ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՇՈՒՆՉԸ՝ ԳՊՀ-ՈՒՄ

 

Գավառի պետական համալսարանում շարունակվում են ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումները։ Բուհի հասարակական գիտությունների ամբիոնի և ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կայացած ցերեկույթը մեկնարկեց Շառլ Ազնավուրի «La bohème» երգով, որից հետո ուսանողները ներկայացրին ֆրանկոֆոնիայի գաղափարը, արժեքներն ու գործունեությունը, անդրադարձ կատարվեց ֆրանսիական մշակույթի հիմնական ուղղություններին՝ կերպարվեստին, ճարտարապետությանը, գրականությանն ու երաժշտությանը։ Կարևորվեցին հայ-ֆրանսիական պատմական առնչություններն ու տարբեր ոլորտներում առկա համագործակցությունը։ Ուսանողները ներկայացրին ֆրանսերեն բեմականացում, կատարեցին ֆրանսիական և հայկական երգեր։
ԳՊՀ հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ Համլետ Ղաջոյանը և հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան Թաթուլ Ասոյանը հանդես եկան բանախոսությամբ՝ ներկայացնելով ֆրանսիական և հայկական «սալոնային» մշակույթների առանձնահատկությունները։
Ֆրանսիական պոեզիային անդրադարձավ ԳՊՀ օտար լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Լիլիթ Թոռչյանը՝ նշելով, որ Վիկտոր Հյուգոյի բանաստեղծությունները մարդկային զգացմունքների խոր արտահայտություններ են, որտեղ սերը, կորուստը և հիշողությունը միահյուսվում են՝ բացահայտելով մարդու ներքին ցավը և ձգտումը դեպի բարին ու լուսավորը։ Իսկ Գիյոմ Ապոլիների «Le Pont Mirabeau» ստեղծագործությունը ներկայացնում է սիրո անցողիկությունը և ժամանակի անխուսափելի հոսքը, որտեղ Սեն գետը դառնում է կյանքի և հիշողության խորհրդանիշ։
Ասմունքելով Պոլ Էլյուարի «Liberté» բանաստեղծությունը՝ տիկին Թոռչյանը կարևորեց ազատության գաղափարի համամարդկային նշանակությունը՝ ընդգծելով, որ նույնիսկ ամենածանր պայմաններում այն դառնում է հույսի և հոգևոր վերածննդի աղբյուր։
Ցերեկույթին ներկա էին Գավառի Սամվել Քոչարյանցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտներ՝ անգլերենի ուսուցչուհի, ԳՊՀ շրջանավարտ Լիաննա Ստեփանյանի ուղեկցությամբ։
Միջոցառումն ամփոփեց ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը՝ կարևորելով ֆրանկոֆոն շարժման դերը միջմշակութային երկխոսության զարգացման և հայ-ֆրանսիական կապերի ամրապնդման գործում։

Scroll to Top
Գավառի պետական համալսարան