ԳՊՀ 29-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ 9-ՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՄՓՈՓՈՒՄ

Գավառի պետական համալսարանի ամենամյա՝ 29-րդ միջազգային գիտաժողովի 9-րդ մասնագիտական բաժանմունքում ներկայացվեցին բնական գիտությունների և դրանց դասավանդման մեթոդիկային վերաբերող զեկուցումներ։

Բաժանմունքի աշխատանքները ղեկավարեց ԳՊՀ ուսումնագիտական գծով պրոռեկտոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Նելլի Կուտուզյանը։ Նիստին մասնակցում էին և զեկուցումներով հանդես եկան բնական և տեխնիկական գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, գիտությունների թեկնածուներ, դոցենտներ, ինչպես նաև հետազոտական աշխատանքներում ներգրավված մագիստրատուրայի և բակալավրիատի ուսանողներ ՀՀ տարբեր բուհերից, այդ թվում՝ Գավառի, Շիրակի  և Գորիսի  պետական համալսարաններից:

Զեկուցումների թեմատիկ ուղղվածությունը բնագիտական էր, ինչպես նաև որոշ զեկուցումներ վերաբերում էին բնական գիտությունների դասավանդմանն ու մեթոդաբանությանը։ Գիտաժողովի ընթացքում քննարկվեցին կրտսեր դպրոցականների տրամաբանության զարգացման հոգեբանամանկավարժական հիմքերի (զեկուցող՝ Նելլի Կուտուզյան), սովորողների հետազոտական կարողությունների ձևավորման գործում կոսմոլոգիական գաղափարների դերի (զեկուցող՝ Վարդան Մանուկյան, Շիրակի պետական համալսարանի մաթեմատիկայի, ֆիզիկայի և ՏՏ ամբիոնի դոցենտ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ), քիմիայի դասավանդման մեջ կայուն զարգացման («կանաչ քիմիայի») սկզբունքների ներդրման (զեկուցող՝ Հայրապետյան Սյուզաննա, Գորիսի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան, քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ) և երկրաչափության դասավանդման գործընթացում GeoGebra ծրագրի դերի (Դավթյան Անուշ, Գորիսի պետական համալսարանի մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ) վերաբերյալ զեկուցումներ:

Կիրառական մաթեմատիկայի և տնտեսատեխնիկական մոդելավորման ուղղությամբ քննարկվեց հետաքրքիր զեկուցում տնտեսական պրոցեսների ուսումնասիրման համար ոչ գծային մաթեմատիկական մոդելների կիրառության վերաբերյալ (զեկուցող՝ Սաֆարյան Յուրիկ, Գորիսի պետական համալսարանի մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր)։

Տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանակայության (ԱԲ) ուղղությամբ քննարկվեցին և առանձնահատուկ ուշադրության արժանացան բարձրագույն կրթության համակարգում ԱԲ գործիքների կիրառման հեռանկարները (զեկուցող՝ Ավետիսյան Վարազդատ, Գավառի պետական համալսարանի ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ), տեքստի վերլուծության և գեներացման համար Մարկովյան գործընթացների կիրառությունը (զեկուցող՝ Արմեն Խուրշուդյան, ԳՊՀ ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ), ներկայացվեցին կոհոնենի ինքնակազմակերպվող ցանցերի միջոցով տվյալների կլաստերիզացիայի (զեկուցող՝ Հայրապետյան Լիաննա, ԳՊՀ համակարգչային ճարտարագիտության բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի, գիտական ղեկավար՝ Գասպարյան Շահեն, ԳՊՀ ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի դասախոս), Python ծրագրավորման լեզվի՝ որպես ՏՏ-երի ծրագրավորման համար ունիվերսալ լեզվի հնարավորությունների (զեկուցող՝ Ավետիսյան Գոհար, ԳՊՀ բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի համակարգչային ճարտարագիտության բաժնի բակալավրիատի 2-րդ կուրսի ուսանողուհի, գիտական ղեկավար՝ Գասպարյան Շահեն), ինչպես նաև միկրոկոնտրոլերների միջոցով սինուսոիդալ ազդանշանների գեներացման տեխնիկական լուծումների (զեկուցող՝ Ավետիսյան Գոհար, ԳՊՀ համակարգչային ճարտարագիտության բաժնի բակալավրիատի 2-րդ կուրսի ուսանողուհի, գիտական ղեկավար՝ Դաշտոյան Հարություն, ԳՊՀ ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի դասախոս, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ) վերաբերյալ զեկուցումներ։

Ներկայացված բոլոր զեկուցումները համապատասխանում էին գիտական չափանիշներին և ունեին ինչպես տեսական, այնպես էլ գործնական նշանակություն։

Scroll to Top
Գավառի պետական համալսարան