ԳՊՀ-Ի ԵՎ ԱԿՈՒՆՔԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵՑ  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Գավառի պետական համալսարանը հյուրընկալել էր ՀՀ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Լուսիկ Ավագյանին, փոխտնօրեն Աննա Յավրյանին, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Իրինա Ասոյանին և աշակերտներին։

ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը և Ակունքի դպրոցի տնօրեն Լուսիկ Ավագյանը ստորագրեցին համագործակցության պայմանագիր։ Այնուհետև  աշակերտները համալսարանականներին ներկայացրին «Սիրո ճանապարհ» խորագիրը կրող հուզիչ և բովանդակալից ցերեկույթ, որը կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Իրինա Ասոյանը՝ դպրոցի 9-ից 12-րդ դասարանների ստեղծագործող աշակերտների մասնակցությամբ։

Միջոցառմանը բացման խոսքով հադես եկավ տիկին Իրինա Ասոյանը, ով կարևորեց սովորողների սոցիալ-մշակութային կրթությունն ու դաստիարակությունը, գեղագիտական բարձր ճաշակի ձևավորումը և նշեց, որ 2024 թվականը հոբելյանական է՝  Թումանյանական է, Սահյանական է, Սևակյան է, ուստի ծրագիրն ընդգրկում է նրանց քնարական ստեղծագործություններից։ Հայ գրականության մեջ սիրո թեման ավելի ամբողջական ներկայացնելու նպատակով աշակերտները անդրադարձան թեմայի սկզբնաղբյուրին՝ հայ ժողովրդական բանահյուսությանը։

Միջոցառումն ուղեկցեց աշակերտների հեղինակային ստեղծագործությունների, ինչպես նաև երաժշտական ու պարային գեղեցիկ կատարումներով։

Աշակերտները շեշտեցին, որ սիրո բարձրագույն դրսևորումը հայրենիքի հադեպ տածած սերն է, ուստի միջոցառումն ավարտեցին Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությամբ։

Դպրոցականները համալսարանին նվիրեցին ««Խորակումբ»-ից ներս» ժողովածուն, որտեղ ընդգրկված են համանուն գրական ակումբի 16 պատանի անդամների ստեղծագործությունները՝ սիրո, հայրենիքի ու կյանքի մասին։

Ցերեկույթից հետո աշակերտներն այցելեցին բուհի՝ Վարշամ Ավետյանի անվան պատմագիտական թանգարան։

 

 

Հրապարակվել է 20.05.2024
Scroll to Top
Գավառի պետական համալսարան