Գավառի պետական համալսարանի իրավագիտության բաժնի ուսանողների «Ֆեմիդա» թիմը մասնակցեց Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի և Իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) համագործակցության շրջանակում կազմակերպված, քրեական իրավունքի և քրեական դատավարության հիմնախնդիրներին նվիրված միջբուհական մրցույթ-դատախաղին։
ԳՊՀ «Ֆեմիդա» թիմի անդամներն էին իրավագիտության բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողներ Գալուստ Գասպարյանը, Վան Սիմոնյանը և բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանողուհիներ Մելինե Նադարյանը և Նելլի Պողոսյանը։
Ժյուրիի կազմում էին ՀՀ վերաքննիչ դատարանի նախագահ Մխիթար Պապոյանը, դատավոր Ռոբերտ Պապոյանը, Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արմինե Ֆանյանը և Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի սահմանադրական դատարանի պաշտոնաթող նախագահ Վինֆրիդ Շուբերտը:
Գրավոր փուլը հաղթահարեցին մասնակցության հայտ ներկայացրած 9 թիմից 5-ը։ Բանավոր փուլին մասնակցեցին ԵՊՀ-ն, ԳՊՀ-ն և Հայաստանում ֆրանսիական համալսարանը ներկայացնող թիմերը։
Ժյուրիի որոշմամբ Գավառի պետական համալսարանի «Ֆեմիդա» թիմը հաղթող ճանաչվեց «Գրավոր լավագույն պաշտպանական դիրքորոշում» անվանակարգում։
Շնորհավորում ենք ԳՊՀ ուսանողներին և մաղթում հետագա հաջողություններ։