ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ«ԳԵՂԱՄԱ ԱՇԽԱՐՀ» ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐԱՊԵՏ ԽՈՍՐՈՎ ԽԼՂԱԹՅԱՆԻՆ

Գավառի պետական համալսարանի ռեկտորատը խորին շնորհակալություն է հայտնում «Գեղամա աշխարհ» թերթի խմբագրապետ Խոսրով Խլղաթյանին՝ ԳՊՀ Վարշամ Ավետյանի անվան պատմագիտական թանգարանի հավաքածուի համալրման և Գեղարքունիքի տարածաշրջանի պատմամշակութային արժեքների պահպանման, պատմական ժառանգության հանրահռչակման գործում ունեցած անգնահատելի ներդրման համար։Պարոն Խլղաթյանը Գավառի պետական համալսարանի թանգարանին նվիրաբերեց ՀՀ Գեղարքունիքի և Տավուշի մարզերի  պատմամշակութային հնավայրերից հայտնաբերված հնագիտական արժեքներ՝ համալրելով թանգարանի հավաքածուն։Նվիրաբերված հնագիտական գտածոների շարքում են Ձորագյուղի «Սանգար» ամրոցի և դրա շրջակայքի հնավայրերից ու Տավուշի մարզի Ցլիկ Ամրամի բերդի հնավայրից հայտնաբերված խեցեղենի բեկորներ։ «Սանգար» կիկլոպյան ամրոցը գտնվում է Ձորագյուղից մոտ 1,7 կմ դեպի արևմուտք և թվագրվում է Ք.ա. II–I հազարամյակներով։ Այն համարվում է Սևանի ավազանի կարևոր ամրաշինական կառույցներից մեկը։ Ամրոցի և շրջակայքի հնավայրերի տարածքում պահպանվել են հնագույն բնակավայրերի, քարայր-կացարանների և դամբարանների հետքեր։

 Ինչպես նշեց իր գործի նվիրյալ Խոսրով Խլղաթյանը, հնավայրի քարանձավներից հայտնաբերված նյութերի շարքում են կավամանների բազմաթիվ բեկորներ, օբսիդիանի կտորներ և կենդանիների ոսկորներ։ Պարոն Խլղաթյանի կողմից հնավայրից հավաքված խեցեղենի որոշ նմուշների լուսանկարները մասնագիտական թվագրման նպատակով ուղարկվել են Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, հնագետ Արսեն Բոբոխյանին։ Ստացված մասնագիտական եզրակացության համաձայն՝ ԳՊՀ թանգարանին փոխանցված խեցեգործական իրերը թվագրվում են նախաուրարտական շրջանից  մինչև Ք. հ. III դարեր։

Նվերների ցանկում ներառված է նաև Տավուշի բերդի կամ Ցլիկ Ամրամի բերդի հնավայրից հայտնաբերված խեցեղենի նմուշ։ Տավուշի բերդը միջնադարյան ամրոց է, որը գտնվում է ներկայիս Բերդ քաղաքի ծայրամասում։ Պատմական աղբյուրներում այն առաջին անգամ հիշատակվում է X դարի սկզբին՝ որպես Հայոց թագավոր Աշոտ Բ Երկաթի կուսակալների նստավայր։ Բերդի տարածքում մինչ օրս հայտնաբերվում են կավից պատրաստված սպասք և այլ իրեղեն գտածոներ, ինչը փաստում է հնավայրի նյութական մշակույթի հարուստ շերտերի առկայությունը։

Նման նվիրատվությունները կարևոր նշանակություն ունեն հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության պահպանման, ուսումնասիրման և հանրահռչակման համար։ Հնագիտական գտածոները երիտասարդներին հնարավորություն են տալիս՝ հաղորդակից դառնալու տարածաշրջանի և Հայաստանի պատմական անցյալին, ինչպես նաև առավել ամբողջական պատկերացում կազմելու տարբեր ժամանակաշրջաններում ձևավորված նյութական մշակույթի մասին։

Scroll to Top
Գավառի պետական համալսարան