ԼՈՒԻԶԱ ՄԵՅ ԷԼՔՈԹԻ «ՓՈՔՐԻԿ ԿԱՆԱՅՔ»՝ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ

Գավառի պետական համալսարանի օտար լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Լիլիթ Թոռչյանի նախաձեռնությամբ և «Անգլերեն լեզու եւ գրականություն» բաժնի ուսանողուհիների մասնակցությամբ համալսարանում կայացավ Լուիզա Մեյ Էլքոթի՝ «Փոքրիկ կանայք» վեպի բեմականացումը:
Ուսանողուհիները վարժ անգլերենով, դերասանական հմուտ խաղով և գեղեցիկ բեմական հագուստներով հանդիսատեսին փոխանցեցին 1868 թվականին գրված վեպի առանցքային դրվագները և հեղինակի հիմնական ուղերձը, որը համամարդկային է և արդիական։ Ներկայացվեց ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի ժամանակ չորս դեռատի քույրերի դժվարին կյանքը, որոնք ապրում էին Մասաչուսեթս նահանգի Կոնկորդ քաղաքում։ Հանդիսատեսին հուզեցին քույրերի ապրումները, նրանց փոխհարաբերությունները, կյանքի իմաստի փնտրտուքը, առաջին սիրո, հույսերի ու հիասթափությունների, փորձություններին բախվելու և դրանց դիմագրավելով՝ ապրելու պատմությունը։
Բեմականացումը դիտեցին և բարձր գնահատեցին ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները, ուսանողները, ինչպես նաև Գավառի ավագ դպրոցի ուսուցչուհի Ամալյա Զոլյանը և աշակերտները։
Հրապարակվել է 28.12.2024
Scroll to Top
Գավառի պետական համալսարան