Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի հասարակական գիտությունների ամբիոնի և ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվեց ցերեկույթ՝ «Բանաստեղծ փիլիսոփան» խորագրով։ Ցերեկույթը նվիրված էր հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին։ Ինքնատիպ միջոցառումը վարում էին ԳՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Լաուրա Մանուկյանը և հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Անի Մանուկյանը։ Նրանք հարցեր էին ուղղում հիմնական բանախոսին՝ ԳՊՀ հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Համլետ Ղաջոյանին։
Պարոն Ղաջոյանը Ավետիք Իսահակյանի ստեղծագործական ուղին ներկայացրեց համաշխարհային փիլիսոփայական և գրական շարժումների համատեքստում՝ բացահայտելով Վարպետի գրական ժառանգության համամարդկային նշանակությունն ու արդիականությունը։ Քննարկվեցին մարդու ներաշխարհի, սիրո, ազատ կամքի, բարոյական պատասխանատվության և ազգային ինքնության վերաբերյալ Իսահակյանի հայացքներն ու խոհափիլիսոփայական մտորումները։
Հոբելյանական միջոցառումը կարևորեցին ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, ուսումնագիտական գծով պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը, հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան Թաթուլ Ասոյանը, ԳՊՀ դասախոս՝ պրոֆեսոր Արամայիս Ավագյանը, որակի ապահովման բաժնի վարիչ Քանաքարա Հայրապետյանը։ Ցերեկույթն ուղեկցվեց երաժշտական և պարային գեղեցիկ կատարումներով։