Մեդիագրագիտությանը նվիրված շաբաթվա շրջանակում Գավառ քաղաքում անցկացվեց «Մեդիագրագիտությունը՝ սոցիալական փոփոխության գործիք» խորագրով քննարկում, որը կազմակերպվել էր Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և Հանրային լրագրության ակումբի կողմից։
Քննարկմանը մասնակցում էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ն. Գ. Վասիլիս Մարագոսը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ինչպես նաև լրագրողներ, մեդիա մասնագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Քննարկմանը մասնակցեցին ԳՊՀ ուսանողներ և դասախոսներ՝ Կառավարման և ֆինանսների ամբիոնի վարիչ Սամվել Ամիրխանյանը, Հաշվապահական հաշվառման ամբիոնի վարիչ Հակոբ Ղուլոյանը, բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի դեկանի տեղակալ Մելանյա Գարեյանը, բուհի արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը, նույն բաժնի մասնագետ Նունե Միրիբյանը, հասարակական գիտությունների ամբիոնի դասախոս Ջուլիետա Մարգարյանը, ուսումնական խորհրդատու Արմինե Ղաջոյանը, Կառավարման և ֆինանսների ամբիոնի դասախոս Սոնա Բագոյանը, ինչպես նաև բնագիտատնտեսագիտական և հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետների ուսանողներ։
Քննարկման ընթացքում մասնակիցները շեշտեցին մեդիագրագիտության դերը՝ որպես սոցիալական փոփոխության և համայնքային զարգացման խթան։ Բանախոսները ներկայացրին մեդիա պատմությունների ստեղծման ժամանակակից մոտեցումները, թվային հարթակների արդյունավետ կիրառման փորձը, անդրադարձան մեդիա բովանդակության մեջ օբյեկտիվության ապահովման կարևորությանը։