Գավառի պետական համալսարանի և Գեղարքունիքի մարզի դպրոցների միջև համագործակցության ծրագրի շրջանակում ԳՊՀ-ում հերթական անգամ հյուրընկալվեցին Ակունքի միջնակարգ դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները, որոնք ներկայացրին «Գանձերն հայոց» խորագրով միջոցառումը։ Միջոցառման կազմակերպիչ, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Իրինա Ասոյանը նշեց, որ 10-րդ դասարանի աշակերտների հետ իրականացրել են «Գրիգոր Նարեկացին և նրա բառաշխարհը» թեմայով նախագծային աշխատանք, որի արդյունքում տպագրվել է համանուն գրքույկ։ Միջոցառումը, որը կազմակերպվել էր որպես նախագծային աշխատանքի արդյունք՝ մշակութային տարվա շրջանակներում, նվիրված է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին և ներկայացված է ՀՀ ԿԳՄՍ նախարարության համապատասխան կայքում։ Աշակերտներն անդրադարձան մայր ժողովրդի՝ հազարամյակների ձեռքբերումներին, ուրույն կերպով ներկայացնելով հայ ժողովրդին բնորոշող խորհրդանիշները՝ հողը, քարը, գիրը, մատյանը, երգը, պարը, մանրանկարչությունը, հացը, գինին։
«Արարի՛ր, որ ապրես» խորհուրդը կրող ցերեկույթը բազմաշերտ էր․ ոսկեղենիկ հայերենով և տպավորիչ բեմականացումներով ներկայացվեցին հայ մշակույթի գանձերը՝ ըստ դարաշրջանների ու մշակութային գործիչների։ Հետաքրքիր էին փարաջանովյան ոճավորմամբ արված հատվածները։ Աշակերտների ասմունքն ուղեկցվում էր պարով, հոգեպարար երգ ու երաժշտությամբ։ Կազմակերպված միջոցառումը, ուսուցչի աշխատանքը և աշակերտների կարողությունները բարձր գնահատեցին ԳՊՀ ուսումնագիտական գծով պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը, հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան Թաթուլ Ասոյանը, ամբիոնների վարիչներ Համլետ Ղաջոյանը և Սամվել Ամիրխանյանը։
Ամփոփիչ խոսքով յուրօրինակ բաց դասը եզրափակեց ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը։ Նա արժևորեց նման միջոցառումների դերը մատաղ սերնդի դաստիարակության գործում՝ աշակերտների և ներկաների ուշադրությունը հրավիրելով հայ ժողովրդի ստեղծած նյութական ու հոգևոր մշակութային արժեքների՝ «Սասունցի Դավիթ» էպոսի, Նարեկացու Աղոթագիրք մատյանի, Սայաթ-Նովայի, Կոմիտասի, Փարաջանովի ստեղծագործական ժառանգության դաստիարակչական և ճանաչողական նշանակության վրա։
Ուսուցողական միջոցառմանը ներկա էին աշակերտներ և ուսուցիչներ՝ Գանձակի թիվ 1 միջնակարգ դպրոցից։