Ս․ թ․ ապրիլի 9-ին Գավառի պետական համալսարանում տեղի ունեցավ Եվրոպական միության «ԷՐԱԶՄՈՒՍ + KPI4HE․ Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման ու որակի ապահովման գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ) ստեղծում» ծրագրի շրջանակում մշակված ԳԱՑԱՇ հայեցակարգի նախագծի քննարկում։
ԳՊՀ աշխատանքային խումբը առաջարկություններ ներկայացրեց «Կրթություն, գիտություն, առաքելություն» և մյուս ուղղություններով սահմանված գործունեության առանցքային ցուցանիշների վերաբերյալ։ ԳՊՀ ռեկտոր, իրավաբանական գիտությունների դոկտոր Ռուզաննա Հակոբյանը նշեց գործունեության առանցքային ցուցանիշների՝ ՀՀ բարձրագույն կրթության համակարգի զարգացման ռազմավարական նպատակներին համահունչ լինելու կարևորությունը։ Նշվեց նաև, որ անհրաժեշտ է գործունեության առանցքային ցուցանիշների հստակեցում, բովանդակային և մեթոդական հիմնավորում, կազմակերպական ապահովում, այնպիսի կառուցակարգի մշակում և ներդնում, որով հնարավոր կլինի արձանագրել, մշտադիտարկել և վերլուծել ցուցանիշները, ձեռնարկել դրանց բարելավմանը միտված միջոցներ՝ համադրելով միջազգային չափանիշներին, հաշվի առնելով առաջավոր փորձը և ՀՀ բարձրագույն կրթության համակարգի առանձնահատկությունները։ Գործունեության առանցքային ցուցանիշները պետք է սահմանվեն բազմակողմանի ուսումնասիրության արդյունքում և իրականություն դառնան որպես կատարողականի արդյունավետության ցուցիչներ՝ ապահովելով արդյունքահեն աշխատանք։ Իսկ ընդունվելիք ազգային շրջանակը տվյալների առավել համակարգված հավաքագրման, վերլուծության և կիրառման հնարավորություն կընձեռի՝ նպաստելով կրթական համակարգում առկա խնդիրների բացահայտմանն ու լուծմանը։
Ազգային մակարդակով չափելի ցուցանիշների առկայությունը կարող է նպաստել նաև բուհերի կառավարման արդյունավետությանը՝ առաջարկելով ռազմավարական պլանավորման և ռեսուրսների ներդրման առավել արդյունավետ մեխանիզմներ։
Աշխատանքային խմբի անդամները նշեցին, որ գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակը թույլ կտա համեմատել տարբեր ուսումնական հաստատությունների կատարողական վերջնարդյունքները, բացահայտել ուժեղ և թույլ կողմերը, իրականացնել համադրական վերլուծություն և ձեռնարկել արդյունքների բարելավմանն ուղղված միջոցներ։
Որպես ամփոփում նշվեց, որ բարձրագույն կրթության ոլորտում գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի ընդունումը կարևոր է՝ կայուն զարգացման, հաշվետվողականության ապահովման և շարունակական բարելավման ճանապարհին, նպաստելով կրթական վերջնարդյունքների հստակ ձևակերպմանն ու դրանց ձեռքբերմանը, կրթական համակարգի արդյունավետ գործունեությանը։