Գավառի պետական համալսարանի «Տնտեսագիտություն», «Ֆինանսներ» և «Հաշվապահական հաշվառում» մասնագիտությունների առաջին կուրսի ուսանողները Կառավարման և ֆինանսների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու Սամվել Ամիրխանյանի ուղեկցությամբ իրականացրին ճանաչողական այց ՀՀ կենտրոնական բանկ, եղան բանկի թանգարանում, մասնագետների հետ քննարկեցին ՀՀ բանկային համակարգի կառուցվածքը և գործունեության սկզբունքները։ Այցի հաջորդ կանգառը «Թամարա» ընկերությունն էր, որը մասնագիտացած է պաղպաղակի, կաթնամթերքի և հրուշակեղենի արտադրության մեջ։ Հմուտ վարպետների ուղեկցությամբ ուսանողները հնարավորություն ունեցան հետևելու արտադրական գործընթացներին, ուսումնասիրելու կիրառվող տեխնոլոգիաներն ու արտադրանքի տեսականին։
Ուսանողները գեղեցիկ տպավորություններով և գործնական գիտելիքներով հարուստ օրն ամփոփեցին հիմնադրման 2807-րդ տարեդարձը նշած Էրեբունի-Երևանի սրտում՝ Հանրապետության հրապարակում։