում կատարված աշխատանքների, համալսարանի հակակոռուպցիոն ծրագրի իրականացման, հիմնադրամի 2025 թվականի եկամուտների և ծախսերի կատարողականի վերաբերյալ, ինչպես նաև հոգաբարձուների խորհրդի հաստատմանը ներկայացրեց 2026 թվականի ֆինանսական տարվա եկամուտների և ծախսերի նախահաշիվը և զարգացման տարեկան ծրագրի նախագիծը։
Հոգաբարձուների խորհուրդը հաստատեց ‹‹Գավառի պետական համալսարան›› հիմնադրամի 2026 թվականի կառուցվածքը, հաստիքացուցակը, ԳՊՀ էթիկայի, ակադեմիական բարեվարքության և վարվեցողության ներքին կանոնակարգը։ Ելույթ ունեցան և համալսարանի աշխատանքը գնահատեցին հոգաբարձուների խորհրդի անդամներ Հրանուշ Հակոբյանը, Հայկ Ղազարյանը։
ԳՊՀ գիտական խորհրդի որոշմամբ՝ Ռուզաննա Հակոբյանը շնորհակալագիր հանձնեց հոգաբարձուների խորհրդի նախագահ Էդուարդ Ղազարյանին՝ գիտամանկավարժական արդյունավետ գործունեության, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության համակարգի զարգացման գործում ունեցած անգնահատելի ավանդի համար։