Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կայացավ «Երախտիքի խոսք՝ աշակերտների ճանապարհը լուսավորող ուսուցիչներին» խորագրով ցերեկույթը՝ նվիրված մանկավարժի մեծագույն առաքելությունը նվիրումով կատարող ուսուցիչներին: Ցերեկույթին հրավիրված էին Գավառի պետական համալսարանի շրջանավարտներ՝ Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրենի տեղակալ, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Թամարա Իսոյանը, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նադյա Բաղդասարյանը, ռուսաց լեզվի ուսուցչուհի Մարինե Պողոսյանը, անգլերենի ուսուցչուհիներ Վարդինե Հակոբյանը, Շողեր Խաչատրյանը և Սաթենիկ Տիգրանյանը, ով նաև Գավառի պետական համալսարանի դասախոս է: Ներկա էին նույն դպրոցի տարրական մանկավարժության և մեթոդիկայի մասնագետ Մարինե Այվազյանը, հաշվապահ Անժիկ Դաբաղյանը։ Միջոցառմանը մասնակցեցին Նորատուսի թիվ 3 միջնակարգ դպրոցի տնօրենի տեղակալ, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լուսինե Ադամյանը և ռուսաց լեցվի ուսուցչուհի Արփինե Անտոնյանը, ովքեր ևս Գավառի պետական համալսարանի շրջանավարտներ են: ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ուսանողներն իրենց երախտիքի խոսքը հղեցին ուսուցիչներին, ընդգծեցին ուսուցչի անփոխարինելի դերը անհատի կայացման, արժեհամակարգի և աշխարհայացքի ձևավորման գործում:
Ելույթ ունեցան և ուսուցչի վեհ առաքելությունը կարևորեցին Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, դեկաններ Թաթուլ Ասոյանը և Մարտին Ավագյանը, ամբիոնի վարիչներ Համլետ Ղաջոյանը և Սամվել Ամիրխանյանը։ Հնչեցին ուսուցիչներին նվիրված բանաստեղծություններ, ասույթներ, երգեր: ԳՊՀ «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Սրբուհի Վարդանյանը հանդես եկավ գեղեցիկ պարով, որին հաջորդեց «Իրավագիտություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող Աշոտ Բաբայանի երաժշտական կատարումը:
Ջութակի և կիթառի հոգեպարար կատարումներով ուսուցիչներին ողջունեցին Գավառի երաժշտական դպրոցի ջութակի դասարանի աշակերտուհիներ Էլեն Շհոյանը և Լալա Միրիբյանը:
Դանիել և Դավիթ Դավթյանները զուգերգով կատարեցին «Դու բարձրացնում ես ինձ» երգը: Ուսանողները շնորհակալության և բարեմաղթանքի ջերմ խոսքեր ուղղեցին կրթության լույսը տարածող բոլոր ուսուցիչներին և դասախոսներին, ովքեր իրենց անխոնջ ու անձնվեր աշխատանքով կրթում ու դաստիարակում են աճող սերնդին: