Գավառի պետական համալսարանում ս․ թ․ փետրվարի 21-ին կայացավ «Մեր ոսկեղենիկ մայրենին» խորագիրը կրող ցերեկույթ՝ նվիրված Մայրենի լեզվի տոնին: Միջոցառումը կազմակերպել էին ԳՊՀ ուսանողական խորհրդի նախագահ, մագիստրատուրայի «Հայոց լեզու և գրականություն» բաժնի 1-ին կուրսի ուսանողուհի Լաուրա Մանուկյանը և հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախագահ, նույն կուրսի ուսանողուհի Քրիստինե Բատիկյանը: Մասնակիցները հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ուսանողներն էին: Միջոցառմանը ներկա էին ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ: Ուսանողները ցերեկույթի առաջին մասում ներկայացրին հայոց լեզուն որպես ազգային ինքնության հիմք, պետականության հենասյուն և մշակութային անգնահատելի ժառանգություն, խոսեցին հայերենի զարգացման փուլերի մասին՝ ընդգծելով յուրաքանչյուր փուլի ինքնատիպությունն ու բնորոշ լեզվական առանձնահատկությունները: Հնչեցին խորիմաստ ասույթներ լեզվի մասին, սքանչելի երգեր և բանաստեղծություններ հին, միջնադարյան և նոր գրականության էջերից։ Միջոցառման երկրորդ մասում անցկացվեց խաղ-վիկտորինա, որի նպատակն էր խթանել ուսանողների սերը գրքի և գրականության նկատմամբ։ Վիկտորինայի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցները ստացան գրքեր:
Ցերեկույթն ավարտվեց Մուշեղ Իշխանի բանաձևումով՝ «Հայ լեզուն տունն է հայուն աշխարհիս չորս ծագերուն․․․»։