ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՄ՝ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ

 

 2026 թվականի ապրիլի 18-ին Գավառի պետական համալսարանում իր դասախոսությունների շարքը եզրափակեց Պորտուգալիայի Հանրապետության Էվորա համալսարանի Հասարակական գիտությունների դպրոցի փոխդեկան, մանկավարժության և կրթության ամբիոնի պրոֆեսոր Խոսե Մանուել Սարագոսան։ Նա հանդես եկավ հետաքրքիր դասախոսությամբ՝ «Ինչպե՞ս մշակել կրթական հաստատությունների զարգացման ռազմավարությունը՝ օգտագործելով հեռանկարային մեթոդաբանությունը» թեմայով։ Ասելիքի առանցքում բազմագործոն ռազմավարական կանխատեսման (strategic foresight) հայեցակարգն էր և դրա գործնական կիրառումը կրթական հաստատությունների կառավարման ոլորտում։ Պրոֆեսոր Սարագոսան ներկայացրեց հեռանկարային՝ պրոսպեկտիվ մեթոդաբանության ելակետային դրույթները․ սցենարային պլանավորումը՝ Միշել Գոդեի տեսական հիմնավորմամբ, երկարաժամկետ ռազմավարական մտածողության առանձնահատկությունները, ինչպես նաև անորոշության գործոնի ճանաչողական և գործառութային նշանակությունը։

Կարևորվեց ուսումնական հաստատությունների կառավարման ձևերի ու մեթոդների վերափոխումը, ներկայացվեց, թե ինչ գործիքակազմի կիրառմամբ կարող են դպրոցները հաղթահարել արձագանքող (reactive) կառավարման սահմանափակումները և անցում կատարել նախաձեռնող (proactive) կառավարման՝ ձևավորելով համատեղ ռազմավարական տեսլականներ և իրականացնելով արդյունավետ զարգացման ծրագրեր։

Դասախոսն ընդգծեց մասնակցային գործընթացների ինստիտուցիոնալ ապահովման, դերակատարների ներգործության վերլուծության և կանխատեսման արդի գործիքների համակարգված կիրառության անհրաժեշտությունը՝ որպես կրթության գործընթացների կառավարման արդյունավետության բարձրացման և հիմնավոր որոշումների ընդունման ռազմավարական հենասյուներ։

Դասախոսությանը ներկա էին ԳՊՀ պրոֆեսորադասախոսական, վարչական անձնակազմի անդամներ, ուսանողներ, Գավառի ակադեմիկոս Ա․ Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի և Գավառի թիվ 5 հիմնական դպրոցի ներկայացուցիչներ:

 

Scroll to Top
Գավառի պետական համալսարան