Գավառի պետական համալսարանում կայացավ բուհի համահիմնադիր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար Հրանուշ Հակոբյանի՝ «Հայրենիք-Սփյուռք գործակցության տասնամյա ուղին «2008-2018թթ․» եռահատորյակի շնորհանդեսը։ Աշխատությունը ներկայացրին հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Թաթուլ Ասոյանը, ԳՊՀ դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Քանաքարա Հայրապետյանը և դասախոս Օլգա Ղազարյանը։ Բանախոսները արձանագրեցին, որ ծավալուն ու բովանդակալից եռահատոր աշխատությունը առանձնանում է ոչ միայն իր փաստագրական ընդգրկմամբ, այլև ազգային-պետական գաղափարախոսական հենքով։ Եռահատորյակում ամփոփված են տասնամյակի ընթացքում հեղինակի ծրագրային ելույթները, ներկայացված են համազգային տեսլականները, համահայկական նախաձեռնությունները, ինչպես նաև հոգևոր և մշակութային պատգամները՝ ուղղված աշխարհասփյուռ հայությանը։ Աշխատությունը շոշափում է հիմնարար հարցեր, որոնք վերաբերում են հայության ազգային ինքնությանը, միասնականությանն ու ապրող ազգային ոգուն։ Գրքի բովանդակությունը վեր է ժամանակից և կարող է օգտակար լինել հայոց ազգային հիմնախնդիրների լուծման ճանապարհին։ Գիրքն ունի պատմագրական արժեք՝ որպես ժամանակաշրջանի վկայագիր, որտեղ արտացոլված են ինչպես պաշտոնական մոտեցումները, այնպես էլ հանրային ընկալումները՝ Սփյուռքի դերակատարման, հայապահպանության և ազգային ինքնության խնդիրների վերաբերյալ։ Ինչպե՞ս ապահովել Սփյուռքի ներգրավվածությունը Հայաստանի զարգացման գործում, ի՞նչ ռազմավարություններ են անհրաժեշտ մայրենի լեզվի պահպանման համար, ինչպե՞ս խթանել հայրենադարձությունը և կանխել ուծացումը, ինչպե՞ս է հնարավոր համախմբել տասը միլիոն հայությունը համազգային ծրագրերի, համահայկական մտածողության և գաղափարախոսության շուրջ։ Այս հարցադրումների պատասխանը հեղինակը տալիս է՝ որպես պետական գործիչ և մտավորական՝ առաջարկելով գործնական միջոցառումներ, օրենսդրական փոփոխությունների նախագծեր, կրթական և մշակութային ծրագրեր։
Հեղինակը բազմիցս ընդգծում է, որ հայ ինքնության պահպանման առանցքները չորս հիմասյուների միասնությունն է, դրանք են՝ մայրենի լեզուն, հայ ընտանիքը, հայ մշակույթը, հայ հավատքը։ Հրանուշ Հակոբյանը հաճախ հղում է կատարում հայ դասականներին՝ Եղիշե Չարենց, Նարեկացի, Շնորհալի՝ հնչեցնելով Չարենցյան միասնության, Շնորհալու սիրո, Նարեկացու աստվածահաճո պատվիրանները, ինչը բացահայտում է աշխատության գաղափարական խորությունը. Չարենցը՝ որպես ազգասիրական տագնապի կրող, Շնորհալին՝ որպես եղբայրասիրության քարոզիչ, իսկ Նարեկացին՝ որպես ազգային ներքին ինքնագիտակցության պահպանման, աստվածային ազգակերտման խորհրդանիշ։ Այսքանը միահյուսելով՝ Հակոբյանը պատկերում է մի հոգևոր դաշնություն, որը պետք է միավորի տասը միլիոն հայությանը։
Գնահատելով եռահատորյակի պատմական, գիտական ու գործնական արժեքը՝ բանախոսներն ընդգծեցին, որ աշխատասիրությունն արժեքավոր է որպես պատմական վավերագրական փաստաթուղթ՝ պետական ինստիտուտի գործունեության փաստագրությամբ, որպես գործնական ուղեցույց՝ Սփյուռքի հետ աշխատանքներ իրականացնող կառույցների և անհատների համար, որպես գաղափարախոսական մանիֆեստ՝ համազգային միասնության, ինքնության պահպանման, հայոց լեզվի և մշակույթի պաշտպանության գործում։
Բանախոսները աշխատությունը կարևորեցին որպես հայ ժողովրդի նորագույն պատմության ու սփյուռքագիտության մեջ կարևոր ներդրում և երախտագիտություն հայտնեցին հեղինակին՝ Հայաստանի Հանրապետության հասարակական-քաղաքական կյանքում անուրանալի ավանդ ունեցող պետական գործչին, գիտնականին ու դասախոսին՝ Հրանուշ Հրանտի Հակոբյանին։
ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻ՝ «ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈՒՌՔ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՍՆԱՄՅԱ ՈՒՂԻՆ «2008-2018ԹԹ․» ԵՌԱՀԱՏՈՐՅԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
