Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի բակալավրիատի «Պատմություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Արմինե Ասլանյանը մասնակցել է Երևանի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերության կազմակերպած միջազգային 11-րդ գիտաժողովին և ճանաչվել է «Լավագույն զեկուցմամբ հանդես եկած ուսանող»։ Գիտաժողովը նվիրված էր Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։
Արմինեն հանդես եկավ «Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղակալ Տ. Գևորգ արքեպիսկոպոս Չորեքչյանի հոգևոր-հասարակական գործունեությունը նախապատերազմյան տարիներին (1938–1941թթ.)» թեմայով զեկուցմամբ։ Աշխատանքը կատարվել էր Գավառի պետական համալսարանի հասարակական գիտությունների ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Քանաքարա Հայրապետյանի գիտական ղեկավարությամբ։
Ուսանողի զեկուցումը նվիրված էր Հայ առաքելական եկեղեցու պատմության կարևոր և բարդ ժամանակաշրջանին՝ լուսաբանելով Գևորգ արքեպիսկոպոս Չորեքչյանի հոգևոր-հասարակական գործունեությունը խորհրդային բռնատիրության տարիներին։
Գավառի պետական համալսարանի ռեկտորատը և ուսանողական գիտական ընկերությունը շնորհավորում են համալսարանը պատվով ներկայացրած Արմինե Ասլանյանին՝ գիտահետազոտական օրինակելի գործունեության և արձանագրած հաջողության համար։