Գավառի պետական համալսարանն անդամակցում է Եվրոպական միության «Էրազմուս+Վիրտուալ ճանապարհորդությունների միջոցով լայնածավալ կարողությունների ձեռքբերում /Acquiring Transversal Competences through Virtual Voyages» ծրագրին, որն իրականացվում է նոր՝ «Էրազմուս+ Վիրտուալ փոխանակումներ» գործողությունների ծրագրի շրջանակում և որի նպատակն է իրականացնել վիրտուալ-առցանց ակադեմիական շարժունության ծրագրեր՝ նպաստելու մասնակիցների միջև միջմշակութային երկխոսության կայացմանը և ճկուն հմտությունների զարգացմանը։
Հայաստանյան բուհերից ծրագրին մասնակցում է միայն Գավառի պետական համասլարանը։ «Virtual Voyages» նախագիծը նպատակ ունի ստեղծել վիրտուալ փոխանակման հնարավորություններ ուսանողների համար՝ մասնագիտական առաջընթացի պլանավորմանը, կարողությունների և ճկուն հմտությունների զարգացմանը վերաբերող թեմաներով՝ օգտվելով արդեն իսկ գոյություն ունեցող էլեկտրոնային ուսուցման հարթակի՝ thevoyage.eu-ի հնարավորություններից: Նախագծի նպատակն է նաև խթանել փոխըմբռնումը և հանդուրժողականությունը Հայաստանից, Ռումինիայից, Իտալիայից, Պորտուգալիայից, Վրաստանից, Մոլդովայից և ծրագրին մասնակցող այլ երկրների բուհերի 2100 ուսանողների շրջանում, ովքեր կունենան հնարավորություն վիրտուալ կերպով շփվելու, փոխանակելու իրենց մտքերը, գաղափարները և փորձառությունը՝ միաժամանակ բարելավելով սեփական կարողություններն ու հմտությունները նշված ոլորտներում: Կկազմակերպվեն ինչպես համաժամանակյա, այնպես էլ տարժամանակյա գործողություններ, և ուսանողները կօգտվեն վիրտուալ հարթակում առկա էլեկտրոնային նյութերից: Համալսարանի դասախոսական կազմի, երիտասարդ աշխատակիցների և դասընթացավարների համար ևս կկազմակերպվեն դասընթացներ՝ բարելավելու նրանց թվային գրագիտությունը, «փափուկ» հմտությունները և էլեկտրոնային ուսուցման նոր գործիքները գործնականում կիրառելու ունակությունները:
Ս․ թ․ ապրիլի 30-ին առցանց ձևաչափով կայացավ նախագծի մեկնարկային հանդիպումը, որի ընթացքում ներկայացվեցին ծրագրի աշխատանքային փաթեթները, գործողության պլանը, ծրագրի տեղեկատվության տարածման պլանը, վիրտուալ հարթակի առանձնահատկությունները։ Մասնակից բուհերի պատվիրակները ներկայացրին իրենց բուհերը, քննարկվեցին ծրագրի շրջանակում առաջիկայում կատարվելիք գործողությունները և դրանց վերջնաժամկետները։
Գավառի պետական համալսարանից հանդիպմանը մասնակցեցին արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը և նույն բաժնի մասնագետ Սիրանույշ Մկրտչյանը։