Եվրոպական միության «Էրազմուս+» միջազգային շարժունության ծրագրի շրջանակներում Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի օտար լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Սոնա Սիմոնյանը 2026 թվականի ապրիլի 20-24-ը իրականացրեց դասախոսական աշխատանք Պորտուգալիայի Հանրապետության Ավեյրոյի համալսարանում՝ դասախոսելով Լեզուների և մշակույթի ամբիոնի երկու տարբեր բաժինների երրորդ կուրսի ուսանողների հետ: Պարապմունքները, որոնք ծավալվեցին ընդհանուր և գիտական անգլերենի ոլորտներում, բնութագրվում են C1 մակարդակին համապատասխան լեզվական բարդությամբ:
ԵՄ «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում իրականացվող ԳՊՀ դասախոսների նմանատիպ այցերը հնարավորություն են՝ անմիջականորեն ծանոթանալու եվրոպական բարձրագույն կրթական և գիտահետազոտական գործընթացներին, դիտարկելու դասավանդման ժամանակակից մեթոդները և ներկայացնելու ԳՊՀ լավագույն փորձը: Այդ ծրագրերը նպաստում են ոչ միայն դասախոսական կազմի մասնագիտական աճին, այլև միջբուհական կապերի ամրապնդմանը, կրթական գործընթացների միջազգայնացմանը և ուսուցման ընդհանուր որակի բարձրացմանը:
Ծրագրի ավարտին Ավեյրոյի համալսարանի շարժունության ծրագրերի համակարգող, Լեզուների և մշակույթի ամբիոնի դասախոս Անա Թերեզա Սանտոշը ԳՊՀ-ի ներկայացուցիչ Սոնա Սիմոնյանին հանձնեց հրավիրյալ դասախոսի հավաստագիր: