Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետում կայացավ բաց դաս՝ «Համեմատական մանկավարժություն» առարկայից։ Դասի ընթացքում «Պատմություն» և «Հայոց լեզու և գրականություն» բաժինների մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողները՝ հասարակակական գիտությունների ամբիոնի դասախոս Արմինե Դավթյանի նախաձեռնությամբ, վիրտուալ էքսկուրս կազմակերպեցին դեպի Հնդկաստան՝ ներկայացնելով Հնդկաստանի կրթական համակարգը, զուգահեռներ անցկացնելով Հայաստանի կրթական համակարգի հետ, նշելով առանձնահատկությունները։
Դասը հագեցած էր և բովանդակալից։ Տպավորիչ հնդկական կոլորիտը, սանդալի բույրը, ուսանողների կերպարները՝ ավանդական տարազային տարրերով, ավելի հետաքրքիր և ուսուցողական միջավայր էին ապահովում։ Դասի ընթացքում կիրառվեցին մանկավարժական նորարարական տեխնոլոգիաներ, խաղային մեթոդներ, ներկայացվեցին ուսանողների պատրաստած ֆիլմերը։ Մագիստրանտներին հաջողվեց ներկաներին դարձնել դասի ակտիվ մասնակից և նրանց փոխանցել հնդկական տրամադրությունը:
Ուսուցողական բաց դասն ամփոփեցին հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան Թաթուլ Ասոյանը, հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ Համլետ Ղաջոյանը, հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոսներ Նաիրա Իսկանդարյանն ու Վարսիկ Ներսիսյանը՝ բարձր գնահատելով դասախոսի և ուսանողների կատարած աշխատանքը։