Գավառի պետական համալսարանի ամենամյա՝ 28-րդ գիտաժողովի 2-րդ բաժանմունքում քննարկվեցին իրավագիտության հիմնահարցերին նվիրված զեկուցումներ։
Հայաստանի Հանրապետությունում կուսակցությունների գործունեության օրենսդրական կարգավորումների մասին բովանդակալից զեկուցմամբ հանդես եկավ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանը։ Գիտական զեկուցման համահեղինակն է իրավաբանական գիտությունների դոկտոր Ռուզաննա Հակոբյանը։
Աշխարհաժողովի՝ որպես հին հայկական պետության բարձրագույն իշխանության մարմնի վերաբերյալ էր ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի իրավագիտության ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Սամվել Խաչատրյանի զեկուցումը։ ՀՀ Սահմանադրական դատարանի գլխավոր մասնագետ, ասպիրանտ Տիգրան Սիմոնյանը հանդես եկավ անվտանգության կառավարման գործառույթների հիմնական հատկանիշների համեմատաիրավական վերլուծությամբ։
Հայ-ռուսական համալսարանի ասպիրանտ Հակոբ Խուդիկյանը ներկայացրեց հետաքրքիր ուսումնասիրություն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարտահրավերների համատեքստում ինքնության քաղաքականության մշակման և ինքնության մոդելների համադրման խնդրի վերաբերյալ։
Հայ-ռուսական համալսարանի հայցորդներ Աննա Հովհաննիսյանը և Ֆիլիպ Արզումանյանը համահեղինակությամբ պատրաստել էին և գիտաժողովին ներկայացրին «փափուկ» ուժի ինստիտուտների գործունեության համատեքստում Հայաստանի իրավազորության ընդլայնման որոշ արդի հարցեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի բարեփոխման օրինակով։ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կրտսեր գիտաշխատող Հռիփսիմե Խաչատրյանը և Արարատի պետական բժշկական քոլեջի դասախոս Հայարփի Հարությունյանը պատրաստել էին զեկուցում բուժաշխատողների նկատմամբ բռնության դեպքերի և դրանց դեմ պայքարի միջոցների մասին։ Զեկուցման հիմնական դրույթները, եզրակացություններն ու առաջարկությունները ներկայացրեց Հռիփսիմե Խաչատրյանը։ Երևանի իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջի դասախոս, Եվրասիա միջազգային համալսարանի մագիստրոս Էդգար Մանուչարյանի զեկուցումը նվիրված էր Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման իրավահարաբերությունների կարգավորման հիմնախնդիրներին, այդ ոլորտում իրավունքի բացի լրացման հարցերին։ Բոլոր զեկուցումներն ուղեկցվեցին բովանդակալից քննարկումներով, ներկայացվեցին տեսական և գործնական նշանակություն ունեցող առաջարկություններ։