Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, հարգելի՛ դասախոսներ, տեղեկացնում ենք, որ Եվրոպական միության «Էրազմուս +» ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի և Իսպանիայի Թագավորության Ալմերիայի համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ Ալմերիայի համալսարանն առաջարկում է ակադեմիական շարժունության բազմաթիվ ծրագրեր։ Ուսանողների համար նախատեսված են․
1․ կիսամյակային ակադեմիական շարժունություն, որի շրջանակում ուսանողը հնարավորություն կունենա 5-ամսյա ժամկետում սովորել Ալմերիայի համալսարանում։ Դիմելու վերջնաժամկետը՝ ս․ թ․ նոյեմբերի 13-ն է,
2․ ամառային դպրոց, որը կկազմակերպվի 2026 թվականի հուլիսի 6-ից 24-ն ընկած ժամանակահատվածում՝ ուսանողներին հնարավորություն տալով մասնակցելու միջգիտակարգային դասընթացների՝ ուղղված սովորողների ճկուն հմտությունների զարգացմանը,
3․ համակցված ինտենսիվ ծրագրեր /Blended Intensive Programs/, որոնք ԵՄ «Էրազմուս+» ծրագրի կողմից ֆինանսավորվող 5-օրյա դասընթացներ են այն ուսանողների համար, ովքեր չեն կարող մասնակցել երկարատև /կիսամյակային/ ծրագրին։ Ալմերիայի համալսարանում այս ծրագրերը կազմակերպվելու են 2026 թվականի գարնանը։
Դասախոսներին առաջարկվում են ակադեմիական շարժունության հետևյալ հնարավորությունները․
1․ ամառային դպրոց, որը տեղի կունենա 2026 թվականի հուլիսի 6-ից 24-ն ընկած ժամանակահատվածում՝ ԳՊՀ դասախոսներին հնարավորություն տալով դասավանդելու միջգիտակարգային դասընթացներ,
2․ միջազգային շաբաթ, որը կանցկացվի 2026 թվականի ապրիլի 20-ից 24-ն ընկած ժամանակահատվածում,
3․ դասավանդելու կամ վերապատրաստվելու հնարավորություններ։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին կամ զանգահարել 060-46-12-99 հեռախոսահամարներով։
Մաղթում ենք հաջողություն։