Սևանա կապուտաչ գեղեցկուհին Հայաստանի բնական հարստությունն է, որի հիմնախնդիրներն ուսումնասիրելը և ներկայացնելը կարևոր է երիտասարդների էկոլոգիական կրթության ու դաստիարակության համար։
Գավառի պետական համալսարանի «Ֆինանսներ» և «Տնտեսագիտություն» բաժինների 2-րդ կուրսի ուսանողները՝ ամբիոնի վարիչ Սամվել Ամիրխանյանի նախաձեռնությամբ, «Բնապահպանություն և բնօգտագործման տնտեսագիտություն» առարկայի շրջանակներում կազմակերպել էին բանավեճ՝ «Ձկնարդյունաբերությունը բացասաբա՞ր է ազդում Սևանա լճի վրա» թեմայով։
Բանավեճի դատավորներն էին՝ «Սևան Ակվա» ընկերության տնօրեն Արման Մարուխյանը, ԳՊՀ պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը, բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի դեկան, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր Մարտին Ավագյանը, հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան Թաթուլ Ասոյանը, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Սամվել Ամիրխանյանը։
Բանավեճի ընթացքում երկու թիմերը ներկայացրին իրենց հակադիր տեսակետները: «Դեմ» թիմը պնդում էր, որ ձկնարդյունաբերությունը նպատակահարմար է, քանի որ դրա միջոցով զարգանում է տնտեսությունը և ապահովվում են սոցիալ-տնտեսական մեծ օգուտներ բնակիչների համար։ Նրանք իրենց դիրքորոշումը հիմնավորեցին վիճակագրական տվյալներով՝ ցույց տալով, թե ինչպես է ձկնաբուծությունը նպաստում տեղական զբաղվածությանը և սննդի անվտանգությանը։
«Կողմ» թիմի կարծիքով ձկնարդյունաբերությունը բացասական ազդեցություն է ունենում լճի վրա, քանի որ հանգեցնում է լճի աղտոտմանը, կրճատում ձկան պաշարները և առաջացնում մի շարք բնապահպանական խնդիրներ։ Նրանք անդրադարձան ձկնաբուծության հետևանքով առաջացող օրգանական նյութերի կուտակմանը, ինչը բացասաբար է անդրադառնում լճի էկոհամակարգի, ջրի որակի և կենսաբազմազանության վրա։ Երկու թիմերն էլ ներկայացրին հետաքրքիր և հիմնավորված փաստարկներ։ Սակայն, «Դեմ» թիմը կարողացավ ավելի համոզիչ կերպով ցույց տալ, որ ձկնարդյունաբերության տնտեսական օգուտները կարող են համատեղվել բնապահպանական պատասխանատու մոտեցումների հետ։ Նրանք առաջարկեցին նաև կայուն ձկնաբուծության մոդելներ, որոնք կնվազեցնեն բացասական ազդեցությունը Սևանա լճի վրա՝ միաժամանակ պահպանելով սոցիալ-տնտեսական օգուտները։
Արդյունքում հաղթող ճանաչվեց «Դեմ» թիմը։ Դատավորները շնորհավորեցին բոլոր մասնակիցներին՝ նշելով, որ բանավեճերին մասնակցելը նպաստում են ուսանողների մասնագիտական և հետազոտական կարողությունների զարգացմանը, խթանում վերլուծական, քննադատական մտածողությունը։