ԳՊՀ ԴԱՍԱԽՈՍԸ՝ «RESEARCHER CONNECT» ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑ

Սույն թվականի փետրվարի 3-ից 14-ն առաջին անգամ առցանց անցկացվեց «Researcher Connect» հետազոտական դասընթացը, որին մասնակցեցին հայաստանյան 25 մասնագետներ՝ ավելի քան 10 բուհերից և գիտահետազոտական կազմակերպություններից։ Մասնակիցների ընտրությունն անցկացվել էր մրցակցային պայմաններում. շուրջ 100 հայտերից ընտրվել էին լավագույն 25-ը։ ՀՀ մարզերում գործող բուհերի ներկայացուցիչներից դասընթացին մասնակցելու նպատակով ընտրվեց Գավառի պետական համալսարանի արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչանը։ Դասընթացի ավարտից հետո Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի նստավայրում կայացավ ընդունելություն՝ «Researcher Connect» առցանց դասընթացը հաջողությամբ ավարտած առաջին խմբի անդամների համար: Հանդիպմանը մասնակցեցին դասընթացի իրականացումը նախաձեռնած Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդէ Հովասափյանը և ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։ Դասընթացի փակման հանդիսավոր արարողության ընթացքում մասնակիցները ներկայացրին իրենց տպավորությունները, նորարարական, ոգևորիչ գաղափարները, ինչպես նաև հնարավորություն ստացան ամրապնդելու դասընթացի ընթացքում ձևավորված նոր համագործակցային կապերը։
Դասընթացը միտված էր աջակցելու թե՛ երիտասարդ, թե՛ արդեն փորձառու հայաստանյան հետազոտողներին՝
• զարգացնելու գերազանց հաղորդակցման հմտությունները միջազգային բազմամշակութային ակադեմիական միջավայրում,
• ավելի հասանելի դարձնելու իրենց գիտական արդյունքները կրթության և համապատասխան քաղաքականության մշակման գործընթացներում,
• խթանելու հայկական գիտական ներուժի զարգացմանը, հետազոտական համայնքի ճանաչելիությանն ու ակտիվ ներգրավվածությանը ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ մակարդակում։
Դասընթացի ավարտին մասնակիցները ստացան հավաստագրեր՝ հավաստելով իրենց ստացած գիտելիքներն ու հմտությունները կիրառելու և տարածելու կարևոր հանձնառությունը։
Նյութի աղբյուրը՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի պաշտոնական կայքէջ։
Հրապարակվել է 23.02.2025
Scroll to Top
Գավառի պետական համալսարան