Ս․ թ․ մայիսի 3-ին և 4-ին տեղի ունեցավ Գավառի պետական համալսարանի ամենամյա՝ 28-րդ գիտաժողովը, որը նվիրված էր բուհի հիմնադրման 32-րդ տարեդարձին։ Գիտաժողովի մասնակիցներին ողջունեցին և գիտահետազոտական գործունեությունը կարևորեցին համալսարանի համահիմնադիր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանը և բուհի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը։ Գիտաժողովին մասնակցության հայտ էին ներկայացրել 35 բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների 129 ներկայացուցիչներ՝ գիտության դոկտորներ, թեկնածուներ, ինչպես նաև երիտասարդ հետազոտողներ, որոնք հանդես եկան որպես 102 գիտական զեկուցման հեղինակներ և համահեղինակներ։ Լիագումար նիստին ԳՊՀ ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու Վարազդատ Ավետիսյանը ներկայացրեց զեկուցում՝ «Արհեստական բանականությունը կրթությունում. հնարավորություններ և մարտահրավերներ» թեմայով, որից հետո գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին 10 մասնագիտական բաժանմունքներում։ Գիտաժողովի 2 օրերի ընթացքում առցանց ձևաչափով հանդես եկան Գավառի, Երևանի, Շիրակի, Գորիսի պետական համալսարանների, Հայկական պետական մանկավարժական և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանների, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և ազգային ագրարային համալսարանների, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, Հայ-ռուսական համալսարանի, Եվրասիա միջազգային և Երևանի Հայբուսակ համալսարանների, Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի դասախոսները։ Գիտաժողովին իրենց արժեքավոր մասնակցությունը բերեցին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի, ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտների՝ Լեզվի, Պատմության, Հնագիտության և ազգագրության, Արվեստի, Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի, Տնտեսագիտության, Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի, Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի, ինչպես նաև Հայոց ազգագրության և Երևան քաղաքի պատմության թանգարանների գիտաշխատողները։ Ողջունելի է այն փաստը, որ իրենց հետազոտական աշխատանքների արդյունքները ներկայացրին քոլեջների դասախոսներ և դպրոցների ուսուցիչներ Գավառից, Երևանից, Արարատից ու Իջևանից, ինչպես նաև ՀՀ Սահմանադրական դատարանի, պետական այլ մարմինների և մասնավոր ընկերությունների աշխատակիցներ։ Ներկայացվեցին բնական և հումանիտար գիտությունների արդի հիմնահարցերի վերաբերյալ բովանդակալից զեկուցումներ, որոնք ուղեկցվում էին հետաքրքիր քննարկումներով։ Շնորհակալություն ենք հայտնում ԳՊՀ գիտաժողովի բոլոր մասնակիցներին և տեղեկացնում, որ մասնագիտական բաժանմունքների աշխատանքներին կանդրադառնանք առանձին հրապարակումներով։
ԳՊՀ 28-րդ գիտաժողովի կազմկոմիտե