Գավառի պետական համալսարանում կազմակերպվեց գենդերային հավասարության ապահովման հիմքերին ու կառուցակարգերին նվիրված վերապատրաստման դասընթաց։ ԳՊՀ ռեկտոր, իրավաբանական գիտությունների դոկտոր Ռուզաննա Հակոբյանը և իրավագիտության ամբիոնի դասախոս Անի Ամիրյանը ներկայացրին գենդերային հավասարության ահմանադրաիրավական հիմքերը, «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքը, վերաբերելի այլ օրենսդրական ակտեր։ Անդրադարձ կատարվեց ՄԱԿ-ի հիմնարար փաստաթղթերին, Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիային, Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաներին, Պեկինի հռչակագրին և գործողությունների ծրագրին, ՄԱԿ-ի կայուն զարգացման 5-րդ նպատակին, ինչպես նաև ներպետական ատյաններին և միջազգային ինստիտուտներին։ Քննարկվեցին արդի մարտահրավերները՝ հումանիտար ճգնաժամ, պատերազմներ, թվային միջավայրում խտրականության նոր ձևեր, կանանց նկատմամբ բռնության աճ, քաղաքական գործընթացներին անհավասար մասնակցություն և այլ հիմնախնդիրներ։
Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության հիմունքների, ոլորտային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վերլուծության, խմբային քննարկումների արդյունքում մասնակիցները փաստեցին, որ հասարակության և պետության զարգացումը հնարավոր է միայն ներդաշնակ սոցիալական համակարգում, որտեղ լիարժեք բացահայտվում և իրացվում է թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց ներուժը։