ԲԱՐԻՆ ԸՆԴ ՁԵԶ, ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՍԻՐԵԼԻ՛ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐ

Հուլիսի 5-ին՝ ՀՀ Սահմանադրության օրը, Գավառի պետական համալսարանում կայացավ 2024-2025 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների շնորհման հանդիսավոր արարողությունը։ Համալսարանը, իր առաքելությանը հավատարիմ, ճանապարհեց շրջանավարտների 28-րդ սերնդին։
ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ողջունեց և ջերմորեն շնորհավորեց բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտներին, շնորհակալություն հայտնեց նրանց ծնողներին, ընտանիքների անդամներին, երախտագիտություն հայտնեց ԳՊՀ բոլոր բարերարներին, համալսարանի ողջ աշխատակազին և նշեց, որ ևս 188 երիտասարդ մասնագետ համալրեց համալսարանի ութ հազարից ավելի շրջանավարտների բանակը, ովքեր իրենց ներդրումն են ունենում հասարակության և պետության զարգացման գործում։
Հնչեց ԳՊՀ մագիստրոսի երդումը, և շրջանավարտներն ասացին իրենց երախտիքի խոսքը՝ ընդգծելով այն փաստը, որ համալսարանը պատրաստում է ոչ միայն որակյալ մասնագետներ, այլև առաքինի անհատներ և բարեխիղճ քաղաքացիներ։ Նրանք խորին երախտագիտություն հայտնեցին բուհի հիմնադիր ռեկտոր Հրանտ Հակոբյանին, համահիմնադիր Հրանուշ Հակոբյանին և համալսարանի նվիրյալ պրոֆեսորադասախոսական կազմին։
Շրջանավարտներին դիպլոմներ շնորհեցին և բարեմաղթանքներ հղեցին ԳՊՀ պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը, ֆակուլտետների դեկաններ Թաթուլ Ասոյանը, Մարտին Ավագյանը, ամբիոնների վարիչներ Համլետ Ղաջոյանը, Սամվել Ամիրխանյանը, Հակոբ Ղուլոյանը, Գայանե Միրիբյանը, Վարազդատ Ավետիսյանը, «Համակարգչային ճարտարագիտություն» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահ Գեղամ Կարոյանը։ Շրջանավարտներին իրենց գեղեցիկ կատարումներով շնորհավորեցին Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի երգի ուսուցիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտ Գրիգոր Բալագոզյանը, նույն դպրոցի դաշնամուրային բաժնի շրջանավարտ Սամվել Գասպարյանը, Գավառի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցի սան Սամվել Խաչատրյանը, ինչպես նաև Մարտունու Ներքին Գետաշեն համայնքի «Անի» պարային համույթի շնորհալի սաները, որոնց գեղարվեստական ղեկավարն է ԳՊՀ հեռակա բաժնի 2025 թվականի շրջանավարտ Անի Իսոյանը։
Դիպլոմների շնորհումն ուղեկցվեց ոգեշնչող ուղերձներով և շրջանավարտների հաջողության հուզիչ պատմություններով։ Միջոցառումը վարեցին Ռոզա Աբրահամյանը և Նարե Բաբայանը՝ մաղթելով, որ շրջանավարտների կյանքի անփոփոխ ուղենիշները լինեն բարին ու գեղեցիկը, մարդկայինն ու լուսավորը։
Բարի՛ն ընդ ձեզ, Գավառի պետական համալսարանի սիրելի՛ շրջանավարտներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Scroll to Top
Գավառի պետական համալսարան