ԳՊՀ 28-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ 6-ՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ս․ թ․ մայիսի 3-ին կայացավ Գավառի պետական համալսարանի 28-րդ տարեկան գիտաժողովը, որի 6-րդ բաժանմունքում ներկայացվեցին զեկուցումներ հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի վերաբերյալ։ Զեկուցումներով հանդես եկան ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, դոցենտ Վիկտոր Կատվալյանը, ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Թաթուլ Ասոյանը, Լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Ամալյա Բարսեղյանը, Երևանի պետական համալսարանի դասախոսներ՝ բանասիրական գիտությունների թեկնածուներ, դոցենտներ Սուսաննա Գրիգորյանը և Նաիրա Պարոնյանը, ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհիներ Մերի Պետրոսյանը  և Ռիտա Ղալակչյանը, ովքեր զեկուցում էին պատրաստել ԳՊՀ դասախոս, Լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող,  բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարսիկ Ներսիսյանի հետ համահեղինակությամբ։

Մայիսի 4-ին զեկուցմամբ հանդես եկավ ԳՊՀ ակադեմիական քաղաքականության  բաժնի վարիչ, դասախոս Օլգա Ղազարյանը։ Զեկուցում էր ներկայացրել նաև հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի փոխդեկան Ռուզաննա Սարգսյանը։

Ուսումնասիրությունները վերաբերում էին գրաբարի բառակազմական կաղապարների, արդի հայերենի շարահյուսական կառուցվածքի, բարբառային հայերենում ընտանեկան հարաբերություններ արտահայտող բառակապակցությունների, դարձվածային միավորների, գրողի լեզվի և ոճի  բառարանագրության արդիական հարցերի քննությանը։

Բաժանմունքի աշխատանքներն ընթացան ակտիվ հարցուպատասխանի և քննարկումների մթնոլորտում։ Առանձին զեկուցումների շուրջ ծավալված քննարկումների ընթացքում ձևակերպվեցին հետազոտությունների նոր թեմաներ, եղան համատեղ ուսումնասիրություններ  կատարելու մասին առաջարկություններ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Scroll to Top
Գավառի պետական համալսարան