Ս․ թ․ մայիսի 2-ին գումարվեց Գավառի պետական համալսարանի ամենամյա՝ 29-րդ միջազգային գիտաժողովը, որի ծրագրում ընդգրկվել էին 142 հեղինակի և համահեղինակի ներկայացրած 104 գիտական զեկուցում։ Գիտաժողովին առցանց մասնակցեցին ինչպես վաստակաշատ գիտնականներ՝ գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, գիտությունների թեկնածուներ, դոցենտներ, այնպես էլ երիտասարդ հետազոտողներ՝ ասպիրանտներ ու հայցորդներ։
Գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան գիտական խմբեր Հայաստանից և արտերկրից, ինչպես նաև ուսուցիչներ Երևանի, Վանաձորի, Ակունքի, Գավառի և Սարուխանի դպրոցներից։ Մասնակիցները ներկայացնում էին 35 կրթական և գիտահետազոտական հաստատություններ՝ Հայաստանից, Գերմանիայից, Ռուսաստանից, Բելառուսից, Պորտուգալիայից, Չինաստանից։
Գիտաժողովին մասնակցեցին դասախոսներ ՀՀ հետևյալ բուհերից՝ Գավառի, Երևանի, Շիրակի, Գորիսի պետական համալսարաններից, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից, Վ․Բրյուսովի անվան պետական համալսարանից, Հայ-Ռուսական և Հայաստանի Եվրոպական համալսարաններից։
Մասնակցեցին նաև Գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչները, Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի ինստիտուտի,Պատմության ինստիտուտի, Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտաշխատողները։
Ողջույնի խոսքով հանդես եկավ ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, ով շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին և նշեց, որ գիտաժողովը կատարած գիտահետազոտական աշխատանքների արդյունքները մասնագիտական հանրույթին ներկայացնելու, նորարարական գաղափարներ տարածելու, ինչպես նաև նոր գիտական համագործակցություններ և ծրագրեր կյանքի կոչելու հնարավորություն է ընձեռում։
Լիագումար նիստին ԳՊՀ բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի դեկան, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր Մարտին Ավագյանը ներկայացրեց զեկուցում ՝ «Կենսաբազմազանությունը որպես էկոհամակարգերի կայունության պահպանման կարևոր գործոն» թեմայով։
Այնուհետև գիտաժողովը շարունակեցաշխատանքները 10 մասնագիտական բաժանմունքներում։ Զեկուցումներն ուղեկցվեցին հետաքրքիր քննարկումներով։ Բաժանմունքների նախագահներն ամփոփեցին գիտաժողովի արդյունքները։
Ներկայացված զեկուցումները կհրատարակվեն ԳՊՀ գիտական պարբերականում։