Գավառի պետական համալսարանի բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի ուսանողների «Բայազետ» թիմը հաջողությամբ մասնակցեց «CaseKey 2025» բիզնես խնդիրների լուծման մրցույթին և հասավ եզրափակիչ փուլին, որը կայացավ ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում։ «Բայազետ» թիմում ընդգրկված էին «Տնտեսագիտություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Արմինե Սաֆոյանը, նույն բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Օլյա Ավետիսյանը, «Ֆինանսներ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհիներ Օֆելյա Մանուկյանը և Անահիտ Ասատրյանը։
Թիմի մարզիչներն են ԳՊՀ շրջանավարտ, Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջի դասախոս Վարդան Գարեյանը և ԳՊՀ «Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Սամվել Մանուկյանը, ով նախորդ տարի մասնակցել էր մրցույթին՝ որպես բակալավրիատի ուսանող։ Թիմին ուղեկցում և ոգեշնչում էր ԳՊՀ կառավարման և ֆինանսների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Սամվել Ամիրխանյանը։ Մրցույթի մասնակիցներն ունեցան հետաքրքիր հանդիպումներ և ուսուցողական քննարկումներ «Բիբլոս Բանկ Արմենիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանի, «Արմենիան Քարդ» (ԱրՔա) ընկերության գործադիր տնօրեն Վարդան Խաչատրյանի հետ։ ԳՊՀ «Բայազետ» թիմը «ԱրՔա»-յի կողմից ներկայացված բիզնես խնդրի լուծման համար հինգ մրցութային փուլերից մեկում զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը՝ արժանանալով մրցույթի կազմակերպիչների և ժյուրիի բարձր գնահատականին։
«CaseKey 2025» մրցույթն ամփոփեց և ուսանողների մասնակցությունը կարևորեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
ԳՊՀ ռեկտորատը շնորհավորում է ԳՊՀ ուսանողներին և մարզիչներին՝ մաղթելով նորանոր հաջողություններ: