2008 թվականից սկսած՝ փետրվարի 19-ը՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր:
Գավառի պետական համալսարանի գրադարանում հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի նախաձեռնությամբ կայացավ բաց դաս-քննարկում՝ նվիրված Հովհաննես Թումանյանի կյանքին ու գրական ժառանգությանը, և նրա անզուգական ստեղծագործությունների լույսի ներքո արժևորվեց գրքերի անգնահատելի դերը անհատի կյանքում:
Ֆակուլտետի դեկան Թաթուլ Ասոյանը, հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ Համլետ Ղաջոյանը ուսանողների հետ քննարկեցին մեծն Թումանյանի մի շարք ստեղծագործություններ։ Խոսելով բանաստեղծի անսահման գրքասիրության մասին՝ նրանք ընդգծեցին գրքեր կարդալու անհրաժեշտությունը և ազդեցությունը մարդու աշխարհայացքի, արժեհամակարգի ձևավորման, մտածողության զարգացման գործում։
Քննարկմանը մասնակցեցին հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռուզաննա Սարգսյանը, ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ, օտար լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Լիլիթ Թոռչյանը:
Ամփոփելով միջոցառումը՝ ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ուսանողներին խորհուրդ տվեց անընդհատ կարդալ թե՛ մասնագիտական, թե՛ գեղարվեստական գրականություն, քանի որ գիրքը մարդուն բազմակողմանիորեն զարգացնելու, հոգևոր-մշակութային արժեքներին հաղորդակից դարձնելու և ներաշխարհը հարստացնելու բացառիկ միջոց է։
Օրվա խորհրդի համաձայն՝ ԳՊՀ ուսանողներն ու աշխատակիցները միմյանց գրքեր նվիրեցին։