Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում տեղի ունեցավ «Խթանելով հավասարությունն ու ներառականությունը բարձրագույն կրթության ոլորտում» խորագրով միջազգային աշխատաժողով:
Աշխատաժողովի նպատակն էր բարձրացնել բարձրագույն կրթության մեջ հավասարության և ներառականության կարևորության մասին իրազեկվածությունը և բացահայտել Հայաստանի Հանրապետությունում և Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում /ԵԲԿՏ/ առկա մարտահրավերները, ներկայացնել արդյունավետ փորձը, ինչը կնպաստի բարձրագույն կրթության ոլորտում հավասարության և ներառականության ապահովմանը, բռնի տեղահանված անձանց աջակցության ցուցաբերմանը:
Գավառի պետական համալսարանից աշխատաժողովին մասնակցեց արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը։
Աշխատաժողովի խոսնակներն էին՝ ԵՄ փորձագետներ «Կրթության զարգացման ինստիտուտի» (Խորվաթիա) գործադիր տնօրեն Նինոսլավ Շչուկանեց Շմիդտը և նույն ինստիտուտի բարձրագույն կրթության քաղաքականության փորձագետ Թոմաս Ֆարնելը։
Խոսնակները հանդես եկան զեկուցումներով՝ հետևյալ թեմաներով․
1․ ‹‹Հավասարություն, ներառականություն, բազմազանություն և բարձրագույն կրթության սոցիալական չափանիշ՝ հիմնական տերմինները և քաղաքականությունները ԵԲԿՏ համատեքստում››,
2․ ‹‹Հավասարության և ներառականության մարտահրավերները ԵԲԿՏ-ում և անհավասարության հանգեցնող հիմնական գործոնները››,
3․ ‹‹Ինչպե՞ս բարձրագույն կրթության ոլորտում ընդունել քաղաքական որոշումներ հավասարության և ներառականության վերաբերյալ. մեթոդաբանության ներկայացում››,
4․ ‹‹Խորվաթիայի բարձրագույն կրթության անցած ուղին դեպի հավասարություն և ներառականություն››,
5․ ‹‹Աջակցություն քաղաքականությանը. ԵԲԿՏ շրջանակների և գործիքների ներկայացում՝ բուհերում արդարությանը և ներառականությանը աջակցելու համար, և ինչպես Հայաստանը կարող է օգտագործել դրանք››,
6․ ‹‹Հավասարության և ներառականության համար ազգային գործողություններին միտված նախագիծ. ծրագրի մշակում Խորվաթիայի օրինակով››,
7․ ‹‹Եվրոպական միտումներ, քաղաքականություններ և պրակտիկաներ՝ ԵՄ փորձագետներ տեղահանված անձանց աջակցության համար››,
8․ ‹‹Եվրոպական միտումներ, քաղաքականություններ և պրակտիկաներ՝ բարձրագույն կրթության մեջ արդյունավետություն ապահովելու համար››,
9․ ‹‹Համայնքի ներգրավվածությունը՝ հանուն հավասարության և ներառականության››։
Զեկուցումներին հաջորդում էին խմբային քննարկումները։
Աշխատաժողովի ընթացքում տեղի ունեցան նաև պանելային քննարկումներ, ներկայացվեց ՀՀ բուհերի փորձը, քննարկվեցին համագործակցությանն ուղված մի շարք առաջարկներ։