ԳՊՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԵՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

Գավառի պետական համալսարանի որակի ապահովման բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, հասարակական գիտությունների ամբիոնի դասախոս Քանաքարա Հայրապետյանը մասնակցեց Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպված «Պատմության դասավանդման տեսական և մեթոդաբանական հարցեր» խորագրով միջազգային գիտաժողովին: Գիտաժողովի նպատակն էր քննարկել բարձրագույն կրթության համակարգում պատմության և հարակից հումանիտար գիտակարգերի դասավանդման արդի տեսական և մեթոդաբանական հիմնախնդիրները:

Գիտաժողովին մասնակցում էին ՀՀ ակադեմիական, հանրակրթական, ԿԳՄՍ նախարարության ենթակա կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև արտերկրից ժամանած պրոֆեսորներ ու փորձագետներ, ինչն ընդգծում էր միջոցառման միջազգային և միջգիտակարգային բնույթը։ Քանաքարա Հայրապետյանը մասնակցեց «Համաշխարհային պատմություն» խորագրով 4-րդ նիստին՝ հանդես գալով որպես զեկուցող և նիստավար՝ պատմական գիտությունների թեկնածու, «Այբ» դպրոցի ուսուցչուհի Լիլիթ Մինասյանի հետ համատեղ։ Ք․ Հայրապետյանը հանդես եկավ «Ստեղծարար մտածողությունը՝ պատմական մտածողության նախապայման» թեմայով զեկուցմամբ, որում կարևորեց պատմական մտածողության ձևավորման գործընթացում ստեղծարար և քննադատական մտածողության՝ որպես պատմության արդյունավետ դասավանդման հիմնարար գործոնի դերը: Տիկին Հայրապետյանը նշեց, որ պատմության ուսուցումը պետք է դիտարկել ոչ միայն փաստական գիտելիքների փոխանցման, այլև սովորողի վերլուծական, համադրական և ստեղծարար կարողությունների զարգացման համատեքստում: Գիտաժողովը՝ որպես լավագույն փորձի փոխանակման և պատմագիտական արդի մոտեցումների ներկայացման հարթակ, հնարավորություն տվեց կառուցողական քննարկումների միջոցով բազմակողմանիորեն դիտարկել պատմության դասավանդման բովանդակային և մեթոդաբանական խնդիրները, վերանայել ուսուցման մեթոդներն ու մոտեցումները։

Scroll to Top
Գավառի պետական համալսարան