Գավառի պետական համալսարանում կայացավ ցերեկույթ՝ «Բանաստեղծության ճախրանքը` երգի թևերով» խորագրով։
Միջոցառումը կազմակերպել էր համալսարանի գրադարանավարուհի Ալվարդ Թորչյանը՝ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն», «Հայոց լեզու և գրականություն», «Իրավագիտություն» բաժինների ընթերցասեր ուսանողների մասնակցությամբ։
Ուսանողների կատարմամբ հնչեցին Միսաք Մեծարենցի, Եղիշե Չարենցի, Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի, Վահան Տերյանի, Սիլվա Կապուտիկյանի սքանչելի բանաստեղծություններից, որոնք վերածվել են հոգեպարար երգերի, և որոնց ներքո ազգային պարը առանձնահատուկ հմայք է ստանում:
Ցերեկույթի ավարտին ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը և հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան Թաթուլ Ասոյանը շնորհակալություն հայտնեցին բոլոր մասնակիցներին՝ ընդգծելով արվեստասեր ուսանողների ներկայացրած քնարական ընտրանու գեղագիտական բարձր արժեքը։